Հակամարտության կարգավորման ճգնաժամ

13/06/2006 Այդին ՀԱՋԻԵՎ, Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Այս տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում շոշափելի առաջընթացի մասին կանխատեսումների պատրանքային լինելը գնալով ավելի ու ավելի հաստատուն է դառնում: Դիվանագիտական հնարավոր բոլոր մանիպուլյացիաների 12-ամյա պատմությունը, որն ըստ էության ուղղված էր ոչ թե խնդրի կոնկրետ լուծմանը, այլ դրա իմիտացիային, հակամարտությունը դասում է մերձավորարեւելյան, քաշմիրյան եւ այլ ազգային-քաղաքական հիմնախնդիրների հետ նույն շարքում: Դիտմամբ չեմ նշում հյուսիսիռլանդյան, բասկյան, քվեբեկյան եւ այլ բացառապես ներքին հակամարտությունները, որոնք ընթանում են կենտրոնի եւ անջատողական ծայրամասերի միջեւ եւ չեն ենթարկվել այլ պետության ներխուժմանը:

Այս 12 տարիների ընթացքում, ինչ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հրադադարի ռեժիմ է գործում եւ սկսվել են խաղաղ բանակցությունները, ոչ մի անգամ չի արձանագրվել հակամարտող կողմերի շահերի եւ ոչ մի հատման կետ: Պետության ղեկավարների եւ ոչ մի հանդիպում չի ավարտվել թեկուզ մասնակի փոխհամաձայնությամբ: Կողմերի դիրքորոշումներն այնքան ծայրահեղ հակառակ են իրար, որ այս ֆորմալ երկխոսությունն ավելի շատ հիշեցնում է իրար հաջորդող մենախոսություններ:

Ադրբեջանը հիմնվում է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Դա իր հերթին ենթադրում է Հայաստանի կողմից բռնազավթված ադրբեջանական տարածքների ազատագրում եւ ԼՂ-ին ամենաբարձր կարգի ինքնավարության տրամադրում: Հայկական կողմը պնդում է, որ ԼՂ-ի հայ ազգաբնակչությունն ինքնորոշման իրավունք ունի, եւ որ Ադրբեջանը պետք է ճանաչի դա, միայն դրանից հետո կսկսի բռնազավթված ադրբեջանական տարածքներից իր զորքերի դուրս բերելու մասին բանակցությունները:

Կողմերի՝ իրար բացառող դիրքորոշումներն այս տարիների ընթացքում բացարձակ չեն մեղմացել, ինչը չի նպաստում որեւէ փոխհամաձայնության գալու նույնիսկ աննշան հնարավորությանը: Հայաստանը պարծենում է հաղթանակ տարածի իր կարգավիճակով եւ առանց հաջողության հասնելու փորձում է modus vivendi-ն, այսինքն՝ իրերի ժամանակավոր դրությունը, փոխակերպել status quo-ի: Ադրբեջանը երբեք չի համաձայնի ճանաչելու ԼՂ-ի անկախությունը ոչ դե ֆակտո, ոչ էլ, առավել եւս, դե յուրե:

Երկու հասարակությունների բարոյաքաղաքական մթնոլորտն այնքան է հագեցած ծայրահեղ անհաշտությամբ, որ երկու երկրների ղեկավարների անգամ աննշան քայլերը՝ համաձայնության եզրեր գտնելու համար, լավագույն դեպքում ընկալվում են որպես դիրքերի անթույլատրելի թուլացում: Եվ այս հանգամանքն էական ազդեցություն է թողնում ղեկավարների վարքագծի վրա բանակցությունների ժամանակ: Թե մեկ, թե մյուս երկրում կառուցողական քաղաքականությունից հեռու կանգնած եւ ծայրահեղ տրամադրված ընդդիմությունը երբեք բաց չի թողնի հնարավորությունն` Ադրբեջանի նախագահին մեղադրելու ավելորդ խաղաղասիրության, իսկ Հայաստանի նախագահին՝ ավելորդ լիբերալիզմի մեջ: Օբստրուկցիան, որին ենթարկվեց Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ընդամենն ակնարկելով իր կողմից ինչ-ինչ զիջումների հնարավորության մասին, «դաս» եղավ Քոչարյանի համար, եւ նա ամեն կերպ ձգտում է թույլ չտալ նման «սխալներ»:

Հայաստանի 1200 քաղաքացիների շրջանում անցկացված սոցհարցումների տվյալներով՝ նրանց 41%-ը կարծում է, որ ԼՂ-ն պետք է մտնի Հայաստանի կազմի մեջ առանց ինքնավարության իրավունքի, 31%-ը՝ համաձայն են, որ ԼՂ-ն ինքնավարություն ունենա Հայաստանի կազմում, իսկ 27%-ը կարծում է, որ ԼՂ-ն պետք է անկախ պետություն դառնա: Ոչ մի մարդ կարծիք չի հայտնել, թե ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում: Ընդ որում՝ հարցման ենթարկվածների 85%-ը գտնում է, որ հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, իսկ 13%-ը նշել են, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է եւ ուժի գործադրում:

Ադրբեջանում անցկացված հարցումներում ձայների գրեթե նույն համամասնությունն է՝ միայն թե հակառակ համատեքստով: Բացառություն է կազմում միայն հակամարտության լուծման ռազմական ճանապարհի վերաբերյալ վերաբերմունքը. հարցման ենթարկվածների 60%-ը դրա կողմնակիցն են:

Այս ամենով հանդերձ՝ աքսիոմատիկ է, որ ուժի կիրառումը թե մեկ, թե մյուս կողմից անհնարին է: Որքան էլ պարադոքսալ հնչի, օրերս գործարկված Բաքու-Ջեյհան-Թբիլիսի նավթամուղը, որ Ադրբեջանի համար շոշափելի ֆինանսատնտեսական դիվիդենտներ ունի, միաժամանակ բացառում է այդ տարածքի վերադարձը ռազմական ճանապարհով: Նավթամուղի վրա հսկայական ներդրումներ անող Արեւմուտքը, բնականաբար, մտահոգված է նրա անվտանգությամբ: Ռուսաստանն առավել եւս ջանքեր կգործադրի ռազմական սցենարը բացառելու ուղղությամբ՝ ելնելով սեփական շահերից, քանի որ շահագրգռված է ողջ Կովկասի քաղաքական կայունությամբ եւ նրա հարավում արդյունավետ տնտեսական քաղաքականությամբ:

ԱՄՆ-ը` իր հայտնի «Ձայնդ մի բարձրացրու եւ քսակդ պատրաստ պահիր» կարգախոսով, պատրաստ է նույնիսկ ֆինանսական փոխհատուցում տրամադրել Ղարաբաղի հետ շրջանակային համաձայնության գալու դիմաց՝ փորձ անելով տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին եւ հաստատել իր գերակայությունը:

Սակայն Բուխարեստում կայացած «Սեւ ծովը համագործակցության եւ երկխոսության համար» գագաթաժողովի շրջանակում Ալիեւի եւ Քոչարյանի միջեւ անարդյունավետ բանակցությունները եւ դրան հետեւած ԵԱՀԿ-ի ՄԽ-ի ամերիկացի միջնորդ Սթիվեն Մանի հայտարարությունը իր թեկնածությունը ուրիշով փոխարինելու մասին նշանավորեցին «Պրահայի գործընթացի» եւս մեկ պարտությունը:

Հենց իր՝ Քոչարյանի հայտարարությունը՝ արված Բուխարեստ այցից մի օր առաջ, առանձնակի լավատեսություն չէր ներշնչում: «ՄԱԿ-ի ստեղծումից հետո ոչ մի դեպք չի եղել, որ որեւէ ժողովուրդ, կիրառելով իր ինքնորոշման իրավունքը եւ հասնելով փաստացի անկախության, փոխի իր որոշումը եւ վերադառնա այն պետության կազմ, որից դուրս է եկել: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդն ու ղարաբաղցիներն առաջինը լինեն, որոնք կորոշեն, որ անկախությունն ինչ-ինչ պատճառներով իրենց ձեռնտու չէ»:

Այս հայտարարությունն արված էր Հայաստանին բնորոշ ոգով, եւ դրանից հետո կարելի էր բանակցությունների սեղանի շուրջ նույնիսկ չնստել:

Մի բան էր անհասկանալի, թե ո՞ր ժողովրդին նկատի ուներ Քոչարյանը: Եթե խոսքը ԼՂ-ի ողջ բնակչության մասին է, ապա նրա՝ բռնի կերպով տեղահանված ադրբեջանական հատվածը երեւի ձայնի իրավունք ունի իր պատմական ճակատագիրը որոշելու հարցում: Եթե Քոչարյանը նկատի ուներ միայն հայ բնակիչներին, ապա պատմությունը հայ ժողովրդին արդեն պետական ինքնորոշման հնարավորություն է տվել, որից էլ նրանք լիովին օգտվել են: Իսկ Կոսովոյի եւ Չեռնոգորիայի հիմնախնդիրների հետ անցկացրած նրա համեմատությունը բացարձակ անհիմն է:

Նախ՝ Կոսովոյի ինքնորոշման գործընթացն ընթանում է ոչ թե Ալբանիայի կողմից Սերբիայի նկատմամբ ռազմական գործողությունների եւ տարածքների բռնազավթումների ֆոնին, այլ նրա վրա ՆԱՏՕ-ի ցինիկ ռազմաքաղաքական ճնշումների արդյունքում: Երկրորդ՝ առաջիկայում Կոսովոյի անկախության հռչակումը ամերիկյան պլանի մասն է կազմում՝ թուլացնելու Ռուսաստանի պատմականորեն ձեւավորված ֆորպոստի ազդեցությունը Բալկաններում:

Ադրբեջանը, հիանալի ռազմավարական հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, Արեւմուտքի կողմից չի դիտարկվում իբրեւ հարավկովկասյան տարածաշրջանում նմանատիպ ռազմական հենադաշտ: Ավելին, ԱՄՆ-ը խիստ շահագրգռված է Ադրբեջանի հետ տրանսպորտային-էներգետիկ եւ ռազմավարական համագործակցությամբ (նկատի ունենալով Իրանի շուրջ ծագած իրավիճակը): Ավելի մեծ է Ռուսաստանի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով պատմական, տնտեսական, մշակութային սերտ կապերը: Ելնելով այս ամենից՝ Ղարաբաղի ինքնահռչակ անկախությունը հիմնված է միմիայն Հայաստանի ռազմական ուժի վրա:

Բացի վերոշարադրյալից, կողմերը այս 12 տարիների բանակցությունների ընթացքում այդպես էլ չեն կարողանում համաձայնության գալ դրանց վերջնական ձեւաչափի շուրջ: Պե՞տք է արդյոք ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը վերածվի բանակցային գործընթացի սուբյեկտի: Իսկ եթե այդպես է, ապա ինչո՞ւ այդ նույն կարգավիճակը չպետք է տրամադրվի նաեւ ԼՂ ադրբեջանական համայնքին:

Ինչպես երեւում է, 12 տարիների ընթացքում կուտակված հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Իհարկե, հակամարտության փուլային կարգավորումը կարող է տասնամյակներով երկարաձգվել: Դա է վկայում թեկուզ Քելբաջարի շրջանի հարցը, որ քննարկվում էր Ռամբույեի բանակցությունների ժամանակ: Կողմերի միջեւ վստահության վերականգնման եւ անվտանգության նկատառումներով անշուշտ վերահսկողություն է պահանջվում, որի դերը կարող էին կատարել խաղաղապահ ուժերը:

Բացի այդ, Ադրբեջանի համար, որ ԼՂ-ին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն է առաջարկում, մեծ արժեք պետք է ունենա Ռուսաստանի՝ ինքնավար սուբյեկտների հետ հարաբերություններում կենտրոնի լիազորությունները սահմանափակելու փորձը:

Սակայն նշենք, որ չնայած ԱՄՆ-ի գործադրած ջանքերի ցածր արդյունավետությանը՝ կարգավորելու հակամարտությունը, չի կարելի հաշվի չառնել ֆինանսատնտեսական, ռազմավարական լծակների առկայությունը, որ նրա կողմից կիրառվում է նախկին խորհրդային տարածքի պետությունների հետագա մասնատման նպատակով, կարգավորման նշված տարբերակի իրագործումը կարող է եւ հաջող ընթացք ունենալ, ինչը կնպաստի այս հակամարտության հետագա կոնսերվացիային:

Այսպիսով, ճգնաժամը շարունակվում է: Դժվար է ասել, թե որ կողմին է շահավետ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը: Անտարակույս, այս տարիների ընթացքում Ադրբեջանի ֆինանսատնտեսական հզորացումը շոշափելիորեն ամրապնդում է նրա դիրքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, սակայն շարունակվում է նաեւ տարածքի մի մասի բռնազավթումը, լուծված չէ փախստականների խնդիրը, հասարակության մեջ դեռ որոշակի սոցիալական եւ քաղաքական լարվածություն կա:

Չնայած ԼՂ-ի կողմից անկախության հռչակմանը, Ադրբեջանին հարակից, Հայաստանի կողմից բռնազավթված տարածքներում Հայաստանի զորքի ներկայությանը՝ Ղարաբաղի հասարակությունը բարոյապես հոգնած է եւ գտնվում է սոցիալ-տնտեսական լարվածության մեջ: ԼՂ-ի այդ դրությունը ազդում է եւ Հայաստանի վրա, որն իր ուսերին է առել ինքնահռչակ հանրապետության բեռը, դրան գումարած նաեւ հարեւան պետության բռնազավթված տարածքները, որ նրանց բոլորին տնտեսական շրջափակման մեջ է պահում:

Դեռ որքա՞ն կարող են հակամարտող կողմերը գտնվել modus vivendi-ի կարգավիճակում: Տա աստված, որ հարցը զուտ հռետորական չլինի: Սակայն առայժմ մնում է մեզ մխիթարենք հայտնի ասացվածքով. «Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է»: