Այսօր արդեն Եվրոպայի ինտեգրմանը կողմնակից դարձած «Օրինաց երկիրը», այսինքն՝ Արթուր Բաղդասարյանը, 2001թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ, ռուսական քաղաքականության կողմնակից էր: Նա այն բացառիկ ռուսամետներից էր, ով ԱԺ ներկայացրեց «Ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը (ի դեպ, այդ նախաձեռնության համահեղինակը «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր, ով ներկայումս նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեռեւս չբացահայտված անդամն է):
Բարեբախտաբար, այն ժամանակ այդ օրինագիծը մերժվեց, ու այսօր նույնիսկ բացահայտ ռուսամետ ուժերն ափսոսանքով են հիշում Արթուր Վահանիչի ռուսական քաղաքականության ձախողումը՝ այն համարելով մեծ բացթողում հետագայում ՌԴ կողմից քաղաքական աջակցություն ակնկալելու տեսանկյունից: Հին ու անկոտրում ռուսամետները հենց դրանով են բացատրում Ա. Բաղդասարյանի սերն առ Եվրոպան ու Եվրոպային ինտեգրվելու մասին արտաքին աշխարհին ուղղված տարբեր մեսիջները: Ըստ դիտորդների, գերմանական թերթին տված Ա. Բաղդասարյանի վերջին աղմկահարույց հարցազրույցը, ինչը պատճառ դարձավ նրա պաշտոնանկությանը, հենց այդ նպատակն ուներ:
Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, այդպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալն ապացուցում է, որ եվրոպական արժեքային համակարգին հավատարմությունը տվյալ ուժի` ՕԵԿ-ի համար ամենեւին էլ սկզբունքային նշանակություն չունի: «Այդ ուժի համար այն մարտավարական նշանակություն ունի՝ կապված այն իրողության հետ, որն այդ պահին գոյություն ունի: Հիմա, երբ Եվրամիությունը որդեգրեց «Նոր հարեւաններ» ծրագիրը, ինչից պարզ դարձավ, որ ԵՄ-ն մտադիր է տեսանելի ապագայում Հարավային Կովկասի պետություններին ինտեգրել եվրոպական արժեքային համակարգի մեջ, Ա. Բաղդասարյանը դարձավ եվրոպամետ,- ասաց Հ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով,- այն, որ ՕԵԿ-ն առաջնորդվում է ոչ թե գաղափարական հստակ համոզմունքներով եւ սկզբունքներով, այլ մարտավարական նկատառումներով՝ կապված իշխանության համար պայքարում տվյալ պահին առավելություններ նվաճելու եւ այդ առավելությունները համապատասխան արդյունքի վերածելու խնդրով, հայտնի է, նորություն չէ: Կարծում եմ, այդ նախաձեռնությունը հենց դրա ապացույցն է»:
ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով, հասարակությանը պետք է հիշեցնել՝ ով ով է, այլապես նախկին ռուսամետը մի օրում դառնում է արեւմտամետ, ու ոչ ոք չի հասցնում նրան հիշեցնել իր ոչ հեռու անցյալը: «Երբ այդ օրինագիծն ԱԺ ներկայացվեց՝ ես ապշել էի: Եթե դա լիներ 1994-95թթ., ինչ-որ կարելի էր հասկանալ, բայց երբ մենք արդեն ԵԽ անդամ ենք, ու մեր արտաքին քաղաքական կողմնորոշումը կարծես թե ուրվագծվում էր դեպի Եվրոպա, զարմանալի էր լսել, որ ինչ-որ մի ժողովրդի լեզուն ուզում են դարձնել քո երկրի պետական լեզուն: Դժվար է նույնիսկ բառեր ընտրել ճիշտ որակելու համար այդ իրողությունը,- մեզ հետ զրույցում նշեց Խ. Հարությունյանը՝ ավելացնելով,- պրոբլեմը ոչ թե նրանում է, որ նման նախաձեռնությամբ հանդես եկող ուժը չէր գիտակցում, թե ինչպիսի հարված է հասցնում իր սեփական անկախ պետության պետականաշինության գործընթացին: Այլ նրանում է, որ այդպիսի նախաձեռնությունների հետեւում անթաքույց կանգնած են համապատասխան լեզուն ներկայացնող երկիրն ու նրա կառույցները: Քաղաքական կյանքում պատասխանատու դերակատարման հավակնող քաղաքական ուժը, տվյալ պարագայում՝ ՕԵԿ-ը, ըստ էության չէր էլ թաքցնում, որ ինքը որեւէ մեկի պատվերն է կատարում»: Ըստ Խ. Հարությունյանի, նման քաղաքական ուժը շատ ավելի վտանգավոր է դառնում, երբ գալիս է իշխանության, քանի որ այդ ժամանակ նա արդեն պատրաստ է կատարել տվյալ պատվերը: Մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ Ա. Բաղդասարյանը՝ լինելով իշխանության, նորից առաջ չքաշեց այդ օրինագիծը, Խ. Հարությունյանը պատասխանեց. «2001թ. այն ժամանակաշրջանն էր, երբ ռուսական քաղաքական միտքը սկսեց գիտակցել, որ Հարավային Կովկասի երկրները` ԵԽ-ին անդամակցելով, ըստ էության, կարող են ձեւավորել եւ ուրվագծել բացարձակապես նոր, ոչ ռուսական ուղղվածություն: Եվ բնական է՝ նման պարագայում ՌԴ-ն սկսեց մտածել հավելյալ հնարավորություններ օգտագործելու մասին` իր աշխարհաքաղաքական ներկայությունը Կովկասում ուժեղացնելու համար: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ ՌԴ-ն փորձեց այդ խնդիրները լուծել ոչ թե սեփական հնարավորություններն օգտագործելով, ինչպես ԱՄՆ-ը՝ ՀՀ-ում Ամերիկյան համալսարան բացելով, այլ մեր ռեսուրսներն օգտագործելով: Եվ՝ ՌԴ-ն նորից իր համար սովորական դարձած ռազմավարությամբ առաջնորդվեց ու որպես կանոն գտավ մի կամակատար քաղաքական ուժ կամ գործիչ, որն ինչ-որ խոստումների դիմաց փորձեց այդ նախաձեռնությունն առաջ քաշել: Այսինքն՝ իմ՝ հարկատուիս, ուսերին պետք է դրվեր ռուսական հետաքրքրությունն իրականացնող քաղաքականության ամրագրումը, եւ ես պետք է իրականացնեի դրա ծախսերը: Իսկ թե ինչու հետագայում ՕԵԿ-ը չշարունակեց այդ քաղաքականությունը, ապա կարող եմ ասել, որ հետագայում Հայաստանում Եվրոպան օր օրի ավելի է ներկա: Այսինքն՝ այլեւս նման հետաքրքրություն չկար, եւ ժամանակավրեպ էր այդ նախաձեռնություն-քաղաքականության իրականացումը: Այսինքն՝ 2003թ. ընտրություններից հետո, երբ այլեւս հասկանալի դարձավ ԵԽ շատ վճռական դերակատարումը ներքաղաքական կյանքում եւ նրա ու ԱՄՆ-ի ազդեցությունը, այդ քաղաքական ուժը, ինչպես նաեւ այլ ռուսամետ ուժեր, այլեւս մոռացան Ռուսաստանի հետաքրքրությունները: Նրանց սկսեցին հետաքրքրել այլ երկրների հետաքրքրությունները»:
Իսկ մեր հարցին, թե ինչո՞ւ ՌԴ-ն 2001թ. որոշեց իր այդ քաղաքականությունն իրականացնելու համար հենվել ոչ թե բացահայտ ռուսամետ քաղաքական ուժերի վրա, այլ՝ Արթուր Բաղդասարյանի, Խ. Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդ նախաձեռնությամբ հանդես գալու մասին շատերին է առաջարկվել, ուղղակի Արթուր Բաղդասարյանն առաջինն է փորձել դա իրականացնել: Պատկերացրեք, թե մրցույթ է եղել, ով առաջինը վերցներ փաթեթը, նրա վրա էլ ՌԴ-ն հենվելու էր: Բանն այն է, որ այդ նախաձեռնությունը գայթակղիչ էր թվացել Ա. Բաղդասարյանին՝ իր հեռանկարը, այդ թվում՝ արտաքին քաղաքական աջակցությունն ապահովելու տեսանկյունից, եւ նա առաջինն էր վերցրել փաթեթը: Ուղղակի ուրիշները չհասցրեցին: Կարծում եմ՝ այդ ժամանակ ուժեր կային, ովքեր կողքից նայում էին ու ափսոսում, որ իրենք առաջինը չվերցրեցին: Մենք պետք է զգոն լինենք այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր իրենց քաղաքական հեղինակությունը փնտրում են արտաքին աջակցության մեջ»:
Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, Ա. Բաղդասարյանի՝ «Ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու ճանաչելու մասին» 2001թ. ԱԺ ներկայացրած օրինագիծը ոչ մի բանով չէր տարբերվում Վիկտոր Յանուկովիչի համապատասխան նախաձեռնությունից, որը նա հրապարակեց Ուկրաինայի նախագահական ընտրությունների նախօրյակին: Միակ տարբերությունն այն էր, որ Ա. Բաղդասարյանը դա արեց Յանուկովիչից էլ շուտ, եւ Ռուսաստանին ցույց տվեց, որ Հայաստանում նման նախաձեռնություն իրականացնողը հենց ինքն է: «Յանուկովիչը դա արեց ընտրություններից առաջ, երբ օժանդակություն էր ակնկալում Մոսկվայի կողմից: Իր այդ ակնկալիքները մերկապարանոց չէին. այդ օժանդակությունը եղավ, սակայն դրան հետեւեց նարնջագույն հեղափոխությունը, որը հնարավորություն չտվեց Յանուկովիչին ամրագրելու այն արդյունքը, որը նվաճել էր՝ հիմնվելով Մոսկվայի աջակցության վրա»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Ի դեպ, քաղաքագետ Հ. Հովհաննիսյանը, ով շատ լավ է հիշում նախորդ գումարման ԱԺ-ում քննարկման ներկայացված այդ օրինագծի մանրամասները, նաեւ չէր մոռացել Ա. Բաղդասարյանի մյուս ճամբար անցնելու «տրյուկը»: «Իրավիճակը զավեշտալի էր, համարյա թե գրոտեսկի էր նմանվում. Ա. Բաղդասարյանը, ով Յանուկովիչին հոգեհարազատ նախաձեռնությամբ էր հանդես եկել, 2005-ին ելույթ ունեցավ Մայդանում եւ ողջունեց Յուշչենկոյի մոտեցումները, ծրագրերն ու նարնջագույն հեղափոխության նպատակները, որոնք ամենեւին էլ հարիր չեն նման նախաձեռնությանը»,- հիշեցրեց Հ. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, թե ի տարբերություն Յանուկովիչի, ՕԵԿ-ին Ռուսաստանի կողմից օժանդակություն չեղավ, որովհետեւ ՌԴ-ն, ըստ նրա, պակաս կաթոլիկ է, քան այն մարդիկ, ովքեր ցանկանում են ամեն գնով Ռուսաստանի քաղաքական աջակցությունը ստանալ: «ՌԴ-ն շատ լավ հասկանում է, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, եւ այստեղ նման հարցադրումների համար հիմք չկա: Այլ է Ուկրաինայի պարագայում, որտեղ բնակչության կեսից ավելին իր մայրենի լեզուն է համարում ռուսերենը: Իսկ այն տխուր իրողությունը, որ նմանատիպ նախաձեռնությամբ Հայաստանում գտնվել է քաղաքական ուժ, ցույց է տալիս, որ մեզանում իսկապես դրսից քաղաքական աջակցություն ստանալու՝ կապ չունի, թե ում կողմից՝ ԱՄՆ-ի՞, Եվրամիությա՞ն, թե՞ ՌԴ-ի, մոլուցքը դարձել է համատարած: Այդ գրգիռն ուղղակի մարդկանց խանգարում է ձեւավորելու որոշակի գաղափարական սկզբունքներ եւ հավատարիմ մնալու այդ սկզբունքներին»,- նկատեց պատգամավոր Հ. Հովհաննիսյանը:
Հարցին, թե կա՞ երաշխիք, որ այսօր եվրոպամետ դարձած Ա. Բաղդասարյանը առաջիկա ընտրություններից առաջ նորից չի վերանայի իր կողմնորոշումները, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Մի մոռացեք, որ երբ այդ նախաձեռնությունը եղավ, իսկ դա 2001 թվականի վերջում էր, դեռեւս չէր հրապարակվել «Նոր հարեւաններ» ծրագիրը, դեռեւս Վրաստանում եւ Ուկրաինայում ի հայտ չէին եկել հայտնի իրողությունները, դեռեւս Պուտինը չէր հայտարարել, որ ԱՊՀ-ն ավելի շուտ քաղաքակիրթ բաժանման մեխանիզմ է, այլ ոչ թե ինտեգրման: Եվ այդ քաղաքականության հեռանկարների շրջանակներում ՕԵԿ-ը շահեկան էր դիտում առաջ անցնել Ուկրաինայում Կրեմլի դրածոներից ու հանդես գալ նման նախաձեռնությամբ: Հիմա Ա. Բաղդասարյանը նման դիրքերից հանդես չի գա, որովհետեւ հետագա զարգացումները ստիպեցին Կրեմլին հրաժարվել վարդագույն պատկերացումներից, թե արագ կարող են վերականգնել սեփական դիրքերը: Օրինակ, Ուկրաինայում շատ բիրտ ու միանշանակ խաղաքարտ դրեցին Յանուկովիչի խաղաքարտի վրա: Ղրղըզստանում այլ կերպ վարվեցին. պահուստային տարբերակ ունեին եւ պարզեցին, որ ժողովրդավարական ընդդիմություն հանդես եկող ուժերն իրականում նույն Կրեմլի հովանու տակ գործող ուժերն են, եւ Կրեմլն ամենեւին էլ չկորցրեց իր դիրքերը հեղափոխության արդյունքում: Դրա համար ՌԴ-ն վերանայեց իր բլից-կրիգի ծրագիրը նախկին ԽՍՀՄ տարածքում, եւ այնտեղ վերնախավերի փոփոխություն նախաձեռնելու իր մոտեցումը: Այսօր ՌԴ-ն զգուշավոր մոտեցում է ցուցաբերում, եւ հակառակը՝ Եվրամիությունն է ակտիվացել, ԱՄՆ-ն է փորձում արժեքային համակարգը, որը ներդրեց Վրաստանում եւ Ուկրաինայում, տարածել այլ պետություններում, նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում: Այս նույն իրավիճակում դժվար թե Ա. Բաղդասարյանը ցանկանա վերադառնալ այդ կամ նմանատիպ այլ նախաձեռնությանը: Նրանք հիմա ավելի շատ հակված են մտածելու ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հովանավորությունը վայելելու մասին, եւ նրանց հայտարարություններն այդ ուղղությամբ են»: Ի դեպ, ըստ Հ. Հովհաննիսյանի` այդ «լողացող» քաղաքականությունը միայն ՕԵԿ-ին չէ հոգեհարազատ: Հ. Հովհաննիսյանի ակնարկը, բացի վերոնշյալ օրինագծի համահեղինակ Վ. Դալլաքյանից, ուղղված էր «Ազգային Միաբանությանը»: «Մի մոռացեք, որ ընդդիմադիր դաշտում էլ մի շարք լիդերներ եւ կազմակերպություններ կան, որոնք երդվում էին ՌԴ անունով, պատրաստ էին հրաժարվել ազգային դրամից եւ ՌԴ-ի ու Բելառուսի հետ մտնել ռուբլու գոտի: Իրենց հակաճգնաժամային ծրագրերն այդ հարթության մեջ էին հիմնավորվում: Բայց այդ ուժերն այսօր 180 աստիճանով շրջվել են դեպի Արեւմուտք, ԱՄՆ եւ անընդհատ Բուշի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի գովքն են անում, ինչը, համոզված եմ՝ նույն Բուշի, Կոնդոլիզա Ռայսի եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների ծիծաղն է առաջացնում: Այդ հայտարարությունները, միեւնույն է, չի դրդի նրանց այդպիսի ուժերի հետ կապել իրենց ծրագրերի իրականացման նպատակները»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
Ռուսական քաղաքականության կողմնակից ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը նույնպես զարմացավ, երբ հիշեցրինք Ա. Բաղդասարյանի վերոնշյալ օրինագծի մասին: Արամ Գ. Սարգսյանի հավաստմամբ, նույնիսկ ինքը, ով խորը ակնածանքով է վերաբերվում ռուսական պետությանը, լեզվին, չէր կարող նման օրինագիծ ներկայացնել ԱԺ: «Անկախության պայմաններում, երբ երկիրդ արդեն անկախ պետություն է, կարող է խոսք գնալ միայն մեկ բանի մասին. զարգացնելով քո սեփական լեզուն` ամենայն ուշադրությամբ վերաբերվես այն լեզուներին, որոնք քեզ անհրաժեշտ են հարաբերվելու համար արտաքին աշխարհի հետ: Բայց դա չի նշանակում, թե քո լեզուն նույն կարգավիճակի մեջ պիտի լինի այլ լեզվի հետ, ու այն հավասարության վրա չպետք է դնել քո լեզվի հետ: Եթե ՌԴ-ում կան մարդիկ, ովքեր պնդում են, թե դա այդպես պետք է լինի, ուրեմն նրանց հետ պետք է խոսել համապատասխան լեզվով, ուրիշ ոչինչ»,- ասաց նա՝ նկատելով, թե նման մոտեցումը վկայում է այն մասին, թե դու որքան ստրկամիտ ես: Ըստ նրա, այսօր կա նաեւ ստրկամտություն դեպի անգլերեն լեզուն, քանի որ գրեթե բոլոր ցուցափեղկերն այսօր անգլերեն լեզվով են։ «Ի՞նչ տարբերություն, էդ նույն ստրկամտությունը չի՞»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը: