ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքները գնդակոծվո՞ւմ են

18/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հունիսի 15-ին ԼՂՀ Արտաքին գործերի նախարարությունը դիմել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակ` պահանջելով ճգնաժամ-դիտարկում անցկացնել Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում` իրական դրությունը տեղում գնահատելու եւ ադրբեջանական կողմի մտացածին մեղադրանքները հերքելու նպատակով:

Իր կողմից ԼՂՀ ԱԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ առաքելությանը` դիտարկումն անցկացնելու եւ ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներում նրա մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով: Այս մասին լրագրողներին ասել է ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը` պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցներում վերջերս տեղ գտած այն հայտարարություններին, թե հրկիզումներ են տեղի ունենում ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմանամերձ բնակավայրերում:

«Ամառային չոր եղանակին Ղարաբաղի ցածրադիր գոտիներում հրդեհներ են բռնկվում, որոնց մարումն Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում դժվարանում է` ադրբեջանական կողմից մշտական գնդակոծությունների եւ հրշեջ խմբերի անվտանգությունն ապահովելու անհնարինության պատճառով: Չոր խոտածածկույթի բոցավառման պատճառներից մեկն էլ ադրբեջանական դիրքերից ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող տարածքների գնդակոծությունն է լուսածրող գնդակներով, ինչպես նաեւ` ադրբեջանական զինծառայողների կողմից խոտի հրկիզումը ԼՂՀ-ն Ադրբեջանից բաժանող չեզոք սահմանագծում»,- հավաստիացրել է պարոն Մայիլյանը:

Նա միաժամանակ հիշեցրել է, որ դեռեւս մի քանի տարի առաջ ԼՂՀ ղեկավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին, որպես վստահության հաստատման միջոց, առաջարկել էր երկկողմանի մեխանիզմ մշակել նման կարգի հիմնախնդիրների, մասնավորապես, սահմանամերձ շրջաններում արոտավայրերի հրդեհները կանխարգելելու նպատակով ջանքերը համակարգելու համար, բայց նախաձեռնությունը Բաքվում աջակցություն չգտավ, ինչը վկայում է կողմերի իրական դիրքորոշման, մասնավորապես, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար ադրբեջանական ղեկավարության քաղաքական կամքի բացակայության մասին:

Խոսելով ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչության մասին, փոխնախարարը նկատեց, որ այն ուղղված է հակամարտության գոտում իրավիճակի սրմանը եւ կողմերի փոխադարձ անվստահության խորացմանը: «Միաժամանակ ադրբեջանական իշխանությունները փորձում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական պատմական եւ մշակութային արժեքների ոչնչացման իրողությունից, ինչի վկայությունն է, մասնավորապես, հայկական խաչքարերի ոչնչացումը Հին Ջուղայում»,- նշել է Մասիս Մայիլյանը: