Արամ Կարապետյանը չգիտի՞ Ջավախքի տեղը

16/06/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Կարծիք կա, որ ռուսական կողմը պարզապես շահարկում է Ջավախքում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակն ու արհեստականորեն, բողոքի տարբեր ակցիաներ հրահրելով, փորձում է «նեղել» Վրաստանին: Հիշեցնենք, որ վերջին շրջանում հայկական կողմից հաճախակի են դարձել Ջավախքին ինքնավարություն տալու անհրաժեշտության մասին հայտարարությունները: Վերջերս էլ «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը Երեւանում հանրահավաք էր կազմակերպել` «ի պաշտպանություն Ջավախքի բնակչության իրավունքների»: Երեկ «Փաստարկ» ակումբում անդրադառնալով վերոնշյալ հանրահավաքին` «Ջավախք» հայրենակցական միության նորընտիր նախագահ Շիրակ Թորոսյանը հայտարարեց, թե իրենց միությունը չի խրախուսում Ջավախքի բնակչության իրավունքների պաշտպանության համար «Նոր Ժամանակների» հանրահավաքը: «Մենք դեմ ենք որոշ, չեմ խորշում ասել, արկածախնդրական միջոցառումներին, որովհետեւ Ջավախքի հիմնախնդիրը խորը ուսումնասիրության, պրոֆեսիոնալ մոտեցման կարիք ունի, ոչ թե քաղաքական դիվիդենտներ շահելուն պետք է ծառայի»,- նշեց Շ. Թորոսյանը: Վերջինիս խոսքերով` Ա. Կարապետյանը հանրահավաք-երթից առաջ դիմել է «Ջավախք» հայրենակցական միությանն ու «Հզոր Հայրենիք» կուսակցությանը, որպեսզի նրանք էլ միանան «Նոր Ժամանակների» նախաձեռնությանը: «Արամ Կարապետյանն ուղղակիորեն չպատկերացնելով, թե Ջավախքի հիմնախնդիրն ի՞նչ է, Ջավախքը որտե՞ղ է գտնվում, եւ ինչպե՞ս կարելի է այդ հիմնախնդիրը լուծել… Ուղղակի քաղաքական ակցիա էր, որոշակի քաղաքական շահաբաժին շահելու համար»,- կարծում է Շ. Թորոսյանը` այդկերպ բացատրելով, թե ինչու չեն միացել «Նոր Ժամանակների» վերոնշյալ միջոցառմանը:

Անդրադառնալով Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման խնդրին` «Ջավախք» հայրենակցական միության նախագահը հայտարարեց, թե ջավախահայությունը Կարս-Ախալքալաք երկաթուղին համարում է զուտ թուրք-վրացական հարաբերության գործ, բայց քանի որ դա անմիջապես առնչվում է Հայաստանի շահերին, ապա Ջավախքը հանդես է գալիս երկաթուղու կառուցման դեմ: «Բոլորս էլ գիտակցում ենք. եթե Կարս-Ախալքալաք երկաթուղին անցնում է Ջավախքով, Ջավախքի տնտեսությունն ուղղակիորեն զարգանալու է: Տրանսպորտային հանգույց է լինելու, մարդիկ օգտվելու են դրանից, աշխատատեղ է լինելու, առեւտրի ճանապարհ են գտնելու եւ այլն: Սակայն ջավախքցին, քաջ գիտակցելով, որ դա չի բխում Մայր հայրենիքի շահից, ուղղակիորեն դեմ է դրան»,- վստահեցնում է Շ. Թորոսյանը: Հետաքրքիր է, իսկ եթե երկաթուղու կառուցման շինարարությունը սկսվի, ջավախահայությունը դրա դեմ գործնական ինչ-որ բան կանի՞: Շ. Թորոսյանը չցանկացավ այժմ խոսել այդ մասին, սակայն նշեց. «Կարծում եմ, այնուամենայնիվ, կանի»:

Թորոսյանի խոսքերով` իրենք անընդունելի են համարում, որ Ջավախքում ռուսական զորքերին փոխարինեն վրացական զորքերը, քանզի, ըստ նրա, պատմությունը հաստատել է, որ վրացի զինվորներն իրենց բավական վատ են պահում այդ տարածաշրջանում, եւ առաջանում է բախում տեղի բնակչության հետ: Շ. Թորոսյանն առաջարկում է բարձրացնել Ջավախքի տեղական ինքնակառավարման մակարդակը, սակայն նա բնական է համարում, որ եթե Վրաստանը գնում է ֆեդերալ կառուցվածքի, ապա այդ ֆեդերալ կառուցվածքում Ջավախքն ինքնավարություն ունենա: