Դրախտի եւ դժոխքի արանքում

18/06/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ակցիան սկսվել էր դեռ չորեքշաբթի օրը, երբ Կենտրոնական բանկի շենքում ԱՄՀ-ն իր հայաստանյան գործունեությանը նվիրված սեմինար էր կազմակերպել։ Երեկ նույն թեմայով լսումներ էին կազմակերպվել նաեւ Ազգային ժողովում։

Գլխավոր զեկուցողը՝ ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի տեղակալ Ջուլիանո Բերենգոն նշեց, որ ԱՄՀ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը սկսվել է դեռ 1992 թվականից, եւ Հայաստանի տնտեսական ցուցանիշներն այն ժամանակվա համեմատ «շատ տպավորիչ են»։ Ելույթից հետո հարցերը բավական շատ էին, եւ, ինչպես սպասվում էր, դրանք վերաբերում էին դրամի արժեւորմանը։

Պրն Բերենգոյի պատասխաններն էլ շատ չէին տարբերվում ԿԲ նախագահ Տ. Սարգսյանի եւ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Ջեյմս Մաքյուի արտահայտած մտքերից։ Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ ԿԲ գլխավոր խնդիրը գների կայուն մակարդակի ապահովումն է, եւ դրա հետ կապված ԿԲ-ն կարճաժամկետ հատվածում ինչ-որ չափով կարող է կարգավորել փոխարժեքը։ Սակայն երկարաժամկետ տեսանկյունից փոխարժեքը պետք է ձեւավորվի շուկայում։

Ընդունելով հանդերձ, որ շատ մարդիկ տուժում են, քանի որ եկամուտներ են ստանում եւ խնայողություններ են պահում դոլարով, Ջ. Բերենգոն, այնուամենայնիվ, փորձում էր մեզ մխիթարել. «Պետք է հասկանալ, որ դրամի արժեւորումն արտացոլում է ձեր տնտեսական աճն ու արտադրողականության բարձրացումը»։ Մասնակիցների այն պնդմանը, որ տնտեսական աճն ինքնանպատակ չպետք է լինի, այն պետք է նպաստի նաեւ արդյունաբերության զարգացմանը, իսկ դրամի արժեւորումը հարվածում է արտահանողների շահերին՝ պրն Բերենգոն պատասխանեց. «Իհարկե, արտահանողների հարցը կարեւոր է եւ պետք է մտահոգվել դրանով, սակայն այն պայմանավորված է ոչ միայն փոխարժեքով, այլեւ ուրիշ գործոններով»։

Աժ պատգամավոր Թաթուլ Մանասերյանն իր ելույթում նշեց, որ եթե ներմուծողները մինչ այս ստանում էին նորմալ շահույթ, մոնոպոլ (քանի որ շատ ապրանքատեսակների ներմուծումը մոնոպոլացված է) եւ ստվերային շահույթ, ապա դրան գումարվել է եւս մեկ կատեգորիա՝ գերշահույթ, որը պայմանավորված է դրամի արժեւորմամբ։ «Այդ դեպքում ողջամիտ չի՞ լինի, եթե այդ գերշահույթների վրա լրացուցիչ հարկեր դնենք եւ գումարներն ուղղենք անապահով խավի կարիքներին»,- հարցրեց պատգամավոր Թ. Մանասերյանը։ ԱՄՀ ներկայացուցիչն այդ քայլը ողջունելի չհամարեց. «Որքան շահույթն ավելանում է, այնքան էլ ավելանում է վճարած շահութահարկը։ Անկախ շահույթի չափից, հարկման բազան պետք է նույնը լինի, տարբերություն չպետք է լինի»։ Իսկ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովն ընդմիջմանը բանավիճում էր ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանի հետ։ Վերջինս պնդում էր, որ դրամի արժեւորումը զսպելու դեպքում սղաճ կառաջանա, որը վնաս է սպառողներին։ Իսկ այն պնդումը, թե տրանսֆերտների 60%-ը գնում է հենց սպառողներին, մանավանդ՝ անապահով խավին, Վ. Գաբրիելյանը համարում է «միֆ»։ Այդ թիվը, նրա խոսքերով, կազմում է 30%։ Էդուարդ Աղաջանովը երկար վիճելուց հետո խոստացավ իր ելույթի ընթացքում փաստերով ապացուցել, թե «ԿԲ-ի եւ ներմուծողների համատեղ «արիշ-վերիշների» արդյունքում առաջացած դրամի արժեւորումն ինչ վնասներ է հասցրել արդյունաբերությանը։ Սակայն Է. Աղաջանովի ասածների մեջ նոր բան այդպես էլ չգտանք։ «Այս քաղաքականությամբ մենք մեր արտադրության հերն ենք անիծում»,- ասաց տնտեսագետը եւ ափսոսանք հայտնեց, որ ԿԲ նախագահը ներկա չէ, որպեսզի հենց նրանից անձամբ իմանար, թե արտահանողները նրան ի՞նչ վատություն են արել։

Նշենք, որ լսումները տեւեցին գրեթե 6 ժամ։ Սակայն ոչ ոք չկարողացավ այդ ընթացքում իր տեսակետը համոզել հակառակ տեսակետն ունեցողին: Վերջում ամեն մեկը նորից մնաց իր կարծիքին։ Շատերը ԱԺ Նիստերի դահլիճ եկել էին դրամի փոխարժեքի հետ կապված նորմալ պատասխաններ լսելու ակնկալիքով, սակայն ոչ մի նոր բան չհնչեց։ Իսկ ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը բավական հետաքրքիր որակում տվեց գլխավոր զեկուցող Ջ. Բերենգոյին. «Զեկուցողն ասաց այն, ինչ կարող էր ասել ԱՄՀ ներկայացուցիչը։ Բայց հարցերին պատասխանելիս ես զգացի, որ նա՝ որպես մարդ եւ որպես մասնագետ, ճնշված է, որովհետեւ գիտի, որ ԱՄՀ-ի ծրագրերը Հայաստանում ինքնաբավ եւ արդյունավետ չեն»։

Նշելով, որ ԱՄՀ-ն Հայաստանում «եվրոռեմոնտ» է իրականացնում, Հ. Խաչատրյանը բավական թափանցիկ ակնարկ արեց, թե պետք չէ ամեն հարցում համաձայնել միջազգային կազմակերպությունների հետ։

Իսկ տնտեսագետ-պատգամավոր Թ. Մանասերյանն իր ասելիքը հիմնականում ձեւակերպեց հարցերի միջոցով, օրինակ՝ ԱՄՀ մասնագետներն ինչպե՞ս են չափել, որ կոռուպցիայի կամ ստվերայնության մակարդակն իջել է, ի՞նչ պետք է անել ԿԲ-ի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, կամ ինչո՞վ է ԱՄՀ ներկայացուցիչը համոզված, որ ՀՀ-ում աղքատությունը նվազել է։ Վերջին հարցին Ջուլիանո Բերենգոն պատասխանեց, թե առաջին հերթին պաշտոնական վիճակագրությունը տալիս է դրա ընդհանուր պատկերը, իսկ երկրորդ՝ ինքը նախկինում էլ է այցելել Հայաստան եւ այցելությունների ժամանակ նկատում է, որ առաջընթաց կա։ ԱՄՀ-ի՝ վերջին օրերին ցույց տված ակտիվությունը հետաքրքիր հարցադրում է առաջ քաշում. եթե ԿԲ-ն, ինչպես պնդում են շատերը, ներքաշված է ներմուծողների հետ ինչ-որ «խաղերի» մեջ եւ դրամի արժեւորումից ունի իր շահը, ապա ինչո՞ւ է ԱՄՀ-ն կրծքով պաշտպանում այս կառույցին։ Դժվար է հավատալ, որ ԱՄՀ-ն, որի միջոցները չափվում են հարյուր միլիարդ դոլարներով, մի քանի կոպեկի համար վտանգի կենթարկի իր հեղինակությունը, թեկուզ այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է։ Սակայն Հ. Խաչատրյանը թերեւս սխալվում էր. ԱՄՀ ներկայացուցիչն ընդհանրապես չի կարող ճնշված վիճակում լինել, այն պարզ պատճառով, որ այս կառույցը մեզ տարիներ շարունակ փող է տալիս, մենք էլ, թեկուզ ամաչելով, բայց հաճույքով վերցնում ենք՝ իմանալով, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը։

Թ. Մանասերյանը վերջում նկատեց՝ քանի դեռ չենք որոշել, թե որն է մեր տնտեսական քաղաքականությունը, այս քննարկումներն օգուտ չեն տա, որովհետեւ արժութային քաղաքականությունը պետք է ծառայի տնտեսական քաղաքականությանը։ Այսինքն, պետք է որոշել՝ մենք ի՞նչ երկիր ենք ուզում լինել՝ ագրարայի՞ն, ինդուստրիա՞լ, առեւտրայի՞ն, ծառայություններ մատուցո՞ղ, թե՞ ինչ։ ԱՄՀ-ի «հուշած» ուղին տանում է դեպի վերջին երկուսը։ ՀՆԱ-ի մեջ արդյունաբերության տեսակարար կշռի ավելի քան 2 անգամ փոքրանալը Թ. Մանասերյանն իր համար համարում է անպատվություն, սակայն ԱՄՀ-ի համար դա ամենեւին էլ նշանակություն չունի։ Իսկ մեր իշխանությունների համար՝ չգիտենք՝ ունի՞, թե՞ ոչ։ Համենայնդեպս՝ նրանք չեն դժգոհում եւ դեռ ավելին՝ ամեն պատեհ առիթով խոսում են երկնիշ տնտեսական աճի մասին եւ ընթանում ԱՄՀ նախանշած ուղով։ Թե ուր կտանի այս ուղին՝ դժվար է ասել։ Համենայնդեպս, «տելեւիզորի» մարդկանց լսելով` կարծես թե՝ էլ անցնելու ճանապարհ չունենք՝ արդեն հասել ենք։ Ոմանց կարծիքով՝ դրախտ, մյուսների կարծիքով՝ դժոխք։