Ինչ կլիներ, եթե չլիներ ԽՍՀՄ փլուզումը եւ Հայաստանի անկախացումը, կամ ով՝ ով կլիներ։ Պարզ է՝ քաղաքականության մեջ «եթե»-ներով չեն խոսում, բայց սա քաղաքականություն չէ, այլ դիտարկում, կամ եթե կուզեք՝ մտավարժանք։ Հայաստանի անկախացումը, որին սպասում էին հատուկենտ մարդիկ, հազարների ճակատագիր փոխեց։ Բազմաթիվ մարդիկ ոչինչ էին եւ դարձան ինչ-որ բան, շատերը կորցրեցին եւ՛ տարիների ձեռքբերումները, եւ՛ վաստակը, եւ՛ ունեցվածքը։ Սա հեղափոխությունների տրամաբանությունն է, անկախ նրանից՝ այն թավշյա՞ է, թե՞ զինված, եւ այս տրամաբանությանը չենթարկվել չես կարող, այն օբյեկտիվ է եւ սուբյեկտիվ հանգամանքների հետ հաշվի չի նստում։ Այլ հարց է, թե ինչքան է այն մեզ դուր գալիս, եւ ինչ ենք մտածում դրա բերած անակնկալների մասին կամ ինչը կուզենայինք, որ այլ կերպ լիներ։
Եվ այսպես՝ ի՞նչ կլիներ, եթե այսպես չլիներ։
Ջեռուցում կլիներ։ Կենտրոնացած։ Եվ հայկական ձմեռներն այսքան տաղտուկ չէին լինի, Արշակ Սադոյանը համալսարանում ուսանողներին ուրախացնող գիտական աստիճան չունեցող քիչ դասաժամերով, այնքան, որ հարյուր ռուբլին ապահովեր, դասախոս կլիներ եւ ոչ չափածո ելույթներ ունեցող պատգամավոր։ Նա խանդով ու նախանձով կնայեր նույն համալսարանի դասախոսներ Վազգեն Մանուկյանին ու Բաբկեն Արարքցյանին, ովքեր հարգանք են վայելում, ճանաչում են շատ մտավորականների, մտերիմ են Սիլվա Կապուտիկյանին եւ մասնակցում են իր համար անհասանելի ինչ-որ կիսալեգալ ակումբի աշխատանքներին։ Նա որեւէ առնչություն չէր ունենա պատմաբան եւ բանասեր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ նրան անունով դիմելու իրավունք երբեք չէր ունենա։
Բլեյան Աշոտը չէր լինի ո՛չ պատգամավոր, ո՛չ նախարար, ո՛չ կալանավոր։ Նա կկարողանար ստեղծել իր դպրոցը՝ ուսումնական ու դաստիարակչական իր մեթոդով, որի մեջ անպայման կներառվեր եւ իր ուրույն տեղը կգրավեր կոմունիզմի ոգով երեխաների գաղափարական դաստիարակությունը, որի իրականացման ողջ պատասխանատվությունը դրած կլիներ իր գաղափարակից եւ ուս. գծով տեղակալ Աշոտ Մանուչարյանի վրա։ Աշոտ Մանուչարյանը շրջապատի ամենածանրաբեռնված մարդն էր լինելու։ Նա պետք է հասցներ համակարգել դպրոցի, համալսարանի եւ մի քանի խումբ-խմբակների կոմերիտական աշխատանքները, կազմակերպել ուսանողական ջոկատներ Մագադան, չիմանալով, որ այնտեղի բանտում նստած է մի Անկախ Հայաստան երազող, որի երազած Հայաստանում նա լուրջ պաշտոններ է գրավելու, նա պետք է հասցներ վիճել բյուրոկրատների հետ, անարգանքի սյունին գամել իրականությանը խորթ յուրաքանչյուր երեւույթ։ Եվ այս ամբողջն՝ անվճար։ Նրա համար ամենաթանկ կուսակցական տոմսն էր լինելու։ Նրա առաջարկով դպրոցից կհեռացվեր սիստեմատիկաբար դասերից բացակայող եւ պատմության դասաժամերին երեխաներին Անդրանիկի մասին եւ այլ ազգայնական պատմություններ պատմող, պատմության ուսուցիչ Սամսոն Ղազարյանը։
Վազգեն Սարգսյանը, ցեմենտի գործարանի կոմերիտմիությունում ամրապնդվելուց եւ «Գարունում» հրապարակվելուց հետո, իրեն դեպի կոմերիտմիության կենտկոմ թռիչքին կզգար պատրաստ եւ ի վիճակի՝ աշխատանքի հարցում եղբայրներին օգնելու։
Բոլոր վարորդները վարորդներ կմնային, նրանցից եւ ոչ մեկը գեներալ չէր դառնա, գեներալ չէր դառնա եւ ոչ մի քրեական հանցագործ ու ռուսական բանակի հայ պրապորշչիկ։
Դաշնակները դաշնակ չէին լինի, կլինեին կոմունիստ, ոմանք՝ գաղափարական, իսկ ոմանք, հիմնականում՝ շարքայինները, Հովհաննես Շիրազի ու Սերո Խանզադյանի գրքերը կարդացող սովորական հայեր։
Ստեփան Դեմիրճյանը օպոզիցիոներ չէր լինի, կլիներ իշխանություն ու դրան կից ամեն ինչ։ Այսօրվա ՀԺԿ-ի դեմ բոլոր պայքարողներն ու չպայքարողները, Ստեփան Դեմիրճյանին հայհոյողներն ու չհայհոյողները կերազեին ճանաչել Ստեփանին, իսկ ով ճանաչում էր, կհպարտանար այդ ծանոթությամբ, իսկ նա կապրեր՝ չիմանալով, որ հնարավոր է անգամ միտք անկախ Հայաստանի մասին, որ ԽՍՀՄ-ից բացի այլ երկիր է հնարավոր, ուր ինքն ապրելու ու պայքարելու է, քննարկելով՝ գնալ սահմանադրակա՞ն, թե՞ ոչ սահմանադրական ճանապարհով։ Սահմանադրությունը կլիներ ընդամենը չկարդացվող գրքույկ, այլ ոչ ճանապարհ։
Սերժ Սարգսյանը Բաքվի կուսակցական կենտկոմում հրահանգիչ կամ բաժվար էր լինելու եւ զբաղվելու էր Խորհրդային Ադրբեջանի անբաժանելի մաս Ղարաբաղի հարցերով։ Նա կուս. հանձնարարությամբ հաճախ էր գալու Ղարաբաղ՝ կուս. աշխատողների մեջ բացատրական աշխատանք տանելու հանձնարարականով։
Գործարաններից մեկի կուս. քարտուղար Քոչարյան Ռոբերտը տարբեր ծանոթների միջոցով փորձեր էր անելու հատուկ ծանոթություն հաստատել նրա հետ, բայց ինքը կմերժեր։ Այդպես էլ կասեր. «ինչպես ուրիշները՝ այնպես էլ ինքը, թող գնա, աշխատի»։ Քոչարյանը, տեսնելով նման վերաբերմունք, կփորձեր կապեր հաստատել Երեւանում Դեմիրճյանների հետ։ Կամ Բաքվում կամ Երեւանում մարդ պետք է ունենաս, այլ կերպ չես ապրի։
Արամ Գասպարի Սարգսյանը կլիներ ԽՍՀՄ կենտրոնական թերթերից մեկի Ճ կլասի թղթակից, քանի որ հայաստանյան լուրերն այդ թերթի համար լինելու էին անհետաքրքիր։
Արա Սահակյանը հանրագիտարանում հոդվածներ կխմբագրեր՝ հեղինակներից պահանջելով՝ թեման դիտարկել մարքս-լենինյան լույսի ներքո, հակառակ դեպքում՝ համապատասխան ընդգծումներ, ուղղումներ եւ բացականչական նշաններ դնելուց հետո, նյութը կվերադարձներ հեղինակին։
Ալեքսանդր Արզումանյանը ոչ նախարար, ոչ էլ նախկին նախարար չէր լինի, բայց կլիներ շրջապատի ամենակարդացած մարդկանցից մեկը եւ կունենար մեծ գրադարան, իհարկե՝ ռուսերեն, որովհետեւ հայերեն մեծ գրադարան լինել չէր կարող։
Ալբերտ Բազեյանը կլիներ բռնցքամարտի մարզիչ։ Նրա սաները բոլոր մարտերն էլ կպարտվեին, բայց յուրաքանչյուր պատմության համար նա կունենար յուրահատուկ բացատրություն ու պատճառաբանություն։
Օլիգարխներից յուրաքանչյուրը կլիներ այնտեղ, որտեղ որ էր։ Ոմանք տարբեր գործարանների տարբեր արտադրամասերում մտավոր կարողություն չպահանջող աշխատանք կկատարեին, իսկ ոմանք կլինեին բանտերում՝ իրենց կատարած քրեական հանցագործությունների համար։
Մերուժան Տեր-Գուլանյանը՝ «Գարունը» թողնելով, կտեղափոխվեր կենտկոմի պրոպագանդայի բաժին եւ ամենուր կհպարտանար «Գարուն» բերած կադրերով, օրինակ՝ Տիգրան Պասկեւիչյանով, որը եւ՛ լավ բանաստեղծ է, եւ՛ խմբագրության լավ աշխատակից։
Աննա Իսրայելյանը «Կարպետագործ» թերթից արդեն տեղափոխված կլիներ «Ավանգարդ» եւ իր հոդվածներում վեր կհաներ ժամանակի ոգուն խորթ երեւույթները, ինչպիսիք են աչքակապությունը, բյուրոկրատիան եւ պլանային հավելագրումները։ Նա պատկերացում անգամ չէր ունենա պառլամենտական լրագրության, կուսակցական ճեպազրույցների եւ չպատվիրված հարցազրույցների մասին։
Շեկոյան Արմենը կլիներ հայտնի բանաստեղծ, ինչպես որ է, եւ տարին մի քանի անգամ շրջաններ կգնար՝ աշխատավորներին հանդիպելու նպատակով, եւ գյուղական ակումբներում կկարդար իր բանաստեղծությունները։ Նա բարձր հոնորար կստանար, ամեն տարի ծովափ կգնար, բայց «Երեւան հյուրանոցը» չէր գրի եւ «Աստված» կգրեր փոքրատառ։
Վիոլետ Գրիգորյանի բանաստեղծությունները հատուկ սիրո կարժանանային ուսանողների շրջանում եւ կտարածվեին մեքենագիր տարբերակներով։
Ազատ Արշակյանը, Աշոտ Նավասարդյանը, Պարույր Հայրիկյանն իրենց մի քանի ընկերների հետ կլինեին բանտում։ Աշոտն, անկասկած, կենդանի կլիներ, որովհետեւ նա իրավունք չէր ունենա եւ չէր կարող մեռնել, իսկ Պարույրն իր ընկերների համար պատրաստ կլիներ պատժիչ մեկուսարան ընկնել, ինչպես եւ՝ ընկերները նրա համար, մի բան, որ նա չի անում այսօր եւ նստում է ընկերներին հայհոյողների կողքին։
Նույն բանտում կլինեին նաեւ Հարությունյան Շանթը եւ Իշխանյան Վահանը, որը չէր գրի սեռական բնույթի հայհոյանքներով լեցուն իր պատգմածքները, որոնք մարդիկ տուն չեն տանում, որովհետեւ ամոթ է, եւ տարին մեկ անգամ կստանար եղբոր՝ Ավետիքի, ուղարկած ծանրոցները, որոնց մեջ անպայման բաստուրմա կլիներ։ Ավետիքն էլ իրավապաշտպան չէր լինի։
Վասակ Դարբինյանը կաշխատեր Գրողների միության քարտուղարությունում եւ իրենց գյուղում կընկալվեր որպես աստվածների հետ առնչվող մարդ։
Նիկոլ Փաշինյանը գերազանց կավարտեր համալսարանը, Արամ Աբրահամյանը կդասավանդեր Կոնսերվատորիայում, եւ չէին լինի ո՛չ «Առավոտ», ո՛չ «Հայկական ժամանակ» թերթերը եւ ո՛չ էլ «Հետք» ինտերնետային հանդեսը, որի խմբագիր Բաղդասարյան Էդիկը կաշխատեր հեռուստատեսությունում եւ մշտապես կունենար մտահոգ, դժգոհ ու բազմազբաղ տեսք։
Չէր լինի այս ազատությունը, որը հնարավորություն է տալիս գրել այնպես, ինչպես ցանկանում ես, մտածել այն, ինչ ուզում ես, լինել կուսակցական կամ չլինել, ընտրել կամ չընտրել, թերթավաճառի մոտ տեսնել մի քանի տասնյակ կարդացվող եւ չկարդացվող թերթեր, որոնք գրում են իրար դեմ, եւ թո՛ղ որ ինչ-որ բան այն չի, թո՛ղ որ ցուրտ է, նախարարները գող են, հարուստները՝ ոչ թե հարուստ, այլ փողատեր, բայց կա այս ազատությունը եւ կեցցե՛ այն։
Չէր լինի այս ազատությունը, եթե ամեն ինչ այսպես չլիներ։