Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» մեր քաղաքում

18/06/2006

Երբ հայտնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանը երկար տարիների ընդմիջումից հետո կրկին Հայաստան այցելեց, իր քանդակները Երեւանում տեսնելու ցանկություն հայտնեց: Շուտով Կանադայում ապրող քանդակագործի քանդակներից մեկը տեղադրվելու է նորակառույց Հյուսիսային պողոտայի հատվածներից մեկում: Այդ հատվածում երթեւեկություն չի լինելու եւ թատրոնի բեմ հիշեցնող Հյուսիսային պողոտայով քայլող մարդկանց կողքին կհայտնվի իրենց ժամանակակիցը` Ա. Չաքմաքչյանի երեւակայությունից ծնված մարդը: Քանդակը կոչվելու է «Քայլող մարդը» եւ ինչպես փողոցում տեղադրված բոլոր արձանները` կանգնած է լինելու շատ ցածր պատվանդանի վրա. այն դառնալու է շրջակա միջավայրի ու մարդկանց շարունակությունը:

Արտո Չաքմաքչյանը մեծ արտիստ եւ նուրբ հոգեբան է: Յուրաքանչյուր իր ստեղծագործության մեջ հզոր էներգիայով լցված ներաշխարհ է պատկերում: Նրա քանդակները ոչ միայն նայելու ու հիանալու, այլեւ` կարծես խոհերը շարունակելու համար են ստեղծված: Միտքը շարժում է դառնում, իսկ շարժումը (քանդակների դեպքում` անշարժությունը)` մտքեր առաջացնում:

«Քայլող մարդն» այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է: Չեմ ասի, որ վերածնունդ ենք ապրում, բայց որ սկսեցինք քայլել, անժխտելի է»,- ասել է հեղինակը, ում պատկերած «քայլող մարդն» իր առջեւում դատարկ տարածություն եւ քայլ անելու հնարավորություն ունի: Քայլ անելու գաղափարը նախեւառաջ մարդու մտքում է ծնվում, հետո միայն զուտ մեխանիկական շարունակություն ստանում: Եվ Ա. Չաքմաքչյանի բրոնզաձույլ արձանը, որի բարձրությունը մոտ 3 մետր է, դեմքով դեպի Հանրապետության հրապարակ է նայելու` պատկերելով ապագային ձգտող մարդուն: Որը սակայն ոչ միայն հաստատակամ է քայլելու իր որոշման մեջ, այլեւ` մի քիչ շփոթված ու վարանող, քանի որ ճանապարհներն այս կյանքում շատ-շատ են: Ա. Չաքմաքչյանի յուրաքանչյուր քանդակը, նույնիսկ` երբ կոնկրետ մարդու է պատկերում, միշտ հեղինակի հայացքն է կրում ու դառնում է որոշակի իրավիճակի խորհրդանիշը: Եվ այսօրվա Հայաստանի խորհրդանիշը քայլքն է: Մտազբաղ եւ անշտապ: