40 օր է անցել այն օրից, երբ «Արմավիա» ընկերությանը պատկանող Ա-320 օդանավը Ադլերի օդանավակայան չհասնելով` կործանվեց Սեւ ծովի ընդերքում։ Այսօր կործանված Ա-320-ի զոհերի բարեկամները կմեկնեն Սոչի՝ դեպքի վայրում հիշատակի արարողություն անցկացնելու համար։ Բարեկամների մեծ մասը նավով դուրս կգա ծով եւ ծաղիկներ կնետի Ա-320-ի ընկած վայրում։
«Արմավիա» ընկերության լրատվական բաժնում երեկ դեռ տեղյակ չէին, թե քանի հոգի է մեկնելու Սոչի, սակայն ասացին, որ բոլոր հավատարմագրված բարեկամները կմեկնեն այդ օրվա Սոչիի չվերթով։ «Կլինեն մարդիկ էլ, ովքեր գուցե չցանկանան օդանավով մեկնել Սոչի, սակայն նրանց համար էլ նախատեսված կլինեն հատուկ ավտոբուսներ»,- տեղեկացրեցին «Արմավիա» ընկերությունից։ Հայ-վրացական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Վոլոդյա Բադալյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ այսօր 81-82 մարդ 3 ավտոբուսներով եւ 1 մարդատար ավտոմեքենայով կուղեւորվեն դեպի Սոչի։ Վ. Բադալյանը նաեւ տեղյակ էր, որ օդանավով Սոչի մեկնողների թիվը 20-ից ավելին չի լինի։ «Ինչ վերաբերում է կացարանին եւ սննդին, ապա դա հիմնականում մենք ենք հոգալու, սակայն այնտեղի հայկական համայնքը խոստացել է ճաշ մատուցել»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Բադալյանը։ 10 օր առաջ Վրաստանի իշխանություններին ներկայացվել են ուղեւորների անձնագրային տվյալները, այդ իսկ պատճառով հայկական կողմը վստահ է, որ խնդիրներ չեն լինի վրացական եւ աբխազական սահմաններում։ Սոչիից ավտոբուսները ետ կվերադառնան 2 օրից։
Ի՞նչ եղան փոխհատուցումները
Աշխարհում ընդունված է, երբ աղետի է ենթարկվում օդանավ կամ խոշոր տրանսպորտային այլ միջոց, զոհվածների ընտանիքներին փոխհատուցում է տրվում։ Նորմալ երկրներում այդ փոխհատուցումները զգալի գումար են կազմում։ Ա-320 օդանավի զոհվածներին նախօրոք խոստացվել էր 20.000-ական դոլար փոխհատուցում, որը պետք է ապահովեր «Գրանդ» ապահովագրական ընկերությունը։ Բացի այդ, ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը հատուկ հաշիվ էր բացել, որի վրա ցանկացած մարդ կարող է գումար փոխանցել։ Երեկ ժամը 14:00-ի տվյալներով` հաշվի վրա կար 88 միլիոն 321 հազար դրամ, որը մոտավորապես 213 հազար դոլար է կազմում, ինչը եթե բաժանենք 113-ի՝ Ա-320-ի զոհերի թվին, կստացվի մոտ 1880-ական դոլար՝ յուրաքանչյուրին։ «Գրանդ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արտակ Անտոնյանին երեկ մենք այդ կապակցությամբ հարցեր ուղղեցինք, որոնց նա գրավոր պատասխանեց:
– Սկսվե՞լ է արդյոք ավիավթարի ենթարկված Ա-320 օդանավի զոհվածների ընտանիքներին դրամական փոխհատուցումներ կատարելու գործընթացը։ Եթե այո, ապա քանի՞ մարդ է փոխհատուցվել, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ եւ ե՞րբ պետք է փոխհատուցվեն։
– Փոխհատուցումները դեռեւս չեն տրամադրվում, քանի որ զոհվածների հարազատների կողմից ներկայացվող փաստաթղթերի գրանցման գործընթացը դեռեւս չի ավարտվել: Փոխհատուցումները կտրամադրվեն գրանցման գործընթացի ավարտից հետո:
– Ի՞նչ սկզբունքով կամ հերթականությամբ են տրվելու այդ փոխհատուցումները։
– Որեւէ հերթականություն չի լինելու: Բոլոր այն հարազատներին, որոնք կներկայացնեն փաստաթղթերի ամբողջական փաթեթը, փոխհատուցումը կվճարվի:
– Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն փոխհատուցումը ստանալու համար։
– Զոհվածների հարազատները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը՝
ա) Մահվան վկայական,
բ) Անձնագրի եւ/կամ ծննդյան վկայականի պատճեններ,
գ) Ամուսնության վկայական,
դ) Երեխաների ծննդյան վկայականի պատճեններ,
ե) Ծնողների եւ/կամ մյուս հարազատների անձնագրեր եւ/կամ ծննդյան վկայականի պատճեններ,
զ) Հեռախոսի համարներ։
Փաստաթղթերի ցանկը սպառիչ չէ եւ լրացվում է` ելնելով ապահովագրական հատուցումը ստացող անձի բարեկամական կապից զոհվածի հետ:
– Որքա՞ն ժամանակ կպահանջվի՝ բոլոր զոհերի ընտանիքներին փոխհատուցումներ կատարելու համար։
– Փաստաթղթերի ամբողջական առկայության դեպքում` մոտ 1 ամիս:
– Նախապես խոստացել էին 20.000-ական դոլար յուրաքանչյուր զոհվածի բարեկամին: Արդյոք գումարի չափը փոփոխությունների չի՞ ենթարկվել։ Եթե փոխվել է գումարի չափը, ապա որքա՞ն է այն դարձել, ինչո՞ւ է փոխվել, եւ հնարավո՞ր է, որ տարբեր մարդիկ տարբեր չափի գումար ստանան։
– Գումարի չափը որոշվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո:
Ի՞նչ կտա սեւ արկղերի վերծանումը
40 օր անցավ այս դժբախտ պատահարից ու թերեւս միակ դրական լուրն այս պատմության մեջ եղավ այն, որ ի վերջո ջրի ընդերքից դուրս հանվեցին եւ վերծանվեցին սեւ արկղերը։ Թվում էր, թե Ա-320-ի ինքնագրերի վերծանումից հետո ինչ-որ հարց կլուծվի, ինչ-որ հանգստացնող արդարացում կգտնվի։ Սակայն սեւ արկղերը չեն հրապարակվելու։ «Գրիշ, շտուրվալը վրեդ քաշիր»,- սա է միակ նախադասությունը, որ խոսքից խոսք հասել է ժողովրդին՝ որպես օդանավի ընկնելուց առաջ հնչած վերջին նախադասություն։ Իսկ իրավապահները լռում են՝ ելնելով օրենքի սահմանված դրույթներից, ինչն, իհարկե, ունի իր օբյեկտիվ բացատրությունը։ Տեղեկատվության վաղաժամ արտահոսքը, ըստ մասնագետների, կարող է վնասել գործի հետագա ընթացքին։ Եվ, ինչպես հեռախոսազրույցի ժամանակ մեզ ասաց վաստակավոր օդաչու Դմիտրի Ադբաշյանը՝ «Քրեական գործ է հարուցված եւ դեռ շատ շուտ է խոսել այդ մասին։ Իսկ թե ո՞վ է մեղավոր, ով ոչ՝ կորոշի դատարանը»։
Տարօրինակն ու անհասկանալին այս դեպքում այն է, որ չնայած՝ հայկական կողմը ոչ մի տեղեկատվություն չի ցանկանում հրապարակել սեւ արկղերի հետ կապված՝ վկայակոչելով միջազգային օրենքները, ռուսական ինտերնետային կայքերից մեկն արդեն այսօր տպել է մի հոդված, որտեղ ներկայացված է տեխնիկական, այսինքն` «պարամետրային» ինքնագրի ձայնագրության մի մասը։ Հարկ է նշել, որ նույն հոդվածում ասվում է այն մասին, որ «խոսքային» ինքնագիրը Փարիզից Մոսկվա դեռ չի ժամանել։ Այն դեպքում, երբ հայկական կողմը ճիշտ հակառակն էր պնդում՝ ասելով, որ «պարամետրային» ինքնագրիչների վերծանման աշխատանքները դեռ շարունակվում են, եւ ինքնագրիչում պարունակվում է շուրջ 300 տվյալ թռիչքի մասին»։
Իսկ վարկածներն օր օրի շատանում են
«Օդանավի մեջ քաշքշոց, կրակոց ու այլ անկարգություններ են եղել»,- այսպիսի վարկած է պտտվում այսօր քաղաքով, որը թեպետեւ չունի իր օբյեկտիվ բացատրությունն ու, ինչն ամենակարեւորն է, փաստացի ապացույցները, սակայն, ինչպես ասում են՝ «ժողովրդի բերանը փակել չես կարող»։ Թերեւս, եթե դա այդպես լիներ, այդ մասին այսօր չէր խոսի ամբողջ քաղաքը, եւ այդ ինֆորմացիային կտիրապետեին միայն նրանք, ովքեր պետք է տիրապետեին։ Ուրեմն, գուցե այս ասեկոսեներն ինչ-որ մեկին պե՞տք են։
«Ես գտնում եմ, որ վթարի պատճառը մթնոլորտային երեւույթներն են եղել՝ ամպրոպ, անձրեւ, ուժեղ քամի»,- մեզ հետ զրույցում ասաց Դ. Ադբաշյանը։ Սակայն, երբ պրն Ադբաշյանին հարցրեցինք՝ գուցե վատ եղանակը պայման է եղել, բայց ոչ պատճառ, վաստակավոր օդաչուն ասաց. «Մենք չգիտենք, գուցե կայծակ է հարվածել նաեւ»։
Պրն Ադաբաշյանն ավելացրեց նաեւ, որ բոլոր դեպքերում օդանավում վերջնական որոշում կայացնողը հրամանատարն է, եւ նա պետք է որոշեր՝ նստեցնե՞լ օդանավը, թե՞ կատարել երկրորդ պտույտը։ Գուցե տերմինոլոգիան է խախտվել, եւ դիսպետչերը որոշ սխալմունք է թույլ տվել, հատկապես՝ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ դիսպետչերը հարբած է եղել։
Նույն ռուսական ինտերնետային կայքերում որոշ անոնիմ դիսպետչերներ ու օդաչուներ Ա-320-ի անկման հարցում նորից մեղադրում են դիսպետչերին, սակայն այս նույն մարդիկ չեն հասկանում, թե ինչու է օդանավի անձնակազմը ենթարկվել դիսպետչերի հրահանգին, հատկապես` եթե դրա կարիքը չկար։ «Ես առհասարակ ոչինչ չեմ հասկանում,- ասում է մի ռուս օդաչու: -Ի՞նչ անենք, որ ամպային ներքին իջվածքը 100 մետր է եղել։ Իմ տեղեկություններով` այդ օդանավի առաջին օդաչուն ավելի ցածր՝ 60 մետրի դեպքում անգամ կարողացել է վայրէջք կատարել։ Այդ մասին պետք է իմանար նաեւ դիսպետչերը։ Չեմ հասկանում, ինչո՞ւ է նա ուղարկել օդանավը երկրորդ պտույտի»։
Կա եւս մի վարկած էլ, որը նորից առաջ են քաշել ռուս լրագրողներն ու մասնագետները, եւ որի մասին օրեր առաջ գրել էինք եւ մենք։ «Օդանավում եղել է մի ծանր բան, որն էլ կարող էր օդանավի անկման պատճառ հանդիսանալ»,- գրել էր «Կոմսոմոլսկայա պրավդան»։ Ըստ թերթի՝ այդ ծանր բանը հայկական տուֆ քարն է եղել, որ տարվել է Սոչի՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։ «Կամ գուցե խաչքա՞ր է եղել, որը օդանավի ուղեւոր «Արմավիայի» նախկին ղեկավար Վյաչեսլավ Յարալովը տանելիս է եղել զոքանչի գերեզմանին դնելու համար»,- գրում էր «ԿՊ»-ն։ Թերթը եզրակացնում էր, որ օդանավի գերծանրաբեռնվածության պատճառով վառելիքը կարող էր չբավարարել, եւ օդանավը վայր է ընկել հենց վառելիքի պակասի պատճառով։ Գուցե այս եզրակացություններն իրենց օբյեկտիվ բացատրությունն ունենան, սակայն ինչո՞ւ մինչեւ օրս ծովի ընդերքից չհանվեց գոնե մի կտոր տուֆ կամ խաչքարի մի հատված։
Ի դեպ, վառելիքի պակասի մասին։ Օրերս բավական տարօրինակ տեղեկատվություն ենք լսել այն մասին, որ «Արմավիա»-ի որոշ աշխատակիցներ դուրս են եկել աշխատանքից։ Բանն այն է, որ օդաչուներից թե բորտ ուղեկցորդուհիներից մեկը տեսել է, թե ինչպես օդանավը լիցքավորելու ժամանակ տեխնիկական մի «հնարք» է գործի դրվել՝ սարքը, որ ցույց է տալիս, թե որքան վառելիք է լիցքավորվել օդանավի մեջ, իրականությանը չհամապատասխանող թիվ է ցույց տվել։ Սա նկատելուց հետո որոշ աշխատակիցներ դուրս են եկել աշխատանքից՝ չցանկանալով եւս մեկ նման ավիավթարի զոհ դառնալ: Ավիաոլորտի նախկին աշխատակիցներից մեկը, սակայն, ասաց, որ պարզապես աշխատակիցների աչքը վախեցած է, թե չէ՝ քիչ չեն դեպքերը, երբ կիսադատարկ լիցքավորմամբ են թռել՝ Սոչիում էժան գնով ավիավառելիք վերցնելու համար: Նախկին օդաչուն մեղադրում է դիսպետչերին, որն, ըստ էության, իրավունք չուներ օդաչուին հրահանգներ տալու: Եվ արդեն հասկանալի է դառնում նաեւ ռուսական լրատվամիջոցների բանեցրած հայտնի տեխնոլոգիան՝ թյուր տեղեկությունների տարածումը, որով նրանք հիմնականում մեղադրում են հայկական կողմին: Հայկական կողմի մեղավորությունները շատ են, սկսած՝ ինքնաթիռի` անհրաժեշտ տարեկան երկու անգամ տեխզննում չանցնելուց, ապահովագրության եւ այլ հարցերի հետ կապված խնդիրներից: Սակայն առայժմ ոչինչ պնդել հնարավոր չէ, քանի դեռ ֆրանսիացի մասնագետներն իրենց եզրահանգումները չեն կատարել: