Հաստ պատերի հետեւում

18/06/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Մանախը

«ԱԺ-ում, Կառավարությունում եւ ամենուր բոլորը խոսում են օրենքի գերակայությունից,-ասում է Գորիսի քրեակատարողական հիմնարկի կալանավոր, սպանության համար 14 տարի ազատազրկման ենթարկված 28-ամյա Արթուր Այվազյանը: -Ես անօրինական բան չեմ արել, ես ընդամենը օրենքի գերակայությունն եմ պաշտպանել եւ ահա հայտնվեցի այս վիճակում»: Բանտում եղած ժամանակ նա լավ ուսումնասիրել է Հայաստանի Քրեական օրենսգիրքը եւ Սահմանադրությունը ու եկել է այն եզրակացության, որ մեր երկրում կալանավորների թիվը համեմատաբար քիչ կլիներ, եթե Գլխավոր դատախազությունը գործեր իր լիազորությունների սահմաններում: Այսինքն՝ նախաքննություն չիրականացներ: ՀՀ Սահմանադրությամբ Գլխավոր դատախազությունը նման լիազորություններ չունի: Այդ դեպքում հնարավոր է` իր պատիժն էլ ավելի թեթեւ լիներ, մանավանդ որ, Արթուրը հավատացնում է, որ ինքը սպանություն չի կատարել:

«Սամվել Առաքելյանի դիակը իրենց վզին էր մնացել, ու բարդեցին իմ վրա»,- ասում է Արթուրը:

Դատախազության դեմ հայցից հետո հալածանքներ են սկսվել իր դեմ: Նախ՝ նրան Նուբարաշենից տեղափոխել են Գորիսի բանտ, որը հայտնի է իր փակ ռեժիմով. այդտեղ պահվում են առանձնապես խիստ հանգամանքներում հանցագործություն կատարած կալանավորները: Իսկ փաստաբան Հայկ Ալումյանի ասելով, օրենքով Արթուրի համար նման խիստ ռեժիմ նախատեսված չէ: Հետո՝ կալանավայրերում նրան փորձել են ներքաշել զանազան պրովոկացիաների մեջ, որն, ի վերջո, հաջողվել է: Ապրիլի 26-ին Ա.Այվազյանը բանտում ծեծել էր Զինվորական դատախազության քննիչ Ա.Ղազարյանին: Այդ ժամանակ հսկիչը նրան կալանավայրից դուրս էր հանել ինչ-որ մեկի հետ կարճատեւ տեսակցության համար: Կես ճանապարհին` տեսնելով, որ Ա.Ղազարյանը հայհոյելով մեկ այլ կալանավորի է քննում, Արթուրը փորձել է միջամտել նրանց խոսակցությանը եւ ի վերջո հարվածել է քննիչին: Այդ պատճառով ապրիլի 29-ին Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ մի խումբ ծառայողներ նրան դաժան ծեծի են ենթարկել: Ծեծելուց հետո նոր միջադեպի հետ կապված Արթուրի նկատմամբ քր.գործ է հարուցվել: Ավելացնենք, որ «Քրեակատարողական ծառայողի մասին» օրենքը թույլ է տալիս, որ քրեակատարողական ծառայողը ֆիզիկական ուժ գործադրի օրենքի պահանջները չկատարողի նկատմամբ, բայց անմիջապես միջադեպի ժամանակ: Իսկ Արթուրին ծեծել են միջադեպից 3 օր անց: Սա նույնպես օրենքի կոպիտ խախտում է, եւ հիմա էլ Արթուրն է պահանջում, որ քր.գործ հարուցեն նաեւ իրեն ծեծողների նկատմամբ: Դեպքից հետո Արթուրն իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար հացադուլ է հայտարարել եւ 42 օր չի սնվել: Մեզ հետ զրույցի համար Արթուրն արդեն հացադուլից դուրս էր եկել եւ վերհիշեց միջադեպի մանրամասները, բայց նա մնում է այն կարծիքին, որ դա իր դեմ նախօրոք կազմակերպված պրովոկացիա է: Նա մինչեւ հիմա չգիտի, թե ում հետ պետք է հանդիպեր: Հարազատները ժխտում են, թե այդ օրերին տեսակցության են գնացել: Իսկ Գորիսի բանտում տեսակցություն թույլ են տալիս միայն հարազատներին: Բերդում թե՛ վարչակազմը, թե՛ կալանավորները գիտեն, որ Արթուրը չի կարող բռնություն հանդուրժել, թեկուզ դա լինի ուրիշի նկատմամբ: Նրա կարծիքով, դիտմամբ այնպես են դասավորել, որ ինքը տեսակցության դուրս գա այն ժամանակ, երբ քննիչը հայհոյելով քննի կալանավորին: Արթուրի կարծիքով, այդ պրովոկացիան իր դեմ կազմակերպել է ՀՀ Գլխավոր դատախազությունը:

«Ես Աղվան Հովսեփյանի ու Անդրանիկ Միրզոյանի (Գլխավոր դատախազության Քննչական վարչության պետ) թշնամին չեմ,- ասում է Արթուրը: -Ես ընդամենն ուզում եմ պաշտպանել օրենքի գերակայությունը: Աստված նրանց օգնական: Ես նույնիսկ կարող եմ իմ հնարավորությունների սահմանում նրանց օգնել, եթե նեղն են ընկել: Գլխավոր դատախազությունում մտածում են, թե Արդարադատության նախարարությունն ինձ իրենց դեմ է օգտագործում, Արդարադատության նախարարությունն էլ մտածում է, թե Գլխավոր դատախազությունն է ինձ իրենց դեմ օգտագործում: Իսկ այս հարցը բարձրանալուց ու նախագահին հասնելուց հետո այս երկուսը միասին մտածում են, թե Քոչարյանն ինձ իրենց դեմ է օգտագործում: Ո՛չ պարոնայք, ես գործիք չեմ: Ես բոլորի նման խոսելու փոխարեն փորձեցի քայլ անել ու հայտնվեցի այս վիճակում»: Արթուրի կարծիքով, եթե հիմա Դատախազության՝ նախաքննություն իրականացնելու գործունեությունը ճանաչվի անօրինական ու վերանայվեն բոլոր գործերը, դա մեծ սկանդալ կառաջացնի: Բայց դա արդեն իր գործը չէ: Հնարավոր է, որ երկրում նախահեղափոխական իրավիճակ ստեղծվի, բայց ինքը դա չի ուզում, չի ուզում, որ դառնա քաղաքական շահարկումների առարկա: Ինքն ընդամենն ուզում է, որ իր բարձրացրած հարցը դառնա հասարակական քննարկման առարկա, քննարկվի ԱԺ-ում, Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում մասնակցի իր հայցի քննությանը, ի վերջո, պաշտպանի իր պահանջն ու հաղթի: Ավելացնենք, որ Արթուրը մեծ հեղինակություն ունի կալանավորների ու բանտի վարչակազմի շրջանում, իսկ Աստծուն հավատալու համար նրան Մանախ են անվանում:

Արմենը

Թեպետ Գորիսի բանտ այցելել էինք Արթուրին տեսակցելու նպատակով, բայց մեզ հնարավորություն ընձեռվեց շփվել նաեւ այլ կալանավորների հետ: Արմեն Ամարյանը 34 տարեկան է, դատվել է 6 անգամ եւ 16 տարի ազատազրկված է եղել: Պատիժը կրելուն 4 տարի է մնացել: 6 անգամ դատապարտվելու արանքում ազատության մեջ է եղել, նա հասցրել է ամուսնանալ ու աղջիկ ունենալ: Աղջիկը 4 տարեկան է: Արմենն ասում է, որ երբ առաջին անգամ դատապարտվեց, անմեղ էր: «Իմ գլխին սարքեցին,- հավատացնում է նա: -Անմեղ եմ եղել նաեւ նախավերջին դատվածության ժամանակ: Մնացած դեպքերում էլ գողություն եմ արել: Երբ ազատվում, դուրս էի գալիս, դատվածության պատճառով ինձ ոչ մի տեղ աշխատանքի չէին ընդունում, շրջապատի վերաբերմունքն էլ այն չէր: Անգործ ու առանց միջոցների մնալու պատճառով ստիպված նորից գողություն էի անում: Կին, երեխա ունեի, մի բանով պետք է նրանց պահեի»: Արմենը թեեւ փոշմանել է, որ հանցավոր արարքներ է թույլ տվել ու իր կյանքի լավագույն տարիները պատերի ներսում է անցկացրել, բայց վստահ չի, որ 4 տարի հետո նույնը չի անի: «Հարցը սովորությանը չի վերաբերում,- ասում է նա: -Դրսում մեզ համար էլ կյանք չկա, իմ նմաններին չեն ընդունում»: Արմենն ազատ ժամանակ հուշանվերներ է պատրաստում, հիմնականում աստվածաշնչյան մոտիվներով, եւ հետաքրքիր է, որ կալանավորների պատրաստած գործերում աստվածային թեման է գերակշռում:

Սատանան

Կալանավորների հետ շփվելիս նրանց վարքի մեջ արտասովոր ոչինչ չի նկատվում, եւ զարմանում ես, որ նրանց ու դրսի մարդկանց մեջ ոչ մի տարբերություն չի զգացվում: Չէ՞ որ նրանք հանցանք են գործել, այն էլ` առանձնապես ծանր հանգամանքներով: Նույնիսկ նրանց հետ խոսելիս զարմանալիորեն նկատում ես, որ բավական «շատ բան» գիտեն, կարդացած են, իրավիճակի եւ նույնիսկ քաղաքական վերլուծություններ են անում: Մայրաքաղաքի ամենավերջին նորություններից տեղյակ են, գիտեն պատճառները, նաեւ` հետեւանքները: Համարձակ են ու ազատ: Բայց այս ամենով հանդերձ` դուրսը նրանց չի ձգում: Համենայնդեպս, այդպես են հավատացնում: Համոզված են, որ դրսում իրենք այլեւս տեղ չունեն, դրսի մարդիկ իրենց էլ չեն ընդունում: Դրա համար էլ փորձում են ներսում սահմանափակ թվով մարդկանց մեջ իրենց հարաբերությունները կարգավորել: 25-ամյա Արթուր Գալստյանը 2003թ. ցմահ ազատազրկման է ենթարկվել հոր ընկերոջը սպանելու, հետո դիակը խոշտանգելու պատճառով: Այս գործը ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց: Նույնիսկ կարծիք եղավ, որ Արթուրը սատանայապաշտ է եղել, դրա համար էլ այդ քայլին է գնացել: Ինքը դա չի ժխտում, բայց ասում է, որ սատանայապաշտությունն ուսումնասիրել է հետաքրքրությունից ելնելով: Դրա հետ զուգահեռ` ուսումնասիրել է նաեւ այլ ուսմունքներ: Բայց նա հավատացնում է, որ իրեն սատանան չի մղել հանցագործություն կատարելու: «Ես չեմ ուզել սպանել, ես գնացել էի գողության,- պատմում է նա: -Բայց անակնկալի եկա, որ տանտերը տանն էր»: «Սատանան» (այդպես են նրան անվանում բանտում), փոշմանել է իր կատարածի համար, սակայն բանտից դուրս գալու մասին չի երազում:«Ասենք թե 20 տարի հետո իմ գործը վերանայեն ու ինձ ներեն, 20 տարուց հետո դուրս գամ, ի՞նչ անեմ,- հարցնում է նա: -Ես էլ ո՞ւմ եմ պետք: Ո՛չ ծնողներիս եմ պետք, ո՛չ քույրերիս: Դու կամուսնանա՞ս էն մարդու հետ, որը մարդ է սպանել ու հետո դանակներով ծակծկել»:

Արթուրն առերեւույթ հանգիստ է արտահայտվում, թե «մանումենտցի մի աղջիկ» իր նկարը տեսել ու սիրահարվել է, հիմա գժվում է իր համար: Իսկ ինքը բանտից դուրս գալու մտադրություն չունի, որովհետեւ դրսում իրեն որպես սովորական մարդ էլ չեն ընդունի: Նրա առերեւույթ հանգստությունը մի փոքր տեղի էր տալիս, երբ խոսում էր դրսի անհավասարության ու մարդկանց անհանդուրժողականության մասին: Այն մասին, որ մարդկային դաժանությունը նորից հանցագործություն է ծնում: Հակառակ դեպքում տարիներով ազատազրկված մարդը նորից բանտ վերադառնալու պատճառներ չէր ստեղծի: