«Ռուսաստանի իրավապահ մարմինները պետք է կատարվածին արձագանքեն կոշտ՝ գործելով արագ, հստակ ու հասկանալի»,- Ռուսաստանի Հարավային դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը՝ նկատի ունենալով Ռուսաստանում հայերի սպանության դեպքերը: Զրուցակիցները դատապարտել են վերջին ամիսներին Ռուսաստանում ազգայնական հիմքով տեղի ունեցած սպանությունները եւ նշել, որ նման դեպքերը չեն բխում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդի շահերից: Դմիտրի Կոզակն ասել է, որ Ռուսաստանի հարավում բնակվում է ամենամեծաթիվ հայ համայնքը, եւ նրա ներկայացուցիչները լավագույնս ներգրավված են տարածաշրջանի կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Երեկ Կոզակին ընդունել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II Ամենայն հայոց կաթողիկոսը: Անդրադարձ է եղել նաեւ վերջերս Ռուսաստանում տեղ գտած սպանություններին, որոնց զոհ էին դարձել մեր հայրենակիցները։ Նշվել է, որ նման երեւույթները չեն բխում հայ եւ ռուս ժողովուրդների եւ երկու պետությունների շահերից եւ բարեկամական ջերմ հարաբերություններից: