Հայաստանն առավել խոցելի է ուլտրամանուշակագույն ճառագայթման համար

16/06/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հունիսի 22-ին կգրանցվի ուլտրամանուշակագույն ճառագայթման (ՈՒՄՃ) ինտենսիվության առավելագույն ցերեկային դոզան, երբ արեւը կգտնվի իր ամենաբարձր դիրքում։ Արդեն իսկ օդերեւութաբանները տեղեկացնում եւ զգուշացնում են, որ Հայաստանում ՈՒՄՃ-ի ինդեքսը կրում է 13 արժեքը, որը համարվում է շատ բարձր նիշ։ Իսկ դա նշանակում է, որ ցերեկային ժամերին` առավելապես ժամը 11-15-ն ընկած ժամանակահատվածում (ցերեկային դոզայի մոտ 90%-ը գալիս է այդ ժամանակ) չի կարելի գտնվել արեւի ուղիղ ճառագայթների տակ։

Ըստ Հայպետհիդրոմետի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Դավիթ Մելքոնյանի, իբրեւ բարձր ռելիեֆային գոտու բնակիչներ, հայերն ինչ-որ առումով ընտելացած են արեւի բարձր ճառագայթմանը, ինչը չի կարելի ասել դրսից եկածների համար։ ՈՒՄՃ-ի ինտենսիվությունը կախված է ինչպես օրվա ժամից, եղանակից, այնպես էլ օզոնային շերտի վիճակից։ Օզոնի շերտի չափումներ Հայաստանում կատարվում են դեռեւս 1990-ականներից, իսկ 2000-ից` Արագածի հարավային լանջին տեղակայված արդի սարքի միջոցով, Ամբերդի կայանից, որը համարվում է Հարավային Կովկասի կենտրոնը (օզոնի շերտը փոխվում է 500 կմ շառավղով) եւ ընդգրկված է համաշխարհային ցանցի մեջ։ «Օզոնի շերտի վիճակը բարվոք չէ, եւ դա վկայում է այն փաստը, որ նախորդ տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բացվել էր օզոնի հարավային` Անտարկտիդայի խոռոչը, եւ այդ ժամանակ Հայաստանի վրայով անցել են 7-8 մինի խոռոչներ։ Այնպես որ, օզոնի շերտի խնդիրը շարունակում է գոյություն ունենալ, եւ որքան էլ պաշտպանական միջոցառումներ ձեռնարկվեն, արդյունքները դեռեւս չի կարելի բավարար համարել, քանի որ օզոնային շերտը քայքայող նյութերը մթնոլորտում ապրում են 50-60 տարուց էլ երկար»,- ասում է Դ. Մելքոնյանը։

Ըստ Բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի ղեկավար Ասյա Մուրադյանի` վերնոլորտում 20-30 կմ բարձրության վրա գտնվող օզոնի հիմնական զանգվածն իր պարունակությամբ թեեւ շատ քիչ է մթնոլորտում, սակայն շատ մեծ դեր է խաղում կենսոլորտի համար, որովհետեւ որպես վահան պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման վտանգավոր եւ մահաբեր ալիքներից։ Երկար տարիներ կարծիք է եղել, թե օզոնային շերտն անփոփոխ է, սակայն միայն անցյալ դարի 80-ականներից պարզվել է, որ մարդկային գործունեության արդյունքում պակասում է օզոնի պարունակությունն օդի զանգվածի ուղղահայաց հատվածում։ Շատ մաշված հատվածները կոչվում են օզոնի խոռոչներ։ 1985թ. ընդունված «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի կոնվենցիան եւ 1987-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը Հայաստանը վավերացրել է 1999-ին։ Ըստ Ա. Մուրադյանի` ստանձնած պարտավորությունների համաձայն` մշակված է ազգային ծրագիր, որը ներկա դրությամբ ներառում է 6 նախագիծ` մշակված յուրաքանչյուր բնագավառի համար։ Մարդկանց կողմից ստեղծված քլորֆտորածխածիններ կոչվող քիմիական նյութերն` արտանետվելով մթնոլորտ` քայքայում են օզոնային շերտը։ Այդպիսի նյութեր պարունակվում են որոշ հին սառնարաններում եւ օդի լավորակիչներում, աերոզոլների արտադրության մեջ, հալոնն օգտագործվում է կրակմարիչներում, մեթիլ բրոմիդ միջատասպան միջոցը` գյուղատնտեսության մեջ։ Սկզբնական շրջանում արտանետվող վտանգավոր նյութերն 8-ն են եղել, հետագայում բացահայտվել են նույն հատկություններով այլ գազեր եւս, որոնք բոլորը ենթակա են փոխարինման օզոնաանվտանգ նյութերով։ «Հայաստանը երբեւէ չի արտադրել օզոն քայքայող որեւէ նյութ, սակայն խորհրդային տարիներին որոշակի քանակությամբ ներկրել է Ռուսաստանից։ Ներկայումս մենք ունենք երկու ձեռնարկություն` «ՍԱԳԱ»-ն եւ «Կենցաղքիմ»-ը, որոնք արդյունաբերական սառնարանների եւ աերոզոլների արտադրության մեջ օգտագործում էին այդ նյութերը, սակայն 2 տարվա աշխատանքներից հետո Գլոբալ էկոլոգիական ֆոնդից ստացված ֆինանսական միջոցներով նրանք հրաժարվել են հին տեխնոլոգիաներից եւ վտանգավոր նյութերը փոխարինվել են օզոնաանվտանգ նյութերով, ինչը նրանց արտադրանքը դարձել է մրցունակ, որովհետեւ աշխարհի բոլոր երկրները հրաժարվում են օզոնը քայքայող սարքավորումներ գնելուց»,- ասում է ազգային կենտրոնի ղեկավարը։ Տկն Մուրադյանը ներկայացրեց նաեւ սառնագենտի կառավարման ծրագիրը, որի համաձայն` տնային սառնարանների մեջ օգտագործվող քլորֆտորածխածինները ենթակա են փոխարինման կամ լավագույն սպասարկման։ «Եթե դուք ունեք սառնարան, որն աշխատում է ֆրեոն 12-ով, բնականաբար, ոչ ոք ձեզ չի կարող արգելել։ Մեր ուսուցանված մասնագետներն արդեն գիտեն, թե ինչպես կարելի է աշխատել այդ սառնարանների հետ, որպեսզի վնասակար նյութերը չարտանետվեն մթնոլորտ։ Գնված են մեծ քանակությամբ սարքավորումներ, ստեղծված են կենտրոններ, որտեղ վերաշրջանառության է ենթարկվում հավաքված գազը եւ կենտրոնացված ձեւով վերալիցքավորվում»,- բացատրում է Ասյա Մուրադյանը։ Պարզվում է, որ վտանգավոր գազերի մեջ պարունակվող մեկ մոլեկուլ քլորն ի վիճակի է ոչնչացնել օզոնի միլիոնավոր մոլեկուլներ։ Այնպես որ, օզոնի շերտի պահպանումը գոյապահպանության խնդիր է, երկիր մոլորակին «սպառնացող ամենամեծ էկոլոգիական աղետներից», տկն Մուրադյանի խոսքերով` ավելի մեծ, քան կլիմայի փոփոխությունը։ Օզոնի ազգային կենտրոնի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ իրենք բնակչության շրջանում իրազեկման մեծ աշխատանքներ են տանում, քանի որ Հայաստանի նման լեռնային երկիրն ավելի խոցելի է ուլտրամանուշակագույն ճառագայթման համար, իսկ այն պատճառ է դառնում մաշկի քաղցկեղի առաջացման, մաշկի վաղաժամ ծերացման, վնասում է տեսողությունը, թուլացնում մարդու օրգանիզմի դիմադրողականությունը վարակիչ հիվանդությունների նկատմամբ։

Մինչեւ 14 տարեկան երեխաներն ավելի խոցելի են ուլտրամանուշակագույն ճառագայթման պատճառով առաջացող հիվանդությունների հանդեպ։ «Եթե ՈՒՄՃ-ի ինդեքսն 8-ից բարձր է, պետք է գլխարկ հագնել, ակնոց կրել, թեւերը փակել, որպեսզի չստանաս այդ վնասակար ճառագայթումը»,- զգուշացնում է Ա. Մուրադյանը։ Նա նշեց, որ իրենք մոտ ժամանակներս պատրաստվում են Սեւանա լճի ափերին արեւայրուք ընդունող քաղաքացիների համար սեմինարների մեծ ակցիա անցկացնել, որպեսզի ազգաբնակչությունն իրեն պաշտպանված զգա եւ մյուս կողմից չստեղծի վտանգավոր նյութերի լրացուցիչ պահանջարկ, որպեսզի գոնե մոտակա 40-50 տարվա ընթացքում օզոնի շերտը վերականգնվի կամ թերեւս դադարի քայքայվելուց։