Վերջին 2-3 տարվա ընթացքում արձանագրված աննախադեպ աճի պայմաններում սա իսկական սենսացիա կլինի։ Ընդ որում, ոմանք ասում էին՝ սարսափելի տեմպերով են իջնում, ոմանք էլ գտնում էին, որ սարսափելի չէ, բայց գների անկում կա։ Որոշեցինք այդ լուրերի իսկությունը ստուգել այս շուկային ամենից մոտ կանգնած մարդկանցից՝ բրոքերներից։
«Երկիր» անշարժ գույքի գործակալությունից մեզ պատասխանեցին, որ իրենց տվյալներով` նման միտումներ չկան։ «Միգուցե դոլարի արժեզրկման հետ կապված՝ տների գները դրամային արտահայտությամբ իջնում են, սակայն դոլարով դրանք մնում են նույնը»,- ասաց այս ընկերության ներկայացուցիչը։
«Ռիելթի գրուպ» անշարժ գույքի գործակալության ներկայացուցիչը մեզ հավաստիացրեց, որ նման բան չկա։ Անշարժ գույքի գներն, ընդհակառակը, բարձրանում են։ Մեր զրուցակիցը դա բացատրեց դոլարի արժեզրկմամբ. «Ինչպես գիտեք, գներն արտահայտվում են ոչ թե դրամով, այլ դոլարով։ Դոլարի անկման հետեւանքով մարդիկ փոփոխում են դրամով արտահայտված գինը։ Սակայն երբ համեմատում ենք մեզ մոտ գրանցված որոշ տուն վաճառողների նոր գները՝ նախկինի հետ, պարզում ենք, որ այն աճել է նաեւ դոլարով»։
Օրինակ, եթե տանտերն իր բնակարանը գնահատում է 20 հազար դոլար, որը մեկ ամիս առաջ կազմում էր 9 մլն դրամ, ապա այսօր նա իր ցանկացած 20 հազար դոլարը կստանա 8 մլն 300 հազար դրամի դիմաց։ Սակայն տուն վաճառողը սահմանում է ոչ թե 8.3 մլն, այլ ասենք 8.5, կամ ընդհանրապես չի իջեցնում գինը։
Միայն այս փաստը ցույց է տալիս, որ դրամի արժեւորումը մեր երկրում ունի արհեստական բնույթ։ Մարդիկ տեսնում են, որ դոլարն արժեզրկվում է, սակայն իրենց հաշվարկներն անելիս հիմնվում են դոլարի վրա։ Եվ առքուվաճառքի պայմանագրերում շրջանառվող միլիոնավոր դոլարները գոյություն ունեն միայն թղթի վրա։ Իրականում գնորդը եւ վաճառողը գործարքն իրականացնում են թուլացող դոլարով, այլ ոչ թե «հզորացող» դոլարով, որը Նոյեմբերյանից այն կողմ իրենից որեւէ արժեք չի ներկայացնում։
Վերադառնալով անշարժ գույքի գներին՝ նշենք, որ թեեւ գներն ընդհանրապես իջնելու հետ «սեր չունեն», սակայն չի բացառվում, որ իջնեն։ Տրամաբանություն գտնելն այստեղ գրեթե անհնար է, ինչպես եւ անհնար է լուրջ պատճառներ բերել վերջին 2-3 տարում դրանց եռակի թանկացման համար։
Մեր մյուս զրուցակիցը, որը նույնպես պրոֆեսիոնալ բրոքեր է, նշեց, որ անշարժ գույքի գների աննշան անկում, այնուամենայնիվ, կա, սակայն այն նկատվում է միայն Երեւանի ծայրամասերում, իսկ Կենտրոնում գտնվող բնակարանների գներն, ընդհակառակը՝ բարձրանում են։ Մեր զրուցակիցը դա բացատրեց պահանջարկի գործոնով. «Ծայրամասերում գտնվող բնակարանների նկատմամբ պահանջարկը մի փոքր ընկել է, սակայն Կենտրոնում, կամ օրինակ՝ Կոմիտասի վրա գտնվող բնակարանների նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել»։
Իսկ եթե անշարժ գույքի գներն, այնուամենայնիվ, իջնեն, ապա դրան նպաստող գոնե մեկ, թեթեւ պատճառ հիմա էլ կարող ենք նշել։ Դա հենց այս կարգի խոսակցություններն են։ Ինչպես գիտեք, Հայաստանն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ խոսակցությունները (կամ ինչպես ընդունված է ասել՝ «շուխուռը»), մեզանում տարածվում է կայծակի արագությամբ։ Իսկ անշարժ գույքի սեփականատերերի մոտ դա կարող է խուճապային տրամադրություններ առաջացնել՝ ստիպելով վաճառել բնակարանը` որքան հնարավոր է շուտ։ Իսկ թե ո՞ւմ է ձեռնտու նմանատիպ տրամադրությունների տարածումը, դժվար է ասել։ Մի բան կարելի է հստակ ասել՝ անշարժ գույքի գործակալություններին գների անկումը ձեռնտու չէ, հետեւաբար` ձեռնտու չէ նաեւ այսպիսի լուրերի տարածումը։ Թերեւս այդ իսկ պատճառով նրանք կտրականապես հերքում են դրանք։
Եվ որքան էլ զարմանալի թվա, անշարժ գույքի գների նվազումը եւ դրա մասին խոսակցությունները ձեռնտու չեն նաեւ իշխանություններին։ Այն պատճառով, որ այդ երեւույթը վկայում է քաղաքական անկայունության եւ պոտենցիալ ներդրողների տրամադրությունների փոփոխության մասին։ Նախընտրական շրջանում անշարժ գույքի գները միշտ էլ ընկնում են, սակայն երբ գործընթացը սկսում է այսքան շուտ, այն կարող է մեծ չափերի հասնել եւ դիտարկվել որպես ներքաղաքական անկայունության լուրջ նախանշան։