Ինչպես գիտեք` 1998թ. ստեղծվեց Սոդքի հանքերի արդյունահանման համատեղ ձեռնարկություն՝ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ), որի 50 տոկոսի բաժնետերը հնդկական «Սթերլայթ Գօլդ Լիմիթեդ» ընկերությունն էր, իսկ մյուս 50 տոկոսը տնօրինում էր ՀՀ կառավարությունն` ի դեմս «Հայոսկի» պետական ձեռնարկության:
Համատեղ ձեռնարկությունն ուներ իր 22 մլն դոլար կանոնադիր կապիտալը, որտեղ երկու կողմերի ներդրումը բնականաբար հավասար էր 11-ական մլն դոլարի: Այսինքն, հնդիկ սեփականատերերը 11 մլն դոլարով գնել են մեր ոսկու հանքերի ուղիղ կեսը: Իսկ 2002թ. հնդիկներն ընդամենը 3,5 մլն դոլարով գնել են մյուս կեսը, եւ 14,5 մլն դոլարով տիրացել են Սոդքի ոսկու այն հանքին, որտեղից առաջիկա 12 տարիների ընթացքում պետք է արդյունահանվի ավելի քան 50 տոննա ոսկի: Իսկ ոսկու գինը միջազգային շուկայում գնալով բարձրանում է: Ճիշտ է, այս վերջին օրերին գնի անկում է նկատվում՝ 1 ունցիայի (31,1գր.) գինը 680 դոլարից իջել է 540 դոլարի, բայց փորձագետների կարծիքով` շուտով սկսելու է նորից բարձրանալ: Մանավանդ որ՝ ամբողջ աշխարհում արդյունահանվող ոսկու հայտնի պաշարները գնալով սպառվում են:
Երեկ, ինչպես եւ սպասվում էր, հնդիկ սեփականատերերը «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» փոխանցեցին Լոնդոնի բորսայում գրանցված «Վեդանտա Ռեսուրսես» ընկերությանը, որը հանդիսանում է ցինկի, արծաթի, պղնձի, կապարի եւ ալյումինի համաշխարհային ամենամեծ արտադրողներից մեկը: «Վեդանտա Ռեսուրսեսի» նախագահ հնդիկ Անիլ Ագարվալը նաեւ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» սեփականատեր «Սթերլայթ Գօլդի» նախագահն է: Ստացվում է, որ «Սթերլայթ Գօլդ Լիմիթեդը» «Վեդանտա Ռեսուրսեսի» դուստր ձեռնարկությունն է, ինչը ձեռնարկության տնօրեն Վարդան Վարդանյանը համառորեն չէր ուզում ընդունել:
Ինչեւէ, այս պահին շատ հետաքրքիր զարգացումներ են ապրում ձեռնարկության եւ ՀՀ կառավարության` ի դեմս Բնապահպանության նախարարության, հարաբերությունները: Ինչպես տեղեկացրել էինք, ԱՈԱՁ-ն վաղեմի ցանկություն ունի ոսկու կորզման գործարանն Արարատից տեղափոխել Վարդենիս՝ Սոդքին մոտիկ: Մեր կառավարությունն ընկերության առաջին առաջարկությունը չի ընդունել, որովհետեւ այդ տարբերակը բնապահպանական լուրջ խնդիրներ էր առաջացնելու հատկապես Սեւանա լճի համար: Երկու շաբաթ առաջ ընկերության ղեկավարներն ասացին, որ կառավարությանը ներկայացրել են երկրորդ առաջարկը եւ սպասում են պատասխանի: Այս անգամ նախատեսել են գործարանը կառուցել լճից 35 կմ հեռավորության վրա (նախկին առաջարկի դեպքում հեռավորությունը 6 կմ էր): Բայց երեքշաբթի անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը: Նախարարի ասելով` ԱՈԱՁ սեփականատերերն ավելի շատ չարաշահումներ են կատարել, քան՝ ներդրումներ: Նա նույնիսկ պաշտոնապես մեղադրել է, թե գործարանը թաքցնում է արդյունահանած ոսկու իրական չափը, որպեսզի բյուջե քիչ գումար մուծի: Բացի այդ, նախարարը հերքել էր, որ ընկերությունը երկրորդ առաջարկն է ներկայացրել կառավարություն: Վ.Այվազյանը հայտարարել էր, որ կառավարությունը պարտավոր չէ նրանց համար տեղ որոշել եւ հատկացնել: Այս բոլոր դիտարկումներին այսօր պատասխան տվեցին ընկերության ղեկավարները: «Եթե մենք օրինազանց ընկերություն լինեինք, ապա մեր վերաբերյալ բազմաթիվ գործեր կլինեին դատարանում»,- ասաց հնդիկ տնօրեն Բ.Շարման:
«1 տոննա ոսկի թաքցնելու դեպքում ընկերությունը չէր ստանա 20 մլն դոլար,- ըստ ընկերության իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանի` ձեռնտու չէ: -20 մլն դոլար չստանա, որ չվճարի՞ հարկեր»: «Մենք առաջարկն ուղարկել ենք եւ պատասխան էլ ստացել ենք»,- ասում է Վ.Վարդանյանը: Բացի այդ, Վ. Այվազյանը հայտարարել էր, որ ընկերությունը թույլ է տվել նաեւ բնապահպանական խախտումներ: ԱՈԱՁ իրավաբանի ասելով` 2004-2005թթ. նախարարությունը երկու անգամ ակտավորել է ընկերությանը, բայց իրենք այդ ակտերը երկու անգամ էլ վիճարկել են դատարանում եւ դատը շահել են: Իսկ Ա. Տեր-Տաճատյանը երեկ ակնարկում էր, թե ոսկու գները միջազգային շուկայում բարձրացել են, դրան զուգահեռ` ձեռնարկատերերից նախարարի ակնկալիքները մեծացել են: Նախարարը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ արդեն այսօր կծանոթանա ընկերության ղեկավարների հայտարարություններին ու արժանի հակահարված կտա: «Մի շտապեք»,- խորհուրդ տվեց նա մեզ: Ուղղակի հիշեցնենք, որ անցած տարի, երբ «հայ-հնդկական» հարաբերությունները նորից աշխուժացել էին, մամուլում հրապարակում եղավ, թե գործարանի տերերը նախարարին երկու «Ջիպ» են նվիրել: Հավանաբար այս տարի ակնկալիքներն ավելի են մեծացել: Այդպես էր զգացնել տալիս հակառակ կողմը: Հնարավոր է, մանավանդ որ, տարին էլ նախընտրական է: Բայց սպասենք դեպքերի զարգացմանը, քանի որ կենացները խոստանում են քաղցրանալ: