Ախր ես ինչպե՞ս հայտարարություն անեմ

18/06/2006

Անդրադառնալով ՌԴ-ում վերջին շրջանում հաճախակի դարձած հայերի սպանություններին, Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ իրենք չեն կարող դրա վերաբերյալ որեւէ հայտարարություն անել: Իսկ պատճառը, նրա խոսքերով, այն է, որ չունեն մի շարք հարցերի պատասխաններ: «Եթե հակադարձենք, իրենք էլ կասեն, թե` ինչպե՞ս կբացատրեք, որ վերջին 5 տարիների ընթացքում ձեր Մայր Հայաստանում 2396 հայեր ինքնասպանության փորձ են արել, եւ 1600-ն ինքնասպան է եղել: Մենք այդ հարցի պատասխանը չունենք: Կհարցնեն, թե ինչպե՞ս հասկանանք եւ ինչպե՞ս բացատրենք, որ անցած տարիների ընթացքում առնվազն 1.5մլն հայեր ՌԴ են փախել: Նույնը կարող է ասել նաեւ ԱՄՆ-ը: Մենք այդ հարցերի պատասխանն ունենք, բայց չենք ուզում էլ ավելի վատացնենք ՀՀ իշխանությունների` առանց այն էլ մազից կախված վիճակը, քանի որ առջեւում ԼՂՀ հարցի վճռական փուլն է»,- իրեն յուրահատուկ պաթետիկ ոճով հայտարարեց նա: