50 միլիոն դոլար՝ հայերի սպանության համա՞ր

21/06/2006 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

«Ես ցանկանում էի Մոսկվայի մետրոյով միայնակ ուղեւորվել, ինչպես անում եմ աշխարհի բոլոր երկրներում։ Դեռ չեմ հասցրել, գուցե անեմ այսօր երեկոյան։ Սակայն իմ բոլոր գործընկերները խորհուրդ են տվել չդիմել այդ քայլին։ «Վտանգավոր է»՝ ասում են»,- այսպես է արտահայտվել ռասիզմի, ռասայական խտրականության եւ քսենոֆոբիայի թեմաներով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող սենեգալցի Դուդու Դյենը, ով Մոսկվա է ժամանել, որպեսզի սեփական փորձի վրա ուսումնասիրություններ կատարի, թե որքանով է այսօր ռուս հասարակության մեջ արմատացած ռասիզմն ու քսենոֆոբիան՝ օտարավախությունը։

Մի քանի շաբաթ Դուդու Դյենն իր ուսումնասիրությունները կկատարի Ռուսաստանում։ Վերջում նրա պատրաստած զեկույցը կուսումնասիրեն ՄԱԿ-ի փորձագետները, որից հետո այն կուղարկվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ։ «Իմ զեկույցի մեկ օրինակն էլ ուղարկվելու է Ռուսաստանի իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ուղղել իրենց սխալները»,- ասել է սենեգալցի Դուդու Դյենը։

Չնայած Ռուսաստանի տարածքային եւ «հեղինակային» հզորությանը՝ ռուսներին այլեւս չի հաջողվում քողարկել այն բոլոր բռնություններն ու մարդասպանությունները, որոնք այսօր տեղի են ունենում այդ «հզոր» երկրում՝ ոչ սլավոնական արտաքինով մարդկանց նկատմամբ։ Միայն այս տարի ազգային ատելության հողի վրա Ռուսաստանում եղել է 386 հարձակման դեպք, որի հետեւանքով 31 մարդ մահացել է։ Սա, իհարկե, բավական լուրջ թիվ է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ունեն «մուգ մաշկ, սեւ մազեր» ու ապրում են Ռուսաստանում։

«Մի՛ փաթաթեք մեր վզին»

Ռուսական, արեւմտյան, հայկական ու ադրբեջանական մամուլն այսօր ակտիվորեն քննարկում է «ռուսական ֆաշիզմը»՝ փորձելով մեղավորներ եւ «հարմար» բացատրություններ գտնել այս խնդրին։ Ենթատեքստում շատ մտահուզող պատճառներ են ի հայտ գալիս, որոնք թեպետ կարող են ունենալ իրենց տրամաբանական բացատրությունները: Սակայն ակնհայտ փաստերի բացակայության դեպքում դրանք ընդամենը «վարկած» են համարվում։ Վարկածներից մեկն էլ խոսում է այն մասին, որ այն ամենն, ինչ կատարվում է հայերի դեմ Ռուսաստանում, «հատուկ պատվեր է», որի պատվիրատուներն ադրբեջանցիներն են, իսկ կատարողը՝ ռուսները, կամ դերերը փոխվում են։ Ադրբեջանական կայքերից մեկը կոչ էր անում հայերին` «ավելի զգոն լինել եւ Ռուսաստանում հայերի սպանությունները չփաթաթել ադրբեջանցիների վզին, քանզի այդ «հզոր» երկրում դաժանաբար սպանվում են նաեւ ադրբեջանցիներ, իսկ ռուսները պարզապես երկակի խաղ են խաղում»։ Ադրբեջանցիների այսպիսի «կոչն» ունի իր տրամաբանական բացատրությունը։ Վերջիններիս մտահոգել է օրեր առաջ «Ռեգնում»-ում հրապարակված մի հոդված, որտեղ Երեւանում կլոր սեղանի բանակցությունների ընթացքում «Վլադիմիր Պուտինի մերձավոր, 1999-2001թթ. Ռուսաստանի ԱԳՆ խորհրդական Վսեւոլոդ Մարյանը» հետեւյալ կերպ է արտահայտվել Ռուսաստանում հայերի դեմ կատարվող հանցագործությունների մասին. «Յուրաքանչյուր տարի Ռուսաստանում ադրբեջանական խմբավորումները 50 միլիոն դոլար են տրամադրում՝ հայերի սպանության համար»,- ըստ ադրբեջանական թերթի` ասել է Մարյանը եւ ընդգծել, որ մամուլում դեռեւս չարիքի փոքրագույնն է ներկայացված, եւ որ իրականում «վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստանում ամենաքիչը 3000 հայ է սպանվել»։ Ադրբեջանական «Էխո» թերթին դուր չի եկել հատկապես Մարյանի վերջին հայտարարությունը. «Յուրաքանչյուր անձ՝ հարուստ թե աղքատ, կարող է դառնալ Ռուսաստանի նացիոնալիստական քաղաքականության զոհը։ Դա ոչ թե վերաբերում է կովկասցիներին, այլ կոնկրետ հայերին։ Այն ժամանակ, երբ հայերը «համեստաբար փող են աշխատում Ռուսաստանում», ադրբեջանցիները Ռուսաստանի իշխող համակարգերում հարաբերություններ են ստեղծում»,- ըստ ադրբեջանական թերթի՝ ասել է Մարյանը։ Մարյանի այս հրապարակումներից բորբոքված՝ ադրբեջանցիներն արձագանքում են. «Հիշեցնենք Մարյանի տիպիներին, թե ինչքան ադրբեջանցի, տաջիկ, վիետնամցի, աֆրիկացի է սպանվել Ռուսաստանում «սքինհեդների» ձեռքով։ Մոսկվայում հայերի սպանությունը սրել է իրավիճակը ոչ միայն Երեւանում, այլեւ՝ Մոսկվայում։ Ռուսաստանի քաղաքական գործիչները թերեւս վախենում են, որ այս սպանությունների հետեւանքով կկորցնեն Հարավային Կովկասում իրենց միակ աջակցին՝ Հայաստանին։ Մոսկվան հասկանում է, որ այլեւս լռել չի կարող, պետք է պատասխանել։ Այդ իսկ պատճառով ռուսները «մեղքի իրենց բաժինը գցում են մեր՝ ադրբեջանցիներիս վրա»՝ սարքելով մեզ քավության նոխազ»,- գրել է թերթը։

«Նարնջագույն հեղափոխություն»՝ սքինհեդների օգնությամբ

«Վիրավորական է»,- գրում են ադրբեջանցիներն ու հիշեցնում թե՛ մեզ՝ հայերիս, թե՛ ռուսներին, թե ինչքան ադրբեջանցի երեխա է սպանվել Ռուսաստանում, որոնց առնչությամբ հարուցված քրեական գործերը պարզապես մոռացության են մատնվել։ Ադրբեջանցիները հիշում են նաեւ, թե ինչպես Ռուսաստանի Վիխենո շրջանում ոստիկանները ծեծի ենթարկեցին 5 տաջիկ ուսանողների։ Հատուկ՝ հայերիս համար, հիշեցնում են, թե ինչպես քրեական պատասխանատվությունից ազատվեց Ալեքսանդրա Իվանիկովա անունով մի ռուս աղջիկ, ով մեղադրվում էր հայ տղայի՝ Սերգեյ Բաղդասարյանի սպանության մեջ։ Այս օրինակները բերելով՝ ադրբեջանցիները մեղավորների ցանկում, սքինհեդներից բացի, տեսնում են նաեւ Ռուսաստանի իշխանություններին, որոնք հատուկ «առաքելություն են» կատարում։ «Իրականում այս երկու օղակները համագործակցում են,- գրում է ադրբեջանական թերթը,- Եվրոպացի վերլուծաբաններն, ի վերջո, եկել են այն եզրակացության, որ աստվածացնելով սքինհեդներին՝ Ռուսաստանի իշխանությունները հույս ունեն, որ վաղը «սափրագլուխներին» կօգտագործեն «Նարնջագույն հեղափոխության» համար»։ Ադրբեջանական մամուլը վատ հիշողություններ ունի նաեւ «պոզներական» «Վրեմենա» հաղորդումից, որտեղ «արդեն գարեջրով կշտացած «սքինն» «ազգային էլիտայի ինտելեկտուալ դասակարգման» անդամ դառնալու նկատառումներով», դահլիճում քննարկում է, թե ինչպես Կովկասցի կանանց զրկել Պուտինի խոստացած մայրական նպաստից, փոխարենն այն սլավոնուհիներին հատկացնելու համար։ «Սա արդեն հիշեցնում է հիտլերական Գերմանիան»,- գրում է թերթը։

Ադրբեջանական մամուլում այս իրարանցումը հասկանալի բացատրություն ունի։ Արդեն թշնամի պետություններ Հայաստանն ու Ադրբեջանը քիչ խնդիրներ չունեն ու «50 միլիոն դոլարանոց» մեղադրանքները հաստատ ավելի լուրջ խնդիրների առիթ կդառնան։ Սա, թերեւս, ձեռք է տալիս «երրորդ» կողմին, որն այս դեպքում կկարողանա նորից հանդես գալ «հաշտեցնողի» դերում։ Ինչեւէ, մենք զերծ ենք մնում որեւիցե ենթադրությունից՝ գնահատելով ադրբեջանական այս հրապարակումը զուտ որպես «հնարավոր վարկածներից» մեկը, ոչ ավելին։ Իսկ այն ամենը, ինչ այսօր կատարվում է Ռուսաստանում այլազգիների նկատմամբ, ակամայից մեզ հիշեցնում է Ամերիկան 19-րդ դարում, երբ սեւամորթները սպանվում էին զուտ այն պատճառով, որ սեւամորթ են: Այս դեպքում մեզ մնում է հուսալ միայն, որ Աբրահամ Լինկոլնների ու Մարտին Լյութեր Քինգերի ժամանակը շուտով կգա։

Հ.Գ. Մոսկվայում նոր տիպի ռեստորաններ են բացվել, որտեղ կովկասցիների մուտքն արգելված է։ Տագանսկայա հրապարակում բացված ռեստորանը, որ կոչվում է «Ստոյ! Կա», իրականում «Ստոյ, Կավկազեց» բառակապակցության հապավումն է, ինչը ռուսերենից թարգմանած նշանակում է՝ «Կանգնի՛ր, կովկասցի»։ Ռեստորանի մոտ կանգնած է հսկիչ, ով կովկասցիներին պարզապես չի թույլատրում ներս մտնել։