«Ֆուլ-կոնտակտ կարատե» ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ մի քանի ֆիլմեր են լույս աշխարհ եկել: Եվ բոլորն էլ բավականին թույլ եւ սակավաբյուջե մարտաֆիլմեր են եղել, որոնց հիմքում պատվի ու վրեժխնդրության թեման էր, եւ որպես ֆիլմի պարտադիր տարր` կարատեն:
Սակայն Գ. Վարդանյանի մասնակցությամբ նկարահանված վերջին` «Ճակատագիր» ֆիլմը զգալիորեն տարբերվում է նախորդներից. այն լավ սցենարական հիմք, պրոֆեսիոնալ ստեղծագործական կազմ եւ ոգեւորիչ թեմա ունի: Մարդու արժանապատվությունն այստեղ ձուլված է հանուն սեփական հողի մղվող պատերազմին: 1990-91թթ. Ղարաբաղի գյուղերում սկսվեցին «հայաթափման» գործընթացները, ռուսական զորքերի որոշումը եղավ` չխառնվել ադրբեջանցիների եւ հայերի ներքին կոնֆլիկտին: Սկսվեց շփոթմունքը, Գորբաչովը, «պերեստրոյկան», ամենաթողությունն ու ազգային զարթոնքը: Ֆիլմում մեկ գյուղի բնակիչների ճակատագիրն է ներկայացված: Ֆիլմում շատ են կռիվները, կրակոցները, կերպարներն ու պիրոտեխնիկական էֆեկտներով ռազմական տեսարանները: Եվ մարդկանց ճակատագրերը: Բարեբախտաբար, կարատե գրեթե չկա:
Ֆիլմը մոնտաժվել եւ իր վերջնական հնչերանգներն է ստացել ԱՄՆ-ում, եւ ամերիկացի կինոմասնագետների միջամտությունը բավական ակնհայտ է: Ֆիլմի էքսկլյուզիվ պրոդյուսեր Հայք Բաքրջյանը ֆիլմի պրեմիերայի ժամանակ նշեց, որ երկար է մտածել Գ.Վարդանյանի հետ համագործակցության մասին, սակայն թեման նրան շատ է ոգեւորել: Նրա խորհրդով արդեն նկարահանված նյութն այլ կերպ է մատուցվել, շտկվել են տեխնիկական պարամետրերը, եւ ֆիլմի ռեժիսոր Վահե Խաչատրյանը դուրս է մնացել ֆիլմի պատրաստման վերջնական փուլից:
«Ճակատագրում» շատ են կինոշտամպները (լավ իմաստով), որոնք միայն օգնում են ֆիլմի ամբողջականությանը: Ֆիլմի հերոսի որդուն դաժանաբար սպանում են, եւ հենց այն պահին, երբ ազատամարտիկների խումբն իր առաջին հաջող ռազմական օպերացիան է կատարում, նրա հղի կինը լույս աշխարհ է բերում երկրորդ զավակին: Սպանված որդուն պաշտպանել չկարողացած հերոսը թույլ չի տալիս, որ վրեժխնդրությամբ տոգորված իր համագյուղացիները սպանեն ադրբեջանցի տղային, քանի որ հասկանում է, որ թշնամուն նմանվելով` երբեք չես հաղթի: Սրանք շատ ուժեղ հույզեր առաջացնող կինոդրվագներ են, եւ դրանց ծեծված լինելը հենց ժամանակով ու փորձով ստուգված հավաստիություն է նշանակում:
Ազատագրական շարժումը եւ ղարաբաղյան կոնֆլիկտը ցավոտ եւ դեռ վերապրված չեն արվեստի լեզվով ներկայացնելու համար, մեծ է ճակատային եւ կինոյին ոչ հարիր կարծիք հայտնելու վտանգը: Ի պատիվ ֆիլմի սցենարիստների (Մարինե Սարգսյան, Գոռ Վարդանյան) եւ ռեժիսորների (Վահե Խաչատրյան եւ Արմեն Մազմանյան) ֆիլմը լողացող սյուժե եւ օդում կախվող, հռետորական հարցեր գրեթե չունի: Ֆիլմում չի ասվում, թե հայերը լավն են, իսկ ադրբեջանցիները` վատը, այլ ասվում է` անմեղներին սպանելն է անընդունելի: Եվ ընդհանրապես պատերազմներն են սխալ: Երեք ազգի ներկայացուցիչ տարբեր ժամանակներում իրար են հանդիպում եւ տարբեր պատերազմական դաշտերում փորձում պատասխանել մի հարցի` հանուն ինչի՞ ենք կռվում: Աֆղանստանի ու Ղարաբաղի մարտերին մասնակցած ռուս, հայ եւ աֆղան զինվորները պարտավոր են իրենց գեներալների հրամանները կատարել, սակայն եւ աֆղանը, եւ հայը, որոնք իրենց հողի, տների ու երեխաների համար են կռիվ տալիս, կարողանում են հասկանալ իրար: Աֆղանստանում գերի ընկած հային բաց են թողնում, նույնկերպ է վարվում հայը` վարձու աֆղան զինվորի հետ: Իսկ ռուս զինվորը` տեսնելով ինչ են անում ադրբեջանցիները հայաշատ գյուղերում, որոշում է կայացնում` դրժել զինվորական կոդեքսն ու միանալ հայ ֆիդայիներին: Հայերին «բոեւիկ» համարող ռուս լրագրողները` տեսնելով իրականությունը, հասկանում են, որ պետք է աշխարհին ճշմարտությունն ասել, եւ խոստանում են հայերին` իրենց մարդկային պարտքը կատարել: Բոլոր նման սյուժետային պտույտներում առկա է հոլիվուդյան մարտաֆիլմերի ազդեցությունը, եւ հիմա թերեւս միայն այդ մոդելով կարելի է ներկայացնել մեր ոչ այնքան վաղ պատմությունը: Նաեւ այդ պատմությունը ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին, որին պետք է ցույց տալ, որ մենք ոչ միայն տառապել ենք, այլեւ` հաղթել:
Ֆիլմում լավ ընդգծված այլազգի երկրորդական պերսոնաժներ կան՝ ադրբեջանցի ոստիկաններ, ռուս զինվորներ, գեներալներ, ուրվագծվող երեւանցի եւ սփյուռքահայ հերոսներ, որոնք սկսում են միանալ ղարաբաղցիներին: Բոլորը սեփական յուրահատուկ դեմքն ու խոսելաոճն ունեն, թույլ չեն տալիս, որ Գոռ Վարդանյանը միակն ու անկրկնելին լինի, ինչպես սովորաբար եղել է նրա մյուս ֆիլմերում: Հետաքրքիրն այն է, որ դերասանական տվյալներ չունեցող Գ.Վարդանյանն այս ֆիլմում համոզիչ է խաղում, գյուղացի սովորական տղայից բարդ ու բազմաշերտ խաղ հո չե՞ս պահանջի. նա ապրում ու կռվում է հազարավոր հայ ազատամարտիկների պես: Սակայն այն դրվագներում, որտեղ հերոսը պետք է ռուսերեն տեքստ ասի (օրինակ, ռուս լրագրողուհու հետ), այդ տեքստի իմաստը դժվարությամբ է հասնում, նախ, որ «Ֆուլ-կոնտակտ կարատե» ֆեդերացիայի նախագահը լավ չի տիրապետում ռուսերեն լեզվին, եւ հետո էլ` էմոցիոնալ շեշտադրումներ անել չի կարող, եւ խոսքերը հաճախ կորցնում են իրենց կշիռը: Ընդհանրապես ֆիլմում պրոֆեսիոնալ դերասանները քիչ են, ինչ-որ տեղ դա արդարացված է, ինչ-որ տեղ խանգարում է: Սակայն «Ճակատագիրը» թույլ եւ ոչ պրոֆեսիոնալ անվանել չի կարելի, այն կարող է խթան հանդիսանալ` այլ գեղարվեստական ֆիլմերում պատերազմը պատկերելու համար: Եվ արդեն իսկ կարելի է ենթադրել, որ մեծ թվով հայ հանդիսատես կունենա: Պատերազմները խաղում են մարդկանց ճակատագրի հետ, եւ այդ պրոցեսը հիմա էլ է շարունակվում: Ֆիլմի ամերիկացի պրոդյուսեր Հ. Բաքրջյանը նշեց, որ ինչպես եւ Ղարաբաղյան պատերազմի մասին աշխարհին խեղաթյուրված եւ ուշացած լուրեր էին հասնում, այդպես էլ հիմա` քչերը գիտեն, ասենք, Սուդանի պատերազմի մասին: Հաշվի առնելով դա, «Ճակատագիրը» կարող է հաջող փառատոնային ճակատագիր ունենալ, եթե, իհարկե, այն ուղարկվի ոչ շատ հայտնի փառատոների եւ սկզբում ներկայացվի ավելի փոքր լսարաններին` զուտ փաստերին ծանոթանալու համար: «Ճակատագիրն» արդեն ներգրավված է «Ոսկե ծիրանի» մրցութային խաղարկային ֆիլմերի ցուցակում:
Հ.Գ. «Ճակատագրի» պրեմիերան շատ վեհաշուք էր կազմակերպված: Ֆիլմում համեստ եւ հայրենասեր տղայի դեր կատարող Գոռ Վարդանյանը որոշել էր ֆիլմը ներկայացնելու համար օգտագործել բոլոր հայտնի շտամպները (վատ իմաստով): Աբովյան փողոցը փակվել էր եւ հսկվում էր ոստիկաններով, ոչ մի պատահական անցորդ «Մոսկվա» կինոթատրոնի մոտով անցնել չէր կարող: Կինոթատրոնի առջեւ ժապավենապատ եւ արհեստական ծաղկեփնջերով զարդարված կարմիր գորգ էր փռված, հյուրերը «լիմուզիններով» էին մոտենում գորգին եւ անցնում տեսախցիկներով շրջապատված արահետով: Եվ եթե որեւէ մեկը ցանկություն էր հայտնում շրջանցել գորգն ու անմիջապես կինոթատրոն մտնել, ոստիկանները քմծիծաղով պատասխանում էին՝ «Պատվավոր հյուրերը պարտավոր են պատվավոր հյուրերի պես անցնել»: Իսկ պատվի սահմանները հենց Գոռ Վարդանյանն էր գծել: Եվ այդ սահմանները շատ են տարբերվում «Ճակատագրի» հերոսի պատվի սահմաններից: Կան պահեր, երբ հերոսին նույնացվելը միայն օգնում է եւ ֆիլմի գովազդին, եւ հերոսի սկզբունքների քարոզին: