– ՄԱԱ-ում քննարկման ժամանակ հայտարարեցիք, թե ուրախ եք կոալիցիայի կազմից ՕԵԿ-ի դուրս գալու եւ իշխող կոալիցիայի դիրքերի թուլացման համար: Ինչո՞վ է պայմանավորված ձեր ուրախությունը:
– Ուրախ եմ այնքանով, որ կոալիցիան մեկ երրորդով թուլացավ: Իսկ կոալիցիայի թուլացումն ինձ համար կարեւոր է այնքանով, որ այն կարագացնի իշխանափոխությունը: Դասական երկրներում կոալիցիայի փլուզումը քաղաքական ճգնաժամ կարող էր ստեղծել: Սակայն Հայաստանում մի քանի ժամվա ընթացքում փոքրացված կոալիցիան կրկին մի քանի ժամվա մեջ մեծացրեցին, քանի որ մեզանում պատգամավորները ոչ թե գործիչներ են, այլ գործիքներ: Սա է մեր քաղաքական դաշտի հիվանդությունը, ինչի պատճառով խորհրդարանին քաղաքական մարմին չի կարելի համարել: ՀՀ խորհրդարանը «դոսյեներով» կազմված մարդկանց համախումբ է, որոնց ցանկացած ժամանակ կարելի է ցանկացած ձեւի թելադրել: Երկու տարի հետո ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն Քոչարյանի անունը չեն հիշելու, այլ նրան քննադատելու են, քանի որ Քոչարյանի հետ որեւէ գաղափարական կապվածություն չունեն:
– Փաստորեն, ըստ ձեզ, իշխող կոալիցիայի թուլացումն իշխանափոխության հնարավոր տարբերա՞կ է դառնում:
– Իշխանափոխություն այսպես թե այնպես լինելու է, քանի որ 2008 թվականին ավարտվում է Քոչարյանի պաշտոնավարման ժամկետը: Այս իմաստով այսօր ջրերը գնալով պարզվում են:
– Իշխանական ճամբարում որոշ սցենարներ են գծվում, համաձայն որոնց` այսօրվա իշխանությունները նորից վերարտադրվելու են: Որքանո՞վ են իրականանալի այդ սցենարները:
– Այսօր Հայաստանում ես ոչ մի բան չեմ բացառում: Ցավոք, պատճառն այն է, որ ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնողը ժողովուրդը չէ, այլ ընթացող գործընթացների վրա մեծապես ազդում են արտաքին գործոնները` ՌԴ-ն, ԱՄՆ-ը, միջազգային տարբեր կազմակերպությունները: Իսկ դա գալիս է նրանից, որ դեռեւս լուծված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Եվ միայն այն դեպքում, երբ լուծվի Ղարաբաղյան հիմնախնդիրը, Հայաստանի վրա կնվազի արտաքին գործոնների ազդեցությունը, եւ ընտրությունների ժամանակ որոշիչ կլինի ժողովրդի քվեն: Այլապես, հակամարտության կարգավորված չլինելը բավական լուրջ խոչընդոտ է Հայաստանի զարգացման ու ինտեգրացման ճանապարհին:
– Այսօր շատ է խոսվում 2007թ. խորհրդարանական ընտրությունների կարեւորության մասին: Այսօրվանից ընտրություններին մասնակցելու լուրջ հայտ են ներկայացրել մի շարք նորաստեղծ կուսակցություններ, որոնք ունեն բավական լուրջ ֆինանսական միջոցներ, հովանավորներ, սակայն չունեն գաղափարական հենք: Փոխարենը, այն կուսակցությունները, որոնք ունեն գաղափարական հենք, կարծես օտարված են քաղաքական գործընթացներից: Ի՞նչ եք կարծում, բնական չէ՞, որ այդպիսի կուսակցությունները փորձում են լցնել առաջացած վակուումը:
– Ես մեկ օրում ստեղծված կուսակցությունների ներուժը ռեալ չեմ համարում: Եթե Հայաստանում անցկացվեին ազատ եւ արդար ընտրություններ, ապա այդ կուսակցություններից ոչ մեկը 0.1 տոկոս ձայն էլ չէր հավաքի: Բայց քանի դեռ Հայաստանում ժողովուրդն օտարված է պետությունից, իրավիճակն այդպես էլ պետք է լինի: Այս կուսակցությունների հույսը հանձնաժողովների անդամներին կաշառելն ու լցոնումներն են: Եվ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի ճակատագիրը որոշում է ոչ թե Հայաստանի քաղաքացին, այլ` օտարները: Միայն ուզում եմ դիմել այն գիտնականներին, մտավորականներին, ովքեր վազելով գնում են դեպի այդ մեկ օրվա ստեղծված կուսակցությունները: Փորձը բազմիցս ցույց է տվել, որ նրանք գործիք են լինելու: Եվ կուսակցության մեջ մեկ տարի, մի քանի ամիս օգտագործվելուց հետո՝ դուրս կշպրտվեն: Ուզում եմ դիմել նաեւ այդ կուսակցությունները ֆինանսավորողներին. թող նայեն իրենց չորս կողմն ու տեսնեն, թե ինչքան շատ են «քցողները»: Իսկ այդպիսի մարդիկ «քցելուց» հետո թռնում են:
– Քանի որ խոսք գնաց ՕԵԿ-ի մասին, ապա որքանո՞վ եք հավանական համարում այլեւս ընդդիմադիր ՕԵԿ-ի հետ ձեր համագործակցությունը:
– Ես համագործակցությունը չեմ բացառում: Մենք 15 տարի է՝ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը եվրոինտեգրվի, դառնա միջազգային ընտանիքի լիիրավ անդամ: Հիմա այդ կուսակցությունում` որոշ վերապահումներով, սակայն գոնե խոսում են այդ մասին: Եվ ցավոք, այդ առումով այսօր Հայաստանում քիչ են այդպիսի կողմնորոշման քաղաքական ուժերը, որոնց հետ կարելի է նստել սեղանի շուրջ եւ ինչ-որ հարցեր քննարկել: Մնացածը, թե այդ համագործակցությունը որքանով է իրական՝ ժամանակը ցույց կտա: Ոչ մի բանում ես վստահ չեմ եւ չեմ կարող երաշխիք տալ: Ուղղակի այդպես կարծելու տեսական հիմքեր ունեմ:
– Դուք նշեցիք, որ ԼՂՀ հարցի կարգավորված չլինելը բացասաբար է ազդում ՀՀ-ի վրա: Բուխարեստյան ձախողված հանդիպումն առաջիկայում ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:
– Ես կարծում էի, որ դեպքերի զարգացումներն ավելի արագ կընթանան: Բայց այդ հանդիպումից հետո տարածաշրջանում լուծվելիք խնդիրները մեծ տերությունները մի քիչ հետաձգեցին: Թեեւ, այդ հետաձգումները ամիսների հարց է եւ ոչ թե տարիների: ԼՂՀ հարցը դեռ փակված չէ, քանի որ այն միայն Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրը չէ, դա տարածաշրջանային լուրջ պրոբլեմ է: Այն դարձել է ռուսական ազդեցության փոքրացման խնդիր, Իրանի, տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության մեծացման խնդիր: Հույս կար, որ կողմերը մի քանի սկզբունքների շուրջ կպայմանավորվեն, հետո փոքր-փոքր քայլերով առաջ կգնան: Եվ այդկերպ կհասնեին բանակցությունների կոնկրետ արդյունքին: Բայց այս անգամ նույնիսկ փափուկ սկզբունքները մերժվեցին: