ԼՂՀ փախստականների համար կկառուցվի 21 տուն

13/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Օրերս ԼՂՀ Ազգային ժողովի սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր 2005թ. պետբյուջեի կատարողականը, կառավարությանն առընթեր Միգրացիայի, փախստականների եւ վերաբնակեցման վարչության պետ Պավել Նաջարյանը տեղեկացրել է, որ 2006թ. պետբյուջեով փախստականներին միանվագ օգնության համար նախատեսված գումարներն արդեն լրիվությամբ բաժանված են:

Հարցի առնչությամբ դիմեցինք պրն Նաջարյանին, որը փաստեց, որ այս տարի միանվագ օգնություն են ստացել 1161 ընտանիք, ընդ որում՝ դրանցից 810-ը` Ստեփանակերտ քաղաքից, իսկ մյուսները` հանրապետության տարբեր շրջաններից: 2006թ. տրամադրվել է շուրջ 83 մլն դրամի միանվագ օգնություն: Նրա խոսքերով, միանվագ օգնություն են ստացել արդեն գրանցված փախստականների կեսը, իսկ մյուս կեսին նախատեսվում է օգնություն տրամադրել 2007 թվականին: Պատասխանելով վկայականների տրամադրման մասին հարցին, վարչության պետն ասաց, որ վկայականների տրամադրումը դեռեւս ընթացքի մեջ է, եւ այն կավարտվի 1-2 ամսում:

«Իսկ 2006-ին ի՞նչ քայլեր կձեռնարկվեն փախստականներին բնակարանով ապահովելու ուղղությամբ» հարցին Պավել Նաջարյանը պատասխանեց. «Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում նախատեսվող 11 տների կառուցումը ներկայումս գտնվում է մրցութային փուլում: Մոտ ժամանակներս աշխատանքները սկսելու համար մրցույթ կհայտարարվի: Կառուցվող 11 տները, որոնք շահագործման կհանձնվեն մինչեւ տարեվերջ, նախատեսված են Արցախի պետական համալսարանի հանրակացարանում բնակվող փախստական ընտանիքների համար»: Նա միաժամանակ հավաստիացրեց, որ այս տարվա ծրագրով, բացի վերոնշյալ 11 տներից, փախստականների համար 10 տներ կկառուցվեն նաեւ Ասկերանի, Մարտունու, Հադրութի եւ Մարտակերտի շրջաններում. 5 տներ կկառուցվեն Մարտունու շրջանում, 3-ը` Հադրութի շրջանում, իսկ մեկական տներ` Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններում: Մարտակերտի շրջանի Չափար գյուղի փախստական մեկ ընտանիքի տուն էլ կվերակառուցվի:

Խոսելով վերաբնակեցման գործընթացի մասին` վարչության պետը հավաստիացրեց, որ գործընթացն արդեն սկսված է: «Այստեղ բնակություն հաստատելու ցանկություն են հայտնում տարբեր երկրների բնակիչներ: Վերջին շրջանում նրանք հիմնականում միջին Ասիայի եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքների բնակիչներ են»,- մեր զրույցի ժամանակ նշեց նա:

Ծրագրի համաձայն, 2006թ. հանրապետության տարբեր շրջաններում` հիմնականում Ասկերանի եւ Մարտակերտի, վերաբնակիչների համար կկառուցվի եւ կվերանորոգվի 116 տուն: «Աշխատանքները սկսված են առայժմ միայն սահմանամերձ գյուղերում, իսկ մյուս բնակավայրերում տների կառուցումը մրցութային փուլում է գտնվում»,- ասաց Պ. Նաջարյանը:

Հայտնի է նաեւ, որ Ղարաբաղում, բացի պետական միջոցներով իրականացվող աշխատանքներից, վերաբնակիչների համար տներ են կառուցվում նաեւ բարերարների հովանավորությամբ: Ինչպես նշեց զրուցակիցս, Հայ բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ Հադրութի շրջանի Բարեշեն գյուղում 10 տուն է կառուցվում, որոնց շինարարությունն ավարտին կհասցվի մինչեւ տարեվերջ: Նախատեսվում է հետագայում եւս 10 տուն կառուցել, ինչպես նաեւ` դպրոց, բուժկետ եւ այլն. ՀԲԸՄ-ի հովանավորությամբ դպրոց է կառուցվում նաեւ շրջանի Նորաշեն գյուղում. նշել է վարչության պետը, որը տեղեկացրեց նաեւ, որ մեկ այլ բարերարի միջոցներով Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղում նախատեսվում է վերակառուցել դպրոցը եւ գյուղում նոր տներ կառուցել: Վերաբնակեցման ծրագրերով է զբաղվում նաեւ Ստեփանակերտում գործող «Ավետյաց երկիր» հասարակական կազմակերպությունը, որի միջոցով վերականգնվում են հայկական պատմական գյուղերը, կառուցվում են տներ, դպրոցներ, բուժկետեր եւ այլն: Եվ այս ամենն իրականություն է դառնում սփյուռքահայ բարերարների միջոցներով: