Փնտրվում են իրազեկներ

21/06/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցած ավիավթարի հաջորդ օրը վթարի ենթարկված ինքնաթիռն ապահովագրած «Գրանդ» ապահովագրական ընկերության տնօրեն Արտակ Անտոնյանը հայտարարեց, թե յուրաքանչյուր զոհվածի համար հարազատները կստանան մինչեւ 20.000 դոլար փոխհատուցում: Վթարից 20 օր հետո ընկերությունը սկսեց հարազատների փաստաթղթերի ընդունումը:

Այս գործընթացից նորից մոտ 20 օր է անցել, բայց փաստաթղթերի ընդունումը դեռ չի ավարտվել: Իսկ թե ընդհանրապես ի՞նչ փուլում է ավիավթարի ապահովագրական գնահատումը, ոչ մի տեղեկատվություն չկա: Հասկանալի է՝ ապահովագրողների համար խիստ կարեւոր է սեւ արկղերի վերծանումից ստացված տեղեկատվությունը, ինչը բավականին ձգձգվեց: Բայց դրանից անկախ էլ՝ յուրաքանչյուր ուղեւոր ապահովագրված է եղել եւ պետք է փոխհատուցում ստանա: Երբ «Գրանդ» ընկերության տնօրեն Արտակ Անտոնյանը վթարից հետո հայտարարեց, թե զոհվածների հարազատները փոխհատուցում են ստանալու, նաեւ ասաց, որ ընկերությունն իր ռիսկերը վերաապահովագրել է Լոնդոնի Լլոյթս շուկայի 14 ընկերություններում: Այսինքն՝ այս ընկերությունները պետք է «Գրանդին» փոխհատուցեն ապահովագրավճարը, որ վերջինս էլ բաժանի հարազատներին:

Այս օրերին, երբ վերծանված սեւ արկղերի մասին մեզ կցկտուր տեղեկություններ են հասնում, եւ խորանում է այն կասկածը, թե վթարի պատճառն, այնուամենայնիվ, Սոչիի օդանավակայանում է, հարց է առաջանում, թե հնարավո՞ր է` այդ պատճառով վերաապահովագրողները հրաժարվեն «Գրանդին» փոխհատուցում տալուց կամ էլ սպասվածից քիչ տան: Հետաքրքիր է նաեւ այն հարցը, թե «Արմավիան» ի՞նչ գումարով եւ ի՞նչ տոկոսադրույքով է ապահովագրել իր ինքնաթիռն ու ուղեւորների կյանքը: Մարդկային գործոնը որպես վթարի պատճառ միգուցե այնքան մեծ կգնահատվի, որ լոնդոնյան ընկերությունները չեն համաձայնի ամբողջական փոխհատուցում կատարել: Չէ՞ որ ապահովագրող ընկերությունները միշտ էլ շահագրգիռ են այնպիսի պատճառներ գտնել, որ հնարավորինս քիչ վճարեն: Սակայն, եթե նույնիսկ լոնդոնյան ընկերություններն ինչ-ինչ պատճառներով, այսինքն` ավիավթարի պատճառներից ելնելով, չհամաձայնեն «Գրանդին» փոխհատուցում տալ, ապա վերջինս ինքն է պարտավոր ուղեւորների համար հարազատներին փոխհատուցել, քանի որ յուրաքանչյուր ուղեւոր` տոմսը գնելով, արդեն իսկ իր կյանքն ապահովագրել է:

Ինչեւէ, մենք մեկ անգամ էլ փորձեցինք «Գրանդ» ընկերությունից տեղեկանալ, թե ի՞նչ փուլում է ուղեւորների հարազատներին փոխհատուցում տալու ապահովագրական գործընթացը, սակայն մեզ ընդամենը պատասխանեցին՝ «փաստաթղթերի ընդունումը դեռ ավարտված չէ»:

Վթարից հետո մինչեւ հիմա այդ ընկերությունից հնարավոր չէ ոչ մի տեղեկատվություն ստանալ, հեռախոսազանգին պատասխանող աշխատակցուհիները պատասխանում են, թե այդ հարցերին կարող է պատասխանել միայն տնօրենը, իսկ տնօրեն Արտակ Անտոնյանին այս մեկուկես ամսվա ընթացքում չկարողացանք տեղում գտնել: Երեկ աշխատակցուհիներից մեկը նույնիսկ բարեհաճեց մեզ համար իբր թե զանգահարել իր տնօրենին, սակայն հետո տեղեկացրեց, թե օրվա ընթացքում նա չի լինելու: Երբ մենք ցանկություն հայտնեցինք այցելել ընկերության գրասենյակ եւ տեղեկություններ ստանալ թեկուզ որեւէ այլ մասնագետից, հեռախոսազանգին պատասխանող աշխատակցուհիները, մանավանդ` Արփինեն, համառորեն համոզում էին, որ չգնանք, որովհետեւ իրենց աշխատակիցները տեղում չեն, կարող է եւ չլինեն:

«Գրանդ» ընկերության կողմից տեկեկատվության այսպիսի սահմանափակումը բազմաթիվ կասկածներ է առաջացնում: Ինչո՞ւ նրանք չեն ուզում զոհվածների հարազատներին եւ հանրությանը տեղեկացնել՝ որտեղի՞ց են վերցրել 20.000 դոլար փոխհատուցման չափը, միգուցե այդ գումարն ավելի մե՞ծ կարող է լինել, կամ ե՞րբ են տալու այդ փոխհատուցումները, կամ վերաապահովագրողների հետ արդյոք որեւէ խոչընդոտ չի՞ ստեղծվել:

Երեկ մենք, այնուամենայնիվ, այցելեցինք ընկերության գրասենյակ, տնօրենի ընդունարանում նստած աշխատակիցն ասաց, որ «Արտակը կողքի սենյակում է», իսկ Արփինեն էլ ասաց, որ նա ընդմիջման է դուրս եկել: Ստացվեց, որ Ա.Անտոնյանն, այնուամենայնիվ, գրասենյակում է եղել, սակայն խուսափել է մեզ հետ հեռախոսով խոսել թե՛ առավոտյան, թե՛ կեսօրից հետո, երբ գրասենյակում էինք: Մենք այդպես էլ չկարողացանք այդ ընկերության մասնագետներից որեւէ մեկին հանդիպել եւ որոշակի տեղեկություններ ստանալ: Ընկերության մի քանի աշխատակցուհիներ իրար խոսք կտրելով վաղուց հայտնի մի երկու տեղեկություններ փոխանցեցին: Մեկը նույնիսկ ասաց, թե 20.000 դոլար գումարի չափը վերցրել են ինչ-որ միջազգային պայմանագրերից, որի մասին ինքը շատ բան չգիտի, մյուսը նրան ուղղեց, թե դա երեւի Վարշավայի կոնվենցիայում էր նշած, եւ էլի նման մի քանի մոտավոր ու անլուրջ պատասխաններ: Փորձեցինք գոնե ընկերության իրավաբանի միջոցով որոշ բաներ ճշտել, բայց նա էլ տեղում չէր, եւ այդպես շարունակ: Ինչքան էլ փորձենք ենթադրությունների ու կասկածների վրա չհիմնավորվել, միեւնույն է` տեղեկատվության նման սահմանափակումը ստիպում է մտածել, որ «Գրանդում» փոխհատուցման հետ կամ փոխհատուցման չափի հետ կապված ինչ-որ ստվերային հաշվարկներ են կատարվում: Չէ՞ որ «Գրանդն» էլ ապահովագրական ընկերություն է եւ ինքն էլ է մյուսների նման աշխատում հնարավորինս սեղմ հաշվարկներ անել, թեկուզ դա վերաբերի ավիավթարի նման ողբերգական պատահարի: Ուղղակի ցավալին այն է, որ ստիպված գործ ունենք «Արմավիայի» եւ «Գրանդի» նման ընկերությունների հետ, որտեղ, մեր կարծիքով, շատ անլուրջ ու ոչ պրոֆեսիոնալ վիճակ է տիրում, եւ որոնց ղեկավարներին ընդհանրապես չի հետաքրքրում իրենց հաճախորդի կյանքը, առավել եւս` հաճախորդներին մատուցած ծառայությունների բարձր մակարդակը: