Երեկ տեղի ունեցավ գերմանացի ռազմագերիների գերեզմանների հուշաքարերի տեղադրում։ 2-րդ աշխարհամարտի ավարտից 60 տարի անց դեռեւս հայտնաբերվում են անհայտ գերիներ։ 2005-ին «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզի Երասխավան գյուղում հայտնաբերվել է լքված մի գերեզմանոց։ ՀՀ Անվտանգության վարչության համապատասխան գործողությունների շնորհիվ պարզվել է, որ այն 1945-1947թթ. մահացած 12 գերմանացի ռամագերիների գերեզմանոց է։
«Զինվորի մայր» բարեգործական կոմիտեի նախաձեռնությամբ եւ ՀՀ Պաշտպանության նախարարության աջակցությամբ տեղի է ունեցել 12 անհայտ զինվորների ինքնության բացահայտում եւ հայտնաբերված գերեզմանների վերականգնում եւ անուն առ անուն 12 հուշաքարերի տեղադրում։ Իսկ 2006-ի հունիսի 16-ին նշված գերեզմանավայրի բացման եւ զինվորների ոգեկոչման արարողությունն էր, որին մասնակցում էին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը, գերմանական համայնքի ներկայացուցիչներ, պաշտոնական անձինք եւ հասարակության այլ ներկայացուցիչներ։
Հայտնաբերված օտարազգի զինվորների գերեզմանների տերերը դեռեւս հայտնի չեն։ «Մենք` հայերս, համայն աշխարհին եւ մեր հարեւաններին սրանով ցույց տվեցինք եւ ապացուցեցինք, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք եւ կարողանում ենք գերեզմաններ սարքել, այլ ոչ թե քանդել»,- նշեց «Զինվորի մայր» նախաձեռնող հ/կ-ի նախագահ Գրետա Միրզոյանը։
Ն.Մ.