«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը լուրջ աժիոտաժ է ստեղծել Ազգային ժողովում: Կառավարությունը նորից խորհրդարանին է ներկայացրել այն նույն նախագիծը, որը պատգամավորները մերժել էին դեռ նախորդ քառօրյայի ժամանակ: Ընդ որում, նախագիծն ԱԺ էր բերվել առանց որեւէ փոփոխության:
Եվ հատկապես այս հանգամանքն առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Դա նրանք որակեցին որպես անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի նկատմամբ: «Փաստորեն, մեզ ասում են՝ դուք դակիչ մեքենա եք, եթե չկարողացանք այն ժամանակ բավարար քանակություն ապահովել, ոչինչ, այս անգամ կբերենք: Դուք քանի՞ գլխանի եք, որ առանց փոփոխության օրինագիծ եք բերում խորհրդարան, ԱԺ-ն ձեր համար հո խաղալիք չէ՞»,- կառավարությանը սպառնաց Արշակ Սադոյանը: Իսկ ՕԵԿ խմբակցության անդամ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ մի քանի անգամ մերժված ու նորից ԱԺ բերված օրինագիծը համեմատեց «Խաթաբալայի» Մարգարիտի հետ. «Չենք ուզում, ետ ենք ուղարկում, նորից բերում եք: Չենք ուզում, այ մարդ, ձեզ պահեք»: Պատգամավորների գնահատականների հետ համաձայն չէր ՀՀ Կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Առանց փոփոխության ներկայացնելու մեջ չհարգելու ոչ մի նշույլ չեմ տեսնում: Այդպիսի խնդիր չկա»:
Ըստ Ալավերդյանի, օրենքի նախագծի շուրջ ընթացող քննարկումները կրում էին ոչ թե բովանդակային բնույթ, այլ ունեին ընդամենը քաղաքական ենթատեքստ: Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրինագիծը պահանջում է` 6 մլն դրամից ավելի եկամուտ ունեցողներին հայտարարագրել եկամուտները եւ պետբյուջե վճարել 600 հազար դրամ: Պարտավորությունը չկատարելու դեպքում օրինագիծը նախատեսում է 50 հազար դրամ տուգանք: Նախագծի դեմ ելույթ ունեցող պատգամավորների հիմնական մասը հայտարարում էր, թե սրանով փորձ է արվում ճնշել հասարակ գյուղացուն, միջին ու մանր բիզնեսի ներկայացուցիչներին: ՀՊԾ պետի տեղակալ Ա. Ալավերդյանը, սակայն, գտնում է, որ այն չի վերաբերելու հասարակ քաղաքացիներին: «Սա մեր 15-20 հազար դրամ ստացող ազգաբնակչությանը չի վերաբերում, սա վերաբերում է այն անձանց, ովքեր ստանալու են 6 մլն դրամից ավելի եկամուտ: Բայց եթե այդ շեմը վերանայելու կարիք կա, մենք պատրաստ ենք դա քննարկել»,- նշեց նա: Իսկ Տիգրան Թորոսյանի խոսքերով էլ. «Ի՞նչ կապ ունեն գյուղացիները, 15.000 դրամ աշխատավարձը: Եթե գյուղացիները ստանում են 1200 դոլարից ավելի եկամուտ՝ հոյակապ է, ուրեմն՝ արձանագրենք այդ փաստը: Բայց, ցավոք սրտի, այդպես չէ: Ես վստահ եմ, որ այդպես չէ»: Իրականում, այս նախագիծը հարմար առիթ էր, որպեսզի «Օրինաց երկիրը» հերթական անգամ փայլի իր պոպուլիզմով: ՕԵԿ-ականներն իրենց ելույթներում մանրամասնորեն անխնա քննադատության ենթարկեցին կառավարության ներկայացրած այս նախագիծը: Սակայն զավեշտալին այն է, որ նույն քննադատողները ժամանակին, երբ դեռ կոալիցիայի կազմում էին, հեզ ու հանգիստ կողմ էին քվեարկել դրան: Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, 2004 թվականին ՕԵԿ խմբակցության բոլոր պատգամավորները ոչ միայն կողմ էին քվեարկել նախագծին, այլեւ հանդես էին եկել առաջարկներով, որոնք անմիջապես ներառվել էին նախագծի մեջ: Իսկ նախագծի առաջին ընթերցման ժամանակ քվեարկությանը չէին մասնակցել միայն Գագիկ Ավետյանն ու Մհեր Շահգելդյանը, ովքեր այդ օրը բացակայել էին: Փաստորեն, քանի դեռ ՕԵԿ-ն իշխող կոալիցիայի կազմում էր եւ դեռ օգտվում էր իշխանական կերակրատաշտից, առանց խորանալու նախագծի բովանդակության մեջ, սեղմում էին այն կոճակը, որն իրենց թելադրում են: Այդպես է ստացվում: Եվ միայն կոալիցիայի կազմից դուրս գալուց հետո է նրանց գիտակցությունը պայծառացել ու պարզել են, որ նախագիծը «շատ վատն է ու պարունակում է կոռուպցիոն ռիսկեր»: «Եթե ունեք հստակ առաջարկություններ, խնդրում եմ, արեք: Բայց չանել առաջարկություններ, կամ անել առաջարկություններ, որոնք ընդունվում են, հետո նման խաչակրաց արշավանք սկսել, դա բացարձակապես չի տեղավորվում տրամաբանության մեջ: Ինչպե՞ս ստացվեց, որ 180 աստիճանով փոխվեց ձեր կարծիքը»,- ՕԵԿ-ի պոպուլիզմը բացահայտեց ԱԺ նախագահ Տ. Թորոսյանը: Վերջինիս այս ելույթը երեկ ակնհայտորեն նյարդայնացրեց ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանին: Ու նա զայրացած հանկարծ սկսեց Տ. Թորոսյանի հասցեին ինչ-որ ռեպլիկներ անել: «Երբ դուք խոսում էիք, մենք չէին խանգարում: Տիկին Բիշարյան, մի քիչ համեստ եղեք»,- համեստության կոչ արեց պարոն Թորոսյանը:
Այսքանից հետո ՕԵԿ-ական Հ. Մարգարյանին հարցրինք, թե ինչպե՞ս եղավ, որ իրենց դիրքորոշումն այս ընթացքում փոխվեց: «Չի եղել մի դեպք, երբ մեր դիրքորոշումը նույնիսկ փոխվի, էլ ուր մնաց` 180 աստիճան: Ինձ համար տարակուսանք է պատճառում այն, որ նիստը վարողը մեկնաբանեց մեր ելույթները, ինչի իրավունքը կանոնակարգով էլ նա չունի: Իսկ ճշմարտությունը ոչ թե հեղինակության, այլ ժամանակի դուստրն է: Մնացածը ժամանակը ցույց կտա»,- մեզ հետ զրույցում Տ. Թորոսյանին այսպես խոհափիլիսոփայական նոտաներով հակադարձեց նա:
Հ.Գ. Ի դեպ, Ա. Սադոյանը երեկ հայտարարեց, թե գործադիրն օրենսդիրին վերածել է դակիչ մեքենայի: Անդրադառնալով այդ հայտարարությանը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նկատեց. «Ես այդ գնահատականի հետ համաձայն չեմ: Գործադիրը օրենսդիրին դակիչի չի վերածել: Մենք ունենք մեր մոտեցումները: Կփորձենք մեր մոտեցումները համոզել, բանակցությունների միջոցով պաշտպանել»: