Իրաքյան պատերազմի արյունքները

16/06/2006 Ռուբեն ԱՆԳԱԼԱԴՅԱՆ

Նախաբան

Իրաքյան պատերազմն ունի իր բացահայտ եւ ոչ բացահայտ խնդիրները, ինչպես նաեւ իր ավարտը: Բնականաբար, պատերազմը կունենա եւ իր արդյունքները, որոնք էլ կփորձենք կանխատեսել աշխարհընկալման ռակուրսով: Այս պատերազմը, ինչպես ցանկացած պատերազմ, հրեշավոր է, սակայն այն հետաքրքրական է վերլուծության տեսակետից: Այն հետաքրքիր է նաեւ իբրեւ աշխարհաքաղաքական խաղ, որը, ես վստահ եմ, կհանգեցնի քաղաքական, էթնիկական, նաեւ աշխարհայացքային ու աշխարհընկալման սահմանների նոր փոխակերպության: Սա պատերազմ է ոչ այնքան հանուն էներգետիկ ռեսուրսների, ոչ այնքան հանուն կրոնական կամ ազգային արժեքների, որքան հանուն նոր աշխարհայացքի: Ժողովրդավարությունն ու նրա ետեւում կանգնած երկրների կոալիցիան փորձում են վերափոխել մի շարք երկրների աշխարհայացքը, դրա վկայությունն է Իրաքում նախկին դիկտատորի դեմ դատավարությունը եւ իշխանության ընտրական համակարգը: Որոշ երկրներ (Իրանը) ցավագին կամ ագրեսիվ են ընդունում տարածաշրջանում պատերազմը եւ այսօրվա քաղաքակրթությունն ընդհանրապես, եւ որոնք ներքուստ (իսկ ոմանք` նաեւ բացահայտ (Աֆղանստանը) պատրաստ են մինչեւ վերջ պատերազմ վարել բոլոր թույլատրելի եւ անթույլատրելի միջոցներով: Նման երկրների ծայրահեղորեն տրամադրված քաղաքացիներից էլ հենց ստեղծված է Ալ-Ղաիդան: Սակայն արեւմտյան քաղաքակրթությունը բողոքականության գլխավորությամբ ունի մի շարք առավելություններ եւ թերություններ, որոնք շատ հմուտ կերպով օգտագործվում են նրա ընդդիմախոսների կողմից: Դրանց մեջ ամենակարեւորը բարոյականությունն է: Սակայն մուսուլմանական աշխարհը միատարր չէ: Սուննիներն ու շիաները հսկա մուսուլմանական աշխարհի հիմնական խաղացողներն են: Նրանց հակասությունները ոչ այնքան օգնում, որքան խանգարում են առաջադրված խնդրի լուծմանը:

Սա պատերազմ է հանուն շուկաների՞: Այո, հանուն աշխարhընկալման շուկաների: «Մի՞թե հանուն աշխարհայացքի պատերազմն այդքան թանկ արժե»,- կհարցնեք դուք եւ ճիշտ կլինեք: Կարծում եմ՝ այո՛: Այդ պատերազմից, ինչպես հսկայական լճից, կբխեն քաղաքական, ֆինանսատնտեսական, տարածքային, ազգային, կրոնական եւ պետական շահեր: Հնարավոր է տարածաշրջանի երկրների՝ Պաղեստինից եւ Իսրայելից սկսած մինչեւ Թուրքիա, Ադրբեջան եւ Իրան քաղաքական սահմանների դեմոնտաժ: Իսկ կրոնական հակամարտությունն այս պատերազմում կարեւոր նշանակություն ունի, բայց ոչ այնքան, որքան կարող է թվալ: Եվ այս նոր պայմաններում չափազանց կարեւոր է այն փաստը, թե ում կողմը կլինի տարածաշրջանի երկրներից յուրաքանչյուրի քաղաքականապես ակտիվ մարդկանց, այդ թվում եւ` ինտելեկտուալների նոր սերունդը: Տարածաշրջանն ամենակարեւոր, հակասական, ցավոտ եւ դժվար կառավարելիներից է աֆրիկյան երկրներից մինչեւ Ինդոնեզիա ընկած շատ մեծ տարածքում: Հենց այս ողջ գոտին է լիցքավորված՝ Իրաքյան պատերազմի հետ կապված: Ինչ վերաբերում է ահաբեկչությանը, այն ընդամենը հակամարտության ձեւ է: Ահաբեկչությունն իր նոր ձեւի մեջ գրեթե անկանխատեսելի է, դժվար բացահայտվող, քանի որ տեղեկատվական ցանցը կարող է նաեւ նրանց համար օգնական լինել: Դա ցույց տվեցին շատ ահաբեկչական ակտեր, այդ թվում` եւ Իսրայելի փորձը կամ ԱՄՆ-ի սեպտեմբերի 11-ի դեպքերը… Իրաքյան պատերազմի հետ մեկտեղ գործի է դրվել նաեւ Իրանի խնդիրը, որն արդեն առանձին վերցրած տարր չէ Արեւմուտքի եւ Արեւելքի հակամարտության միջեւ: Այստեղ եւս գտնված է ձեւը: Հաղթանակի համար այս կամ այն կողմին հարկավոր են ոչ այնքան զինված ուժեր, որքան համալիր մոդուլ՝ պատրաստելու համար նոր աշխարհընկալման, աշխարհայացքային գաղափարների եւ զգացմունքների կրողների այդ էթնոսների ներսում: Հարկավոր է նաեւ նոր աշխարհայացքային միջոցների ամբողջություն, որն ԱՄՆ-ը կամ Եվրոպան (ինչպես պատերազմի կողմնակիցները, այնպես էլ` հակառակորդները), Ռուսաստանը կամ Չինաստանը կամ էլ նրանց ընդդիմախոսներն այսօր փնտրում են՝ միմյանց համար փոխադարձաբար ընդունելի որոշումների համար: Զինված հակամարտությունն ընդամենը քաղաքակրթությունների բախման արտաքին կողմն է:

Ապագան հենց կանխատեսություն է, եւ հենց երիտասարդությունն է մարտադաշտ դառնում մարդկության բազիսային մտածողությունը մշակելու համար: Ժամանակակից կյանքի տեղեկատվական համաշխարհային բումը, որ ճգնաժամի է հասցրել գլոբալ կրոնական համակարգերը մարդկության հիվանդ եւ պահպանողական բարոյականության ներսում, մարդկությանը, որին բողոքական քաղաքականությունը ձգտում է հասցնել ունիվերսալիզացիայի եւ ազատության, գցեց ագրեսիվ հակամարտությունների անկառավարելի հեղեղի մեջ: Հարց է ծագում՝ ունի՞ արդյոք բողոքական քաղաքակրթությունը այնպիսի փիլիսոփայական ռեսուրս, որը մարդկությունը դուրս կբերի դեպի ազատ եւ բարոյական ափ: Սա կարեւոր է իմանալ, քանի որ միայն սեփական ուժերով այսօր ոչ մի կրոն չի կարող լուծել այս ֆունդամենտալ խնդիրը: Սակայն ինչպիսին կլինի տարածաշրջանում խաղաղությունը մոտակա 10-ամյակներում, շատ բանով կախված է եւ այս պատերազմից, քանզի երեք կրոնները գտնվում են հենց այստեղ, եւ հենց այստեղ են նրանք մեկը մյուսի համար տեղ առանձնացրել 100-ամյակների ընթացքում: Հսկա գոտին՝ սկսած արաբական անապատներից մինչեւ հնդկական նախալեռներ ու Չինաստանի գավառները, Կենտրոնական Ասիայի անապատները, կարեւոր գործոն է ժամանակակից քաղաքակրթության համար, որտեղ քիչ չեն զարգացման հակասական միտումները: Քանզի ժամանակակից քաղաքակրթության բարիքները տնտեսական, գիտատեխնիկական, հումանիտար տեսանկյուններից ընդունվում են կամ գոնե թույլատրելի են, իսկ բարոյավարքային, ավանդական-կրոնական տեսանկյունից շատ բան թշնամաբար է ընդունվում: Եվ եթե զարգացող Չինաստանը կան Հնդկաստանը որոշակի ուղղվածություն ունեն, շատ հարցերում ընդունում են արեւմտյան արժեքները, թեկուզ տնտեսական, գիտատեխնիկական, զանգվածային, նաեւ դասական մշակույթի առումով, ապա մուսուլմանական արեւելքը զարգացման այլ ուղղվածություն ունի: Նրա ռեակցիան ժամանակակից քաղաքակրթության (իսկ այն, ինչպես հիշում ենք, բողոքական է) հետ շփվելիս հաճախ ցավոտ է լինում, ագրեսիվ: Սա կարելի է տեսնել ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում կամ Ավստրալիայում: Իսկ եթե այդպես է, ապա Իրաքյան պատերազմը նոր հնչողություն է ձեռք բերում, նոր արդիական իմաստ, որը, ավերելով եւ ստեղծելով, մի բառով կարելի է բնորոշել որպես համագոյակցության սինթեզ՝ հիմնված աշխարհընկալման արդիականացման վրա:

Պատասխան առաջին

Մերձավոր Արեւելքը հարաբերությունների նոր որակ է ձեռք բերում, որոնք որոշելու են տարածաշրջանի երկրների եւ ժողովուրդների զարգացումը տասնամյակներ շարունակ: Դա վերաբերում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին: Խնդիրները, որ այս պատերազմում դրված են ԱՄՆ-ի կողմից, լուծվում են բավականին հետեւողականորեն, դա ուժերի նոր դասավորության կբերի հենց ԱՄՆ-ի ներսում: Տարածաշրջանում կփոխվեն ոչ միայն էթնո-քաղաքական, այլեւ կրոնական, ինչպես նաեւ` քաղաքակրթական (վստահություն, աշխարհընկալում) սահմանները, միաժամանակ այդ համակարգերի ներսում` դոմինանտ էթնո-ֆինանսական վեկտորները: Դա նկատելի է եւ հիմա, երբ Սիրիային տեղն են դրել, Լիբանանը ճշգրտում է իր հարաբերությունները ինչպես Իսրայելի, այնպես էլ Սիրիայի հետ, իսկ քրդական գոյության հարցերը բաց են թե՛ Իրաքում, թե՛ Թուրքիայում եւ Իրանում: Այստեղ կարեւոր օղակ է Իրանը՝ միջուկային ծրագրերի, ըստ էության՝ ազգային անվտանգության հետ կապված բոլոր խնդիրներով: Եվ իհարկե Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը: Խնդիրների եւ հարցերի այս ողջ համալիրը ուժերի վերադասավորություն կտա եւ ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցների ու գործընկերների ներսում, եւ, իբրեւ հետեւանք, այլ կլինեն նաեւ նրանց հարաբերությունները այդ եւ մյուս երկրների միջեւ: Ժամանակակից աշխարհը, ըստ երեւույթին, կանգնած է կարեւոր խնդրի առջեւ. ինչ քաղաքական ուժեր են դեպի ապագան տանելու այս ողջ խայտաբղետ աշխարհը, եւ ինչպիսին են լինելու նրանց՝ իշխանության գալու իրական պատճառները…

Հնարավոր է, որ նորագույն պատմության մեջ առաջին անգամ Իրաքյան պատերազմում ամենագլխավոր զենքը բանակներն ու նորագույն զինատեսակները, հետախուզությունը կամ տակտիկան, քաղաքական ալյանսները կամ ֆինանսական հոսքերը չեն, այլ նոր բարոյա-փիլիսոփայական չափանիշների համակարգը, առանց որոնց հակամարտությունն անվերջ մարելու եւ կրկին բորբոքվելու է: Վստահությունը լակմուսի թղթի նման` արդյունքում հենց բարոյականությունն է առաջ մղում: Պատերազմը նաեւ ցույց է տալիս, որ այն հենց այդպիսի բնույթ ունի, եւ նյութական գործոնը երկրորդական է:

Պատասխան երկրորդ

Հանուն բողոքական քաղաքակրթության բազիսային արժեքների պատերազմը, քաղաքակրթություն, որի մի մասն այլանդակ ձեւեր է ընդունում՝ հասարակության մեջ առաջացնելով բավականին մեծ ագրեսիա այն հատվածում, որը դեռ երեկ փակ էր եւ օրենքից դուրս էր: Շատերին կարող է թվալ, որ դա քիչ կապ ունի Իրաքյան պատերազմի հետ, սակայն դա` միայն առաջին հայացքից: Բողոքական քաղաքակրթությունը (այն արդեն 300 տարի է՝ առաջնորդում է մարդկությանը) ընդհուպ մոտեցել է ճգնաժամի սահմանին, եւ ժամանակը ցույց կտա, թե որքանով այն կարող է հաղթահարել դա: Թեեւ նրան անսպասելիորեն օգնության հասավ իր իսկ գիտատեխնոլոգիական առաջընթացը: Միաժամանակ ԱՄՆ-ը, ի դեմս Ջորջ Բուշի, սեփական քաղաքական ներկապնակի մեջ բարոյականության գործոն է ներմուծում, ինչը կարեւոր առավելություն կդառնա Եվրոպայի հետ աշխարհայացքային մրցավազքում:

Տարածաշրջանում իսլամը լի է արժանապատվությամբ ու գրավչությամբ, հատկապես արեւմտյան երկրների անբարոյականության եւ քաղաքական կարճատեսության՝ «կյանքը շոու է» եւ «փողն ամեն ինչից վեր է» գաղափարախոսության դեմ պայքարի համար: Իսլամը, օգտվելով քրիստոնեության բոլոր սխալներից, հարձակման է անցել: Թեեւ ինքն էլ պակաս սխալներ ու հակասություններ չունի, բայց միաժամանակ նա միաձույլ է: Երիտասարդությունն է ամենակարեւոր փաստարկը ինչպես` իսլամի (այստեղից էլ մահապարտները), այնպես էլ` քրիստոնեության համար, որն, ի դեմս մի քանի առաջատար եկեղեցիների ու քաղաքական գործիչների, փորձում է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել: Պայքարը հանուն նոր աշխարհայացքի եւ աշխարհընկալման գլխավոր հարցն է եւ՛ իշխանության, եւ՛ ժողովրդի համար, եւ առաջին հերթին` Իրաքում, Աֆղանստանում, Պաղեստինում, Իրանում կամ Թուրքիայում: Հենց այդ նոր աշխարհընկալումը կարող է դուռ բացել դեպի սեփական պետականությունը նաեւ այնպիսի ժողովուրդների համար, ինչպես բոլորին հայտնի քրդերը կամ քիչ հայտնի թալիշները՝ իրանական ժողովուրդներից մեկը, որ արդեն ավելի քան 80 տարի ձուլվում է Ադրբեջանի կողմից: Ամենայն հավանականությամբ այս հակամարտության արդյունքը ժողովուրդների ինքնորոշումը կլինի, որոնց ինքնագիտակցությունը նրանց առանձնացնում է տարածաշրջանի այն երկրների ստրկացնող էթնիկ միջավայրից, որոնք պատմականորեն չեն հասկանում, թե ինչ է նշանակում ազատ կամքի արտահայտում: Եվ եթե քրդերի համար դա իրականություն է, ապա մյուսների համար ընդամենը` հեռանկար, սակայն հենց այս պատերազմն է այդ շերտերը գործողության մեջ դնում: Միաժամանակ պետք է նշենք, որ Օսմանյան Կայսրությունում եղել է հայ ժողովրդի ցեղասպանություն, եւ որ այդ արյունոտ կայսրության ապագաղութացումից օգտվեցին բոլոր ստրկացված ժողովուրդները, հայերից բացի:

Պատասխան երրորդ

Պատերազմը ցույց է տալիս, որ աշխարհաքաղաքական շահը ԱՄՆ-ի համար բոլորովին այլ իմաստ ունի, քան շատ երկրների համար, որոնք անմիջականորեն կամ այլ կերպ այս կամ այն ձեւով մասնակցում են այս հակամարտությանը: Այդ իմաստով սա յուրահատուկ պատերազմ է: Այն ԱՄՆ-ին դրդեց առաջադրելու երկրի համար էներգիայի այլընտրանքային տեսակներ որոնելու եւ իրականացնելու հավակնոտ պլան: Դա ողջ աշխարհի համար նշան էր, որ ԱՄՆ-ը՝ ամենաշահագրգռված ու մերձավորարեւելյան նավթի ամենաշատ սպառողը, լրիվ այլ հարթություն է տեղափոխում Իրաքի պատերազմի իրական գինն ու արդյունքները: Եվ այսպես, ԱՄՆ-ը բացեիբաց հայտարարում է, որ 21-րդ դարի կեսերին իր երկիրը տեսնում է իբրեւ ամբողջ աշխարհում գիտատեխնոլոգիական արտադրանքի կարեւորագույն մատակարար: Կոմունիկացիաները կորցնում են իրենց սովորական նշանակությունը եւ դառնում ոչ այնքան կարեւոր, ինչքան երեկ էր թվում: Համաշխարհային տեղեկատվական որոնումը դարձել է ԱՄՆ-ի դաշնակիցը:

Պատասխան չորրորդ

Ինչո՞վ հետաքրքիր կլինի Հայաստանի համար պատերազմի արդյունքը: Հայաստանի քաղաքական միտքը, դրա կարեւոր բաղադրիչները պետք է ներգրավվեն այս իրավիճակի վերլուծության մեջ: Հայաստանը պետք է ողջ հակամարտության ընթացքում մասնակցի ոչ միայն առանձին վերցրած էլեմենտներով, այլ հարաբերությունների համակարգ ստեղծի՝ դառնալու համար այս հակամարտության լուծման լիարժեք սուբյեկտ: Այդ ժամանակ հայկական պետականության աշխարհաքաղաքական գինը կարող է կտրուկ աճել: Միայն միտքը, միայն կարեւոր ծառայությունները միջազգային ասպարեզում, միայն ներքին կայուն զարգացումը կարող են երկիրը շարժել հակամարտող երկրների մեռյալ կետից դեպի լուրջ համագործակցության կողմը: Եվ դրա համար քիչ հիմքեր չկան: Ավելին, երկիրն օգտագործում են, սակայն երկիրն այդ մասին ընդամենը կարող է գլխի ընկնել…

Այսօրվա Հայաստանի արժեքը կազմված է ոչ միայն այսօրվա կոռումպացված իշխանության բացասական կողմերից կամ պատմական ժառանգությունից, երբ 20-րդ դարի 20-ական թթ. ոչնչացվեց հայոց աշխարհը, այսինքն` ազգը հոշոտվեց, իսկ նրա տարածքը Ռուսական եւ Օսմանյան կայսրությունների կողմից բաժանվեց Հայաստանի հարեւանների միջեւ: Այստեղ դրական բաներ էլ կան` կայուն էթնո-պետական կարգից մինչեւ տեղեկատվական եւ ինտելեկտուալ դաշտ, ինչպես նաեւ` քաղաքակիրթ գործընթացների նոր չափանիշներին ներդաշնակորեն ներգրավվելու ունակություն: Պատմական ժառանգության մեջ կային եւ մնում են պլանավորված ոչ քիչ սխալներ, որոնք թույլ են տվել անգլիացիները` մեծ գաղութարարները, նաեւ ռուսները` ինչպես ինքնակալության, այնպես էլ բոլշեւիկների օրոք: Իսկ թուրքերը ավարտին հասցրին հայ ժողովրդի հետ պատմական հարաբերությունները սեփական պետության շրջանակներում հիտլերյան ֆաշիզմին հավասար ոճրագործություններով` ցեղասպանությամբ…

Սակայն պետք է հիշել, որ միջազգային ասպարեզում լուրջ սուբյեկտ լինելու համար հարկավոր է իշխանության արդարացի կառույց, գաղափարների եւ մարդկանց արդարացի սելեկցիա: Չէ՞ որ Հայաստանում միայն սահմանափակ թվով պրոֆեսիոնալներ ունեն արդիական աշխարհընկալում, առանց որոնց չի կարող լինել երկրի դրական առաջընթաց: Տարածաշրջանային հարցերում, միջազգային կյանքում ազգի դերը չափազանց հետաքրքիր եւ հսկայական է, սակայն Հայաստանը մինչեւ հիմա չի կարողանում կազմակերպել ճիշտ ելք (գաղափարների եւ գործիքների, միջոցների բացակայություն) դեպի միջազգային հիմնախնդիրների համատեքստ, այդ թվում եւ` Իրաքյան պատերազմում:

Պատասխան հինգերորդ

Հայաստանն իր պատմական, ռազմավարական զարգացմամբ կապված է եվրոպական քաղաքակրթության հետ: Մյուս կողմից` երկիրն ապրում է արեւելքում, եւ նրա համար կարեւոր է իմանալ, թե ինչ եւ ինչպես են մտածում հարեւանները: Անվիճելի է, որ Իրաքյան պատերազմում ժամանակակից ապագա կյանքը չի կարող չճշգրտվել, չսրբագրվել վերին արժեքների ավանդական բարոյականությամբ, սակայն կլինեն նաեւ հատուկ հարաբերություններ մարդու ազատության եւ իրավունքների մեջ, որոնք կդառնան այս պատերազմի հետեւությունը եւ կմտնեն տարբեր մայրցամաքների մարդկանց կյանք` իբրեւ բազիսային համընդհանուր բարոյական հիմքեր: Արեւմտյան քաղաքակրթությունն այսօր մտահայեցողականորեն կամ մեխանիկորեն է մոտենում մարդկության կյանքի շատ հարցերի, ինչը հանգեցնում է մարդկային գիտակցության ներսում բարոյականության ոչնչացմանը: Հսկայական միգրացիոն հոսքերով, իսկ ըստ էության ժողովուրդների հսկայական տեղաշարժերով, որ 50-60 տարի հետո նոր խթան կդառնան ինչպես այժմ գոյություն ունեցող, այնպես էլ` նոր ձեւավորվող ժողովուրդների էթնոգենեզի համար: Այս ամենը ներկայիս պատերազմի կարեւոր բաղադրիչներն են:

Հետեւություններ Հայաստանի համար

Գաղափարի բացակայությունը Հայաստանի այսօրվա կարեւորագույն թերությունն է: Զարգացող երկրների կասկածելի գոտում գտնվող, խիստ շերտավորված հասարակությամբ երկիրը դժվար թե կարողանա երկար մնալ սառեցված հակամարտության գերին: Ի՞նչ ուժեր եւ ի՞նչ խնդիրներով կարող են իշխանության գալ հերթական խորհրդարանական, ապա եւ` նախագահական ընտրությունների ժամանակ: Ի՞նչ եւ ինչպե՞ս են նրանք գնահատելու չափազանց դեֆորմացված հասարակության ներսում, եւ ինչպե՞ս են նրանք ղեկավարելու երկիրը. սա է լինելու կարեւորագույնը առաջիկա տասնամյակում:

Եվ ամենակարեւորը, այդ քաղաքական ուժերը կավելացնե՞ն հարցերի բեռը, թե՞ իրենց մեջ համարձակություն կգտնեն ասելու ճշմարտությունը եւ կսկսեն այդ հարցերը լուծել… Այս ամենը մեզ համար կլինի ինչպես` աշխարհայացքային, այնպես էլ` զարգացման խնդիր, ինչն էլ կլինի մեր հետեւությունը եւ այս Իրաքյան պատերազմի արդյունքը…