Ինչպես ասվում է ԱՄՆ-ի պաշտոնական ռազմավարությունում, աշխարհում իր գերիշխող դիրքորոշման ընդլայնման եւ ամրապնդման համար Միացյալ Նահանգները ձգտում է վերահսկողություն սահմանել ծովային եւ օդային հաղորդակցության ուղիների վրա, գլխավորել տիեզերքի նվաճումը, մշտական հնարավորություն ունենալ հիմնական շուկաների եւ պաշարների նկատմամբ: Աշխարհում ԱՄՆ-ի գերիշխող դիրքորոշման պահպանումն առաջին հերթին կապված է Եվրասիայում այդ երկրի ազդեցության հետ, ինչի համար անհրաժեշտ է սեփական վերահսկողության տակ առնել էներգետիկ պաշարները եւ երթուղիները, նման կոալիցիաների առաջացման կանխարգելումը, որոնք կարող են խանգարել:
Սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ-ի ձեռնարկած գերռազմավարական քայլերը չեն սահմանափակվում միայն Աֆղանստանում եւ Իրաքում ռազմական գործողություններով եւ գունավոր հեղափոխություններով. այս երկրի ջանքերն ուղղված են ոչ միայն էներգապաշարների եւ երթուղիների վրա վերահսկողություն ձեռք բերելուն, այլեւ իր իրական մրցակիցներին՝ Ռուսաստանին եւ Չինաստանին ասպարեզից հեռացնելուն: Այսպիսով, Սեւծովյան տարածաշրջանը պայքարի կարեւորագույն դաշտ է դառնում եվրասիական մայրցամաքում ազդեցության համար: ԱՄՆ-ը Սեւ ծովում իր ներկայությունն արդարացնում է ոչ այնքան ճշմարտանման՝ մաքսանենգության եւ ահաբեկչության դեմ պայքարի առիթով: Սեւ ծովում հիմնավորվելով ՆԱՏՕ-ի միջոցով, ԱՄՆ-ը փորձում է առավելություններ ձեռք բերել Ռուսաստանին դիմակայելու հարցում, վերահսկողության տակ առնելով էներգետիկ երթուղիները:
Սեւ ծովն առանցքային տեղ է գրավում ԱՄՆ-ի ծրագրերում, որը փորձում է շրջապատել Ռուսաստանին Բալթիկայից մինչեւ Ղրղըզստան՝ շրջանը կփակվի միայն Սեւ ծովում: (Այդ շրջապատման գիծը եւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հարաբերությունները հիշեցնում են Սառը պատերազմի ժամանակահատվածը: Սակայն այս անգամ զավթողագործությունն իրականացնում է ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի միջոցով):
Սեւ ծովի վրա վերահսկողություն ունենալու ԱՄՆ-ի ձգտումը բացատրվում է իր ազդեցության ոլորտում նաեւ էներգետիկ երթուղիները ներառելու մտադրությամբ, որոնց կարեւորությունը մեծանում է օրեցօր: Նեղուցները եւ Սեւ ծովն ինքնին կարեւոր էներգետիկ երթուղիներ են հանդիսանում, սրանց շարքին կարելի է դասել նաեւ Երկնագույն վտակ խողովակաշարը, որն անցնում է Սեւ ծովի հատակով: Արմատներ ձգելով Սեւ ծովում, ԱՄՆ-ը կարող է իր վերահսկողության տակ առնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Անատոլիայից Արեւմուտք տանող նոր էներգետիկ երթուղիներ, դեպի արեւմուտք ուղղված Ռուսաստանի բոլոր նավթա եւ գազատարները:
Սեւ ծովի վրայի ռազմակայանները ԱՄՆ-ին թույլ կտան ազդեցություն ունենալ Մերձավոր Արեւելքի եւ Կասպյան ավազանի էներգետիկ պաշարների օգտագործման, Բալկանյան տարածաշրջանի եւ Կովկասի, ինչպես նաեւ` Մերձավոր Արեւելքի վրա: Այսպիսով, Սեւ ծովի վերահսկողությունը կարեւորագույն քայլ կդառնա Եվրասիական մայրցամաքի շախմատային տախտակի վրա:
Առաջադրված խնդիրների ձեռք բերման համար ԱՄՆ-ը պետք է իր համար անընդմեջ հնարավորություններ ապահովի Սեւ ծովում, ինչը ենթադրում է փոփոխություններ Մոնթրեյի պայմանագրում, քանի որ այդ պայմանագիրը ոչ սեւծովյան երկրների նավերի համար մնալու ժամկետ եւ տարողության սահմանափակումներ է նախատեսում: Իսկ պայմանագրում փոփոխություններ մտցնելու պարագայում Թուրքիան կկորցնի իր վերահսկողությունը նեղուցների վրա եւ կխախտվի հետլոզանյան հավասարակշռությունը: Ահա թե ինչու ներկայումս Սեւ ծովը դարձել է եւս մեկ ոլորտ, որտեղ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի շահերը չեն համընկնում: