Ռուսաստանում աճում են ազգային ատելության հողի վրա կատարված հարձակումներն ու սպանությունները: Միայն այս տարի 20-ից ավելի սպանություն է տեղի ունեցել, անցկացվել են բազմաթիվ «պատժական ակցիաներ», հարձակումներ եւ կողոպուտներ: Այդ տվյալներն ամբողջական լինել չեն կարող, քանի որ Մոսկվայից դուրս կատարված սպանությունների մասին գրեթե ինֆորմացիա չկա:
Ենթադրվում է, որ սպանությունների եւ հարձակումների հետեւում սքինհեդներն են, որոնց թիվն, ըստ վերլուծաբանների` անցնում է 50 հազարը: Սակայն սքինհեդների շարժման հետ զուգահեռ աճում է «Սլավյանսկի սոուզ» կոչվող նացիոնալիստական խմբավորման դերը, որը շատ մեծ թափ է ձեռք բերել եւ օրեցօր մեծ թվով հետնորդներով է համալրվում: «Սլավյանսկի սոուզը» կամ կրճատ` ՍՍ-ն (գեստապոյական «SS»-ի նմանությամբ), ոչ միայն ագրեսիվ նացիոնալիստական քաղաքականություն է քարոզում, այլեւ` ֆիզիկական հաշվեհարդարի դրդում: Ֆրանսիական «Liberation» թերթը, հետազոտություն անցկացնելով, պարզել է, որ ՍՍ-ին սատարում են իշխանական հզոր կառույցները: Թերթի հոդվածն այսպես է սկսվում. «Ուրեմն, սկսեցինք, ես կովկասցի եմ, իսկ դուք չորսովդ ինձ վրա եք հարձակվում»,- ասում է Մոսկվայի հարավային մասում գտնվող երիտասարդ ակումբի մարզիչներից մեկը»: Նա երիտասարդ ռուսներին սովորեցնում է «Կեցցե, Ռուսաստանը» կոչ արձակելով, գրագետ հարձակվել այլազգիների վրա: Ֆրանսիացի լրագրողը զրուցել է 19-ամյա ռուս պատանու հետ, ով ասել է. «Մենք փողոցային կռիվ ենք սովորում: Եվ դա անում ենք հանուն մեր երկրի ապագայի: Իհարկե, Հիտլերը ժողովուրդների թշնամի էր, սակայն նրա գաղափարախոսությունը ճիշտ էր»: Երիտասարդ «ss»-ականները խոստովանել են, որ Ռուսաստանի ողջ տարածքում 5 հազարից ավելի անդամներ եւ 25 հազար համակրողներ ունեն:
Ակումբի անդամ Դմիտրի Դեմուշկինը ոգեւորությամբ վստահեցրել է ֆրանսիացի լրագրողին, որ իրենց նպատակները միայն «փողոցային տեռորով» չեն սահմանափակվելու. «Պետք է կրակել սովորենք, պետք է շուրջօրյա պարեկային ծառայություն կազմակերպենք, մեզ պետք է նաեւ ռոք խմբերի օգնությամբ քարոզչություն կատարել: Արդեն իսկ շատ երկաթուղային կայարաններ մեզ փող են վճարում, որպեսզի ուժով քշենք գնչուներին: Անձամբ ես շատերին եմ սպանել»: Երիտասարդ նեոնացիստներն իրենց անպատժելի են զգում այսօրվա Ռուսաստանում, քանի որ համոզված են` քանի դեռ Ռուսաստանը «նարնջագույն» հեղափոխությունների վախ ունի, իրենց ձեռք չեն տա: Դ.Դեմուշկինը հպարտանում է, որ հաճախ է թեյ խմում նախագահ Պուտինի աշխատակազմի չինովնիկների հետ. «Մեր ակումբը «Միաբան Ռուսաստան» կուսակցությանն է պատկանում, իսկ այդ կուսակցությունը Պուտինինն է, ուրեմն մենք պետք ենք Ռուսաստանին»:
Ֆրանսիացի լրագրողը վստահ է, որ նախագահական թիկունքը ամենատարածված վարկածներից է. «Դա ձեռնտու է Պուտինի աշխատակազմին, եւ միանգամից երկու նպատակ է հետապնդում: Նախ, որ հնարավորություն է տալիս արվամոլներից, թմրամոլներից, գնչուներից մաքրել կայարաններն եւ հետո էլ ցույց տալ աշխարհին, թե Պուտինը իսկական դեմոկրատ է, նա այնքան հավասարակշռված ու զուսպ է երեւում այդ գազանների ֆոնին»:
Նացիոնալիստական խարույկը միշտ վառ պահելու համար ստեղծված էքստրեմիստական խմբավորումներն արդեն իսկ անկառավարելի են դառնում: Դա է նկատել «Liberation»-ը, որն իր հրապարակումն այսպես է ավարտում. «Առավոտվա ժամերին Մոսկվայի մոտակա գյուղերից մեկում երիտասարդները պուրակում մարզվում են` երգելով «հարազատ Ռուսաստանի մասին», որտեղ «տաջիկները տեղ չունեն»: Հատուկ նշանակության ջոկատներում ծառայած Իվանը սովորեցնում է. «Հարված, մի հատ էլ հարված կոկորդին: Դե, զույգերի բաժանվեք: Այս անգամ ո՞վ է ուզում «տաջիկը» լինել»: Բոլորը մարզվում են եւ «կեղտոտ խոզերի» հասցեին սպառնալիքներ գոչում: Գյուղացի տարիքով մի կին, ով մոտակա բանջարանոցում է աշխատում, վիրավորվում է. «Խոզը շատ մաքուր կենդանի է, կեղտոտներն օտարական այլազգիներն են»: Իվանը գոհ է. «Տեսա՞ք, ռուս ժողովուրդը մեզ շատ լավ է հասկանում»: Եվ դիմում է կնոջը. «Մենք այդ հարցերը շուտով կլուծենք: Խոստանում ենք»:
Այսօր ռուսների 50%-ը համակրում է «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսին, եւ դրանում իրենց ներդրումն են տեսնում ռուս նեոնացիոնալիստները»:
Ֆրանսիական հրապարակումից բացի, բազմաթիվ այլ թերթեր են անդրադառնում նեոֆաշիստական խմբավորումների թեմային: Տարիներ առաջ գոյություն ունեցող մի քանի խոշոր խմբավորումները բազմաթիվ մանր խմբերի են բաժանվել, յուրաքանչյուր բնակավայր իր ֆաշիստներն ունի, որոնք սպանում, թալանում ու ազգայնամոլական կարգախոսներ են հնարում: Շատ ֆաշիստներ գրավել են Ինտերնետը, եւ իրենց կայքերում մանրամասն բացատրում են սպանության մեխանիկան: Ոչ արիացի ռուսներն այդ կայքերում որպես «կապիկներ» եւ «թերի մարդիկ» են ներկայացված, իսկ նրանց ոչնչացումը սուրբ գործ է համարվում: Գուցե արդեն ուշ է նրանց դեմ պայքարելու միջոցներ ձեռնարկել: Կամ էլ նրանք հեռահար քաղաքական ամբիցիաներ ունեցող երկրին դեռ պետք են: Սակայն շատ վերլուծաբաններ համարում են, որ նեոֆաշիստներն այլեւս վերահսկելի չեն: