Վերջին տարիներին ՀՀ-ում կտրուկ աճել են ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերը: Ընդ որում, ինքնասպանություն գործած քաղաքացիների մեծ մասը թողել են երկտող, որտեղ կատարվածը մեկնաբանել են սոցիալական ծանր պայմաններով: Հետաքրքիր է, որ վերջին շրջանում ինքնասպանության հաճախ են դիմում անչափահաս երեխաները:
Հանրապետությունում տեղի ունցած ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի վրաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումները ՀՀ Գլխավոր դատախազությանը ստիպել են ուսումնասիրություն կատարել: Եվ այդ ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվեցին երեկ տեղի ունեցած դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ: Այսպիսով, ինչպես տեղեկացրեց Գլխավոր դատախազության Նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանը, 2000-2005թթ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 2 հազար 396 ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի դեպք: Դրանից 1241-ը եղել են ինքնասպանություն, իսկ 1157-ը` ինքնասպանության փորձ: Ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում: Այստեղ կյանքին ինքնակամ փորձել է վերջ տալ 306 մարդ: Դեպքերի զոհերի մեծ մասը չեն ունեցել աշխատանք կամ հիմնական զբաղմունք, եւ ապրել են սոցիալապես ծանր պայմաններում: Ինքնասպանության դիմածների 31 տոկոսը կանայք են, 69 տոկոսը` տղամարդիկ: Ինքնասպանություն գործածների թվում մեծ տեղ են զբաղեցնում հատկապես անչափահասները`110 երեխա: Նրանցից 60 եղել են դպրոցականներ, 32-ը չեն ունեցել որեւէ զբաղմունք, իսկ 18-ը աշակերտներ են: Ի դեպ, Դատախազությունում նշվեց, որ երեխաներից մեկն ինքնասպան է եղել սեպտեմբերին` դպրոցական հագուստ չունենալու եւ դպրոց չհաճախելու պատճառով: Երեկվա կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշեց, որ հատկապես անչափահասների ինքնասպանության դեպքերում պարտադիր է քրգործի հարուցումը: «Ինձ համար անչափահասի ինքնասպանության պատճառների բացահայտումը հավասար է սպանության գործի բացահայտման»,- հայտարարեց Ա. Հովսեփյանը: Ինչեւէ, ՀՀ Գլխավոր դատախազն իրեն մխիթարեց այն հանգամանքով, որ ինքնասպանությունների եւ ինքնասպանությունների փորձերի առումով Հայաստանը զիջում է Բուլղարիային, Բելառուսին, Լատվիային, Չեխիային եւ Ղրղըզստանին: