Հիշեցնենք, որ հոդվածը Մասիսի Արբաթ գյուղի երկաթե վագոնի մեջ ապրող Թերեզա եւ Ստեփան ամուսինների մասին էր, ովքեր 4 երեխաներ ունեն եւ ապրում են սարսափելի պայմաններում, ինչի պատճառով երեխաներից ամեն մեկը տառապում է տարբեր հիվանդությամբ:
«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմինե Հարեյանի հետ այցելեցինք այս ընտանիքին: «Մեր կազմակերպությունը զբաղվում է միայնակ տարեցներով եւ փախստականներով, մեր հիմնական մանդատը, որից աշխատում ենք չշեղվել՝ միայնակ տարեցներին սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցելն է: Քանի որ ես ի պաշտոնե հետեւում եմ մամուլին՝ «168 Ժամում» Թերեզայի ընտանիքի մասին նյութը կարդալով` շատ տպավորվեցի, եւ մեր նախագահին ցույց տալով՝ որոշեցինք օգնել այս ընտանիքին»,- նշեց Ա. Հարեյանը, ով «Առաքելություն Հայաստան» կազմակերպության նախագահի հանձնարարությամբ արդեն քանի անգամ հոգատարությամբ այցելում է Թերեզայի ընտանիքին: Կազմակերպությունն այս ընտանիքի համար գումար է հատկացրել, որով որոշակի սննդամթերք է տրամադրվել, բացի դրանից, մեր այցելության ժամանակ կազմակերպության ներկայացուցիչները հագուստներ նվիրեցին այս ընտանիքին: «Նախորդ այցելության ժամանակ երեխաների տվյալները ճշտեցի, որպեսզի մեր պահեստից նրանց համար դուրս գրեինք, եւ հետո նաեւ որոշեցինք նրանց 8 տարեկան երեխային, ով աչքի պրոբլեմ ունի, ինչ-որ կերպ աջակցել: Հարությունին մենք տարանք ակնաբուժական կենտրոն, որպեսզի կարողանանք տղային օգնել»,- վստահեցնում է Ա. Հարեյանն, ով Թերեզայենց նաեւ առաջարկել է օգտվել իրենց կազմակերպության բարեգործական ճաշարանից: Թերեզայի եւ 4 երեխաների համար այս օգնությունն իսկական տոն էր. նա այնքան հուզված էր, որ հազիվ կարողանում էր իր գոհունակությունն արտահայտել. «Ես անչափ շնորհակալ եմ «168 Ժամ» թերթից, որը մեր ընտանիքի վատ վիճակի մասին ներկայացրեց ու ձեռք մեկնեց: Ճիշտ է, ես միշտ ամաչել եմ ինչ-որ մարդկանց դիմել, բայց միշտ ինչ-որ ներքին զգացում ունեի, որ մի լույս բացվելու է: Շնորհակալ եմ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունից, որ մեր ընտանիքի համար այսքան բան արեց»,- ասում է Թերեզան, ով համապատասխան բառեր չի գտնում իր շնորհակալությունն արտահայտելու համար: