Հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունները «կաղում» են

13/06/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Անկախության ձեռքբերումից ի վեր մեր մեծահարուստներն էլ սկսեցին իրենց գումարները պահել այս երկրի բանկերում։ Սակայն հայ-շվեյցարական տնտեսական հարաբերությունների շրջանակն այդքանով էլ սահմանափակվում է։ Այս հարաբերությունների անբավարար մակարդակի մասին երեկ խոսեցին նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ու Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար տկն Միշելին Քալմի Ռեյը։ «Հայ-շվեյցարական հարաբերությունները դինամիկ զարգանում են բոլոր ուղղություններով։ Առկա է լուրջ քաղաքական երկխոսություն։ Սակայն տնտեսական հարաբերությունները կաղում են՝ չնայած մեծ պոտենցիալին»,- նշեց Վ. Օսկանյանը։

Նրա շվեյցարացի պաշտոնակիցը նույնպես նշեց, որ հայ-շվեյցարական հարաբերությունները, որոնք սկսվել են դեռ 1998թ. երկրաշարժից հետո, միշտ էլ լավ են եղել. «1988թ. Շվեյցարիան մարդասիրական օգնություն բերեց Հայաստան։ Դրանից հետո Շվեյցարիան միշտ ներկա է եղել Հայաստանում։ Այստեղ կա Համագործակցության բյուրո, որն աշխատանք է տանում հիմնականում մարդասիրական օգնության, փախստականների եւ տեխնիկական օգնության ուղղություններով։ Անցյալ տարվա ընթացքում մեր երկիրը Հայաստանին տրամադրել է 4 մլն շվեյցարական ֆրանկ (մոտ 3,24 մլն ԱՄՆ դոլար), իսկ այս տարիների ընթացքում ընդհանուր առմամբ՝ 28 մլն ֆրանկ»։ Տիկին Քալմի Ռեյը նույնպես գտնում է, որ տնտեսական հարաբերություններն առկա պոտենցիալի համեմատ բավական համեստ են։ Դիվանագետի կարծիքով, առկա իրավական դաշտը նորմալ է. օրինակ` երկու երկրների միջեւ գործում է ներդրումների պաշտպանության համաձայնագիր, իսկ իր՝ այստեղ գտնվելու օրերին Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ կնքվել է կրկնակի հարկումից ազատման պայմանագիր։ ԱԳ նախարարները մեծ հույսեր են կապում այս օրերին Շվեյցարիայում ընթացող բիզնես ֆորումի հետ, սակայն տնտեսական համագործակցության հեռանկարային կոնկրետ ոլորտներ նշել Քալմի Ռեյը դժվարացավ։ «Տնտեսական հարաբերությունների բնույթին վերաբերող հարցին դժվար է պատասխանել։ Մեր ասուլիսին զուգահեռ` Շվեյցարիայում տեղի է ունենում բիզնես ֆորում, որին մասնակցում է նաեւ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը… Որոշումներ կայացնում են մասնավոր ընկերությունները, մենք չենք կարող նրանց ստիպել որեւէ բան անել, այլ կարող ենք միայն բարենպաստ պայմաններ ստեղծել»,- ասաց նա։

Նշենք, որ մեր պատվիրակությունը Շվեյցարիայում մասնակցելու է ներդրումների խթանմանը վերաբերող խորհրդաժողովին:

Հարցեր եղան նաեւ ԼՂՀ հակամարտության հետ կապված, առավել եւս, որ Վ. Օսկանյանն, իր իսկ խոսքերով, տկն Ռեյին բավական մանրամասն տեղյակ էր պահել այս խնդրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքի մասին։ Տիկին Քալմի Ռեյը պատասխանեց, որ իր երկիրը կողմ է խնդրի դիվանագիտական լուծմանը եւ հիշեցրեց, որ երկու երկրների նախագահները հանդիպել են Ժնեւում։

Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ԼՂՀ հակամարտության լուծումը կնպաստի ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ` Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը։ Նախարարը դատապարտեց նաեւ Նախիջեւանում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը եւ տեղեկացրեց, որ Շվեյցարիան դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ այս հարցի հետ կապված խորհրդարանական պատվիրակություն ստեղծելու առաջարկով։

Իսկ Վարդան Օսկանյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հունիսի 13-ին մեկնելու է Փարիզ, որտեղ հանդիպելու է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին։ Վերջնական ձեւաչափի եւ օրակարգի մանրամասները պրն Օսկանյանին հայտնի չէին, եւ նա դրանց կծանոթանա տեղում։ ՀՀ ԱԳ նախարարի խոսքերով, իրենք կաշխատեն հնարավորություններ ստեղծել երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպման համար։