Հուլիսի 1-ից Ղարաբաղի բնակիչները 1կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց նախկին 14 դրամի փոխարեն կվճարեն 20 դրամ: Այս մասին օրերս ԼՂՀ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հանրապետությունում տարեկան սպառվում է մոտ 210 մլն կվտ էլեկտրաէներգիա, որից մոտ 100 մլն է արտադրվում Ղարաբաղի «Սարսանգի» հիդրոէլեկտրակայանում, իսկ մնացածը ներկրվում է ՀՀ-ից:
Հարցի առնչությամբ դիմեցինք ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատուրյանին, որը մեզ հետ զրույցում նշեց. «Գազի սակագինն արդեն բարձրացել է եւ առաջիկա երեք տարում այդ սակագինը պահելուց հետո գազը նորից է թանկանալու (այս երեք տարում ՀՀ կառավարությունը փոխհատուցում է տալիս): Դրանից հետո, երբ գազը նորից թանկանա, բնականաբար, էլեկտրաէներգիան էլ կթանկանա: Սակագնի հանկարծակի բարձրացումից խուսափելու եւ այդ գործընթացը սահուն անցնելու համար նպատակահարմար գտանք աստիճանաբար բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Երկրորդ հանգամանքը կապված է պահանջարկի հետ. նախկինում մենք օգտագործում էինք 150-160 մլն կվտ էլեկտրաէներգիա, այսօր արդեն 220 մլն կվտ էլեկտրաէներգիան չի հերիքում, ինչը պայմանավորված է նաեւ արդյունաբերական ձեռնարկությունների ավելացմամբ»: Նախարարը տեղեկացրեց, որ «Սարսանգի» ՀԷԿ-ը նախկինում արտադրում էր պահանջվող հոսանքի մոտ 60-70 տոկոսը, իսկ հիմա էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացմանը զուգահեռ անձրեւները քչացել են, ինչի արդյունքում «Սարսանգի» ջրամբարի ջուրը բավականին պակասել է: Այդ իսկ պատճառով, նախարարի հավաստմամբ, «Արցախէներգոն» 2005թ. վնասով է աշխատել: «Իսկ այն բնակիչները կամ հիմնարկ-ձեռնարկությունները, որոնք կցանկանան գիշերային հաշվիչներ տեղադրել, նրանք գիշերային ժամերին` ժամը 23-ից մինչեւ ժամը 7-ը, օգտագործած էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժ-ի համար կվճարեն 15 դրամ»,- փաստել է Ա.Ծատուրյանը, որը միաժամանակ տեղեկացրեց, որ մեկ հաշվիչի արժեքը Ստեփանակերտում կազմում է 52 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Հաշվիչները պետք է գնեն բնակիչները, իսկ տեղադրման աշխատանքները կկատարեն «Արցախէներգո»-ի մասնագետները: Մասնագետների կարծիքով, բնակչությունը, տեղադրելով այդ հաշվիչները, շատ քիչ գումար կտնտեսի. տարվա կտրվածքով այն կկազմի մոտ 1500-2000 դրամ: Բնակչի համար հաշվիչի տեղադրումը ձեռնտու է միայն ձմռանը, երբ շատերը բնակարանները էլեկտրականությամբ են ջեռուցում:
Ա.Դ.