Խուդաբաշյանը փողով խոսացո՞ղ է

18/06/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բացի այն, որ այս տեղեկությունը զարմացրել է կառավարության անդամներին, դեռ ավելին՝ ծանր ապրումների մեջ են գտնվում Վարդենիսի հոգեբուժարանում ապրող 353 հիվանդների հարազատները: Որքանո՞վ էր հիմնավորված այս հայտարարությունը, եւ արդյոք ԱԺ ամբիոնից հնչեցրած այդ մեղադրանքն ապացուցող փաստեր կա՞ն: Իսկությունը ճշտելու համար դիմեցինք հայտարարության հասցեատիրոջը՝ Նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Սամվել Խաչատրյանին: Հիշեցնենք, որ Է. Խուդաբաշյանն այս հայտարարությունն արել էր Վարդենիսի մի խումբ բնակիչների նամակի հիման վրա: Ս. Խաչատրյանը կարծում է, որ այս պատմությունն իր դեմ ուղղված շանտաժ է՝ բացառելով պատգամավորին դիմող բնակիչների առկայությունը: «Վարդենիսցիները շատ լավ գիտեն, որ օրգաններ վաճառելու խնդիր չկա, նաեւ գիտեն, որ նման պայմաններում օրգանը վաճառել հնարավոր չէ: Մեզ մոտ ապրող բնակիչները 2-3 անգամ բուժված հիվանդներ են, որոնց օրգաններն ախտահարված են, եւ, բժիշկների համոզմամբ՝ հնարավոր չէ հոգեկան հիվանդների օրգաններն օգտագործել, նման պայմաններում վերցնել-տանել-վաճառել»,- վստահեցնում է տուն-ինտերնատի տնօրենը՝ ասելով, որ, եթե մարդու կենտրոնական օրգանն ախտահարվում է, բնականաբար, մյուս օրգանների ֆունկցիոնալ խեղում է առաջանում: Մինչդեռ սա այն դեպքում, եթե հավատանք տիկին Խուդաբաշյանի բարձրացրած հարցի ճշմարտացիությանը: Իսկ մյուս կողմից Ս. Խաչատրյանը Խուդաբաշյանին առաջարկում է տրամաբանել, թե կա՞ արդյոք Հայաստանում գերհզոր այդ տեխնիկան, այդ գործում ներգրավված բժշկական խումբը, որի միջոցով հնարավոր կլինի օրգանների վաճառք կազմակերպել: Նա համարում է, որ նման հայտարարությամբ հանդես գալն առնվազն «անգրագիտություն» է. «Ո՞ր մի ղեկավարն ինչ-որ մեկի օրգանիզմն ինքնուրույն սեփականաշնորհելու ռիսկ կունենա: Է. Խուդաբաշյանի հայտարարությունն անհիմն է, եւ երեւի իր ուղեղն այդքան է աշխատում: Երեւի ինչ-որ մեկն իրեն կաշառել եւ կազմակերպել է այս ակցիան»,- նշում է նա՝ վստահեցնելով, որ Խուդաբաշյանից պատիվ է պահանջելու: Ս. Խաչատրյանը նաեւ զարմանք է հայտնում, թե նամակի «հորինված» հեղինակներն ինչո՞ւ Վարդենիսից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանին չեն տեղեկացրել այդ մասին, այլ ընտրել են հատկապես տիկին Խուդաբաշյանին: «Իմ կարծիքով՝ վարդենիսցին պետք է իր ընտրած պատգամավորին հայտներ, ոչ թե այդ փողով խոսացող Է. Խուդաբաշյանին: Ճիշտ է, ես իրեն չեմ ճանաչում, բայց տեղյակ եմ, որ նախկինում ՀԺԿ-ական է եղել, հետո գրոշի համար մի քանի անգամ կաշին փոխել է, կարծեմ ՕԵԿ-ական է դարձել, հիմա էլ երեւի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ է: Էսօր էլ երեւի ՀԺԿ-ի թափթփուկներից մեկը ցանկություն ունի իմ տեղն աշխատելու, դիմել է իրեն, ինքն էլ վերցրել-գրել է»,- կարծում է Ս. Խաչատրյանը՝ հորդորելով, թե վարդենիսցիները` համոզված լինելով, որ նման բան չկա, դարդ ու ցավը թողած` չէին հասնի Երեւան` Է. Խուդաբաշյանին դիմելու համար:

Տնօրենի աշխատանքի վրա աչք են դրել

Իսկ իրականում ի՞նչ կապ ունեն այս պատմության հետ Վարդենիսի բնակիչները, որքանո՞վ են նրանք իրազեկ տուն-ինտերնատի հետ կապված իրադարձություններին, որպեսզի նման սկանդալային հարց բարձրացնեին: Տեսականորեն, եթե անգամ տնօրենը զբաղվում է հիվանդների օրգանների բիզնեսով, ապա այդ ինֆորմացիային կարող էին տիրապետել գոնե հիվանդների հարազատները, ովքեր մահացած հիվանդների դիակների հետագա տիրակալներն են: Հարցին, թե արդյո՞ք Վարդենիսի բնակիչները շփվում են տուն-ինտերնատի հիվանդների հետ, շփում կա՞ դրսի եւ ներսի մարդկանց հետ. տնօրենն այսպես է պատասխանում. «Այո՛, շփում կա, որովհետեւ ես իմ աշխատանքի ընթացքում Վարդենիսի Կուլտուրայի տանը հիվանդների համար շատ միջոցառումներ եմ կազմակերպել՝ հրավիրելով Վարդենիսի բնակիչներին, մեր աշխատողներին, նրանց երեխաներին: Մեր խնդիրն է` հիվանդներին պահել ոչ թե գաղութային ռեժիմով, այլ նրանց ինտեգրել ժողովրդի մեջ, որպեսզի ժողովուրդ եւ հոգեկան հիվանդ բաժանումը վերանա»: Ի դեպ, տուն-ինտերնատի 300 աշխատակիցները նույնպես Վարդենիսի բնակիչներ են, սակայն նրանց մասնակցությունն այս պատմության մեջ տնօրենը բացառում է: Իսկ նման հերյուրանքներ տարածողներին նա առաջարկում է ինչ-որ կերպ «խցկվելու» փոխարեն` ազնվորեն խոստովանել, որ պարզապես իր աշխատանքի վրա աչք են «տնկել», այլապես օրենքի առաջ պատասխան են տալու:

Օրգանների վաճառքի թեման վաղեմություն ունի

Թեեւ Ս. Խաչատրյանը կտրականապես հերքում է, թե Խուդաբաշյանին հանձնված նամակի գոյությունը եւ առհասարակ այն, թե հեղինակները Վարդենիսի բնակիչներն են, այդուհանդերձ նա նշեց, որ 2005թ. հիվանդներից մեկի տուն-ինտերնատից փախուստի, անհայտ կորելու հետ կապված քր.գործ է հարուցվել, հայտարարվել է հետախուզում եւ մինչ օրս քննություն է կատարվում: Իսկ ի՞նչ կապ ունեն կորած հիվանդը եւ օրգանների վաճառքի մասին խոսակցությունները: Ս. Խաչատրյանը վարույթն իրականացնող մարմնին միեւնույն ժամանակ խնդրել է մահացածների դիակների արտաշիրմում կատարել՝ ապացուցելու համար, որ դիակներն, այնուամենայնիվ, տեղում են: Հիշեցնենք, որ Խուդաբաշյանի հայտարարության մեջ ասվում է, որ տուն-ինտերնատի ղեկավարությունը հիվանդների հարազատներին տեղեկացրել է, թե հիվանդը մահացել է, սակայն արտաշիրմում կատարելիս ականատես են եղել, որ դիակը չկա, միայն հիվանդի հագուստներն են թաղված եղել: Է. Խուդաբաշյանի հայտարարությունը եղել է չորեքշաբթի օրը, մինչդեռ 2 ամիս առաջ տնօրենը` դատախազությանն ապացուցելու համար, որ օրգանների վաճառք չի եղել, եւ դիակները տեղերում են՝ խնդրել է դիակների արտաշիրմում կատարել: «Հիվանդի փախուստի հետ կապված գործ է հարուցվել: Իմ հասցեին հերյուրանքներ կային Վարդենիսում` իբր օրգաններ եմ վաճառում, թե ումից է՝ չգիտեմ, եւ որպեսզի այդ հերյուրանքները հետագայում չկրկնվեն` 2 ամիս առաջ խնդրեցի արտաշիրմում կատարել: Մեզ մոտից վերցրին բոլոր մահացած հիվանդների բժշկական պատմությունները եւ ուսումնասիրեցին: Դատաքննչական, բժշկական էքսպերտիզան ընտրովի կարգով 10 դիակ է արտաշիրմել, հիվանդների բոլոր մասունքները վերցրել, բժշկական հետազոտման են ենթարկել եւ համոզվել են, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Դիակները տեղում են եղել եւ արտաշիրմումից հետո կրկին հանձնվել են հողին, իսկ հերյուրանքների հեղինակները դեռ պատասխան են տալու»,- վստահեցնում է Ս. Խաչատրյանը` նշելով, որ տուն-ինտերնատին կից գերեզմանատուն կա, որտեղ թաղվում են այն մահացած հիվանդներն, ովքեր հարազատներ չունեն կամ հարազատները հնարավորություն չունեն դիակը տեղափոխելու, հետեւաբար, հուղարկավորությունը կատարվում է տուն-ինտերնատում: Ս. Խաչատրյանը պնդում է, որ Է. Խուդաբաշյանը պարզապես պահը որսացել է եւ փորձել է վարկաբեկել իրեն՝ աչքի առաջ ունենալով մեկ ուրիշ տնօրեն թեկնածուի: Այդուհանդերձ, նա վստահ է, որ դատախազության դատաքննչական բաժինը քննության ավարտից հետո իր վերաբերմունքը կարտահայտի այս գործի կապակցությամբ, որից հետո Ս. Խաչատրյանը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով այն մարդկանց ցուցակը, ովքեր նամակով դիմել են Խուդաբաշյանին՝ պարզելու համար, թե ի՞նչ հիմքով են այդ հայտարարությունն արել, ի՞նչ փաստերով են առաջնորդվել եւ այլն:

Ինչեւէ, ներկայումս հարուցված քր.գործի շրջանակներում տուն-ինտերնատում ուսումնասիրվում են արտաշիրման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ` ֆինանսական գործունեությունը: «Ես Է. Խուդաբաշյանին կհրավիրեմ տուն-ինտերնատ, թող տեղում ծանոթանա մեր գործունեությանը, հիվանդներին, նաեւ` իմ բնավորությանը, եւ հետեւություն անի, թե հնարավո՞ր է, որ ես նման արարք թույլ տամ: Հույս ունեմ, որ տեղում իր սխալը կուղղի»,- ասաց Ս. Խաչատրյանը:

«Ախպերս էլ լիներ` կանեի»

Է. Խուդաբաշյանից հետաքրքրվեցինք՝ պատրա՞ստ է արդյոք նա ուղղել իր սխալը եւ համարո՞ւմ է արդյոք, որ ինքը սխալ է թույլ տվել: «Ես այդ նամակը ստացել եմ Վարդենիսի մի խումբ ազգաբնակչությունից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նամակում բացակայել են հեղինակների ստորագրություններն ու անուն-ազգանունները: «Ստորագրություններ չկային, բայց մի խումբ ազգաբնակչությունից էր: Բայց փաստորեն քր.գործ հարուցված եղել է, չէ՞, ուրեմն նման գործընթաց կա: Տիգրան Թորոսյանն էլ ասաց, որ այդ տեղեկությանը տիրապետում են, քր.գործ է հարուցվել: «Նամակը մի կին է բերել եւ տվել է մեր աղջիկներին, ասել է, որ` խնդրում եմ, նման բան կա, թող ինքը հետամուտ լինի»,- նշեց նա: Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տնօրենը ՀՀԿ-ական է եւ նախկին ՀԺԿ-ականին մեղադրում է իր աշխատանքի համար ՀԺԿ-ական տնօրենի աթոռի համար թեկնածուների պատվերը կատարելու մեջ: «Արդյո՞ք սա նաեւ կուսակցական խաղ չէ՞» հարցին Է. Խուդաբաշյանը պատասխանեց. «Ամենայն անկեղծությամբ եմ ասում, չգիտեի, որ ինքն այդ կուսակցության անդամ է: Եթե նույնիսկ իմանայի էլ՝ այդ հայտարարությունը պետք է անեի: Իմ ախպերն էլ լիներ՝ կանեի»: Իսկ ավելի ուշ, փոքր-ինչ «փոշմանած» Է. Խուդաբաշյանը մեզ զանգահարեց եւ հորդորեց, որ գնալու է տուն-ինտերնատ` իր աչքով տեսնելու եւ պարզաբանելու: Նա խորհուրդ տվեց չշտապել՝ գիտակցելով բարձրացված հարցի լրջությունը: «Դա չգիտեմ, էլի, հայ իրականության մեջ չտեղավորվող բան է, դա մարդակերության նման մի բան է»,- ասաց նա: Հարցին, թե այդ ամենի լրջությունն ինքը չէ՞ր գիտակցել հայտարարությունն անելուց առաջ, պատասխանեաց. «Ես պարտավոր էի դա կարդալ, որովհետեւ այդ նամակով ինձ էին դիմել»։