Դոլարի մասին մարդ արդեն վախենում էլ է գրի։ Առավոտյան աշխատանքի գալիս տեսնում ես, որ դոլարի գինը նորից իջել է, գալիս ես, այդ մասին գրում ես։ Տուն վերադառնալիս նկատում ես, որ «կանաչը» մի քանի դրամով էլ է իջել, իսկ հաջորդ օրն աշխատանքի գալիս՝ էլի մի քանի դրամ։ Եվ ընդամենը մի քանի ժամ առաջ թերթում նշված թիվն արդեն դառնում է ժամանակավրեպ։
Օրինակ, երեկ դոլարն արդեն իջել էր պետբյուջեում Կենտրոնական բանկի սահմանած 420 դրամ սահմանագծից էլ ներքեւ՝ 415 դրամ։ Ամենաուշագրավն այն է, որ այս պահին էլ, երբ մենք արձանագրում ենք, որ այն 415 դրամ է, այն կարող է դարձած լինի 410 դրամ կամ ավելի ցածր։
Այն, որ դոլարն արժեզրկվում է՝ գիտեք։ Նաեւ գիտեք, որ դրամի արժեւորումը ոչ մի տրամաբանություն չունի։ Մեզ նման, դուք էլ գիտեք, թե ինչ պարզաբանումներ է տալու Կենտրոնական բանկը՝ արտահանման աշխուժացում, տրանսֆերտների մեծացում, տնտեսական աճ, ավելի շատ ներդրումներ եւ այլն… Մի խոսքով` լիքը պատճառներ, ընդ որում՝ «պուպուշ» (օրինակ, տնտեսական աճը, այն էլ` երկնիշ), որոնք բոլորը միասին բերում են… վատ հետեւանքի։
Միգուցե չհամաձայնեք, որ դրամի արժեւորումը «վատ բան է»։ Իհարկե՝ տարբեր տեսանկյուններից նայելով` դա կարող է լինել եւ՛ լավ, եւ՛ վատ։ Ասենք` խոշոր ներմուծողների համար, իհարկե, լավ է, անգամ՝ շատ լավ։ Հայրենասիրական-բարոյահոգեբանական տեսակետից՝ նույնպես. ի՞նչ վատ է, մեր փողը «հաղթում է» դոլարին։
Իսկ մյուս տեսակետների՞ց։ Ասենք` այն մարդկանց, ովքեր աշխատավարձը ստանում են դոլարով, կամ նրանց, ովքեր խնայողությունները պահել են դոլարով։ Եվ վերջապես մեր այն հայրենակիցների, որոնց եկամուտների մեծ մասը գոյանում է դրսում ապրող հարազատների ուղարկած դոլարներից։ Այս վերջին խումբը ներառում է մեծ թվով մարդկանց, որոնք հիմնականում կարիքավոր են։
Դրամի արժեւորումը նրանց համար ոչ թե հաղթանակ է, այլ իսկական աղետ։ Ասվածն ավելի պարզ դարձնելու համար խոսենք օրինակով։ Ենթադրենք, թոշակառու ծնողներին դրսում ապրող իրենց որդին ամսական ուղարկում է 200 դոլար, եւ նրանք գոյատեւելու համար մի կերպ ծայրը ծայրին են հասցնում։ Մեկ ամիս առաջ այդ ընտանիքը դրսից 200 դոլարի դիմաց ստանում էր 90 հազար դրամ (1 դոլարը՝ 450 դրամ)։ Այժմ նույն 200-ի դիմաց ստանում է 83 հազար դրամ՝ 7000-ով ավելի քիչ։ Այս մարդկանց գնողունակությունն, ըստ էության, նվազում է 7.7 տոկոսով։ Դա նրանց համար նույնն է, ինչ, եթե ապրանքների գները թանկանան 7.7%-ով, այն էլ՝ 1 ամսում։ Ու ինչքան էլ ԿԲ-ն ու Վիճակագրական ծառայությունը խոսեն ցածր գնաճի մասին, այս մարդիկ արդարացիորեն հավատում են իրենց տեսածին։
Իսկ հատկապես վիճակագիրների համար դոլարի արժեզրկումը բառախաղի միջոցով մարդկանց ուղեղները լվանալու հիանալի հնարավորություն է։ Մեր այս տարվա բյուջեն մոտ 420 մլրդ դրամ է, որը վերածելով դոլարի՝ անցյալ տարվա վերջում մերոնք ցնծացին, թե մեկ միլիարդ դոլարանոց բյուջե ունենք։ Հիմա պատկերացրեք` դոլարն ընկնի մինչեւ 350 դրամ (թե որեւէ մեկն ասի, որ դա հնարավոր չէ, ապա նա պետք է նաեւ կարողանա բացատրել, թե ինչպես է հնարավոր մեկ ամսվա ընթացքում 35 դրամանոց անկումը), այդ դեպքում բյուջեն կդառնա 1.2 մլրդ դոլար՝ առանց որեւէ բան անելու։ Հեշտ եւ գեղեցիկ եղանակ է։ Բոլորն էլ գիտեն, որ դրանից ոչ մարդկանց թոշակն է բարձրանալու, ոչ աշխատավարձերը, սակայն հո՞ կարելի է դրանից սարքել դրոշակ ու թափահարել միջազգային կազմակերպությունների առջեւ։
Մի բանի էլ անդրադառնանք ու վերջացնենք։ Երբ ասում ենք՝ մարդիկ դոլարի վայրիվերումներից փող են աշխատում, որոշ ընթերցողներ հետաքրքրվում են՝ ինչպե՞ս։ Պատասխանենք՝ շատ պարզ։ Ասենք՝ Պետրոսը սրանից մեկ ամիս առաջ ուներ 1 մլն դոլար (արդեն պարզ է, որ Պետրոսը պատահական մարդ չի), նա իր դոլարները վաճառում է եւ ստանում 450 մլն դրամ։ Հետո սպասում է մեկ ամիս, մինչեւ դոլարի գինը հասնում է 400 դրամի։ Իր մոտ եղած 450 մլն դրամով նա նորից դոլար է գնում եւ ունենում է արդեն 1 մլն 125 հազար դոլար։ 125 հազար դոլար՝ մեկ ամսում, առանց ոչ մի բան անելու։ Իսկ եթե Պետրոսը ոչ թե «ոչ պատահական», այլ «շա՜տ ոչ պատահական» մարդ է, եւ խաղի մեջ մտնում է ոչ թե 1 մլն, այլ 10 մլն դոլարով, պարզ է՝ կենացները քաղցրանում են։ Մի բան էլ, «Պետրոս» ասելով` կարելի է հասկանալ ոչ թե մեկ հոգու, այլ մի քանի հոգանոց նեղ խմբի։ Ի դեպ, դոլարները «ետ հավաքելու» արդյունքում դոլարի գինը նորից կարող է բարձրանալ, եւ պրոցեդուրան կարելի է նորից կրկնել։ Իհարկե, համը հանել պետք չէ, որ շատ աչքի չզարնի։ Պարզապես, երբ «վիզ փող է պետք» լինում, կարելի է տակից դուրս գալ նաեւ այսպիսի եղանակներով։