«Օրրան» կենտրոնի նախագահ եւ «Պատանեկան նվաճումներ» կենտրոնի գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ եւ մեր ուղեկցությամբ այցելեցինք «168 Ժամ»-ում լուսաբանած թվով 5 ընտանիքների: «Տիկին Հովհաննիսյանը մշտապես կարդում է «168 Ժամ» թերթը եւ իրեն մասնավորապես հետաքրքրում է այս ընտանիքների մասին պատմող բաժինը: Ինձ հանձնարարել էր, որ հետեւեմ բոլոր այն ընտանիքներին, որոնք օգնության կարիք ունեն, եւ հետաքրքրվեմ նրանց բնակության վայրերի մասին: Քանի որ հիմա «Օրրանում» 80 երեխա եւ 50 ծեր մարդիկ կան, տիկին Արմինեն որոշել է նաեւ դրսի մարդկանց, այս ընտանիքներին օգնել, ովքեր «Օրրանում» չեն: Մենք շնորհակալ ենք «168 Ժամ» թերթին, որ մեզ օգնեցիք գտնել այս ընտանիքներին, որովհետեւ համոզված եմ, որ «Օրրան» կենտրոնը նրանց չէր գտնի: Քաղաքից օտարացած եւ մեկուսացած են այս ընտանիքները, նույնիսկ ինձ մոտ տպավորություն եղավ, կարծես Հայաստանից դուրս վայրեր են սրանք, որովհետեւ շատ թաքուն տեղեր են, ամեն մեկը մի շինություն գտել եւ ապրում է այդտեղ: Այս աստիճանի աղքատություն հաստատ չէի պատկերացնում: Շնորհակալ ենք, որ գտել եք այս ընտանիքներին»,- նշեց Ա. Հովհաննիսյանի օգնական, լրատվական բաժնի պատասխանատու Սուսաննա Մանուկյանը, ով, ի դեպ, թեեւ աշխատանքի բնույթով բազմիցս շփվել է թշվառ պայմաններում ապրող մարդկանց հետ, այդուհանդերձ, մեր ուղեկցած ընտանիքների վիճակից չկարողացավ հուզմունքը խեղդել: Արմինե Հովհաննիսյանի հանձնարարությամբ «Օրրանի» ներկայացուցիչները 5 ընտանիքների անդամներին փաթեթներով սնունդ փոխանցեցին, որոնց մեջ քաղցրեղեն, պահածոներ, ձեթ, ալյուր, ընդեղեն կար, մի խոսքով` այն ամենն, ինչի համար նրանք գոնե մի որոշ ժամանակ կկարողանան սնվել: Ի դեպ, Ս. Մանուկյանն այս ընտանիքների երեխաների մասին էլ հետաքրքրվեց, տվյալներ ճշտեց, որպեսզի առաջիկայում նույնպես այցելեն հագուստ տրամադրելու նպատակով:
L.Ս.