Վտարումները շարունակվում են

12/06/2006

Ապրիլի 18-ին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Կենտրոնի կառուցապատման հիմքում ընկած օրենքներն ու կառավարության որոշումները, իրացման գոտու իրենց տներից վտարված բնակիչները դա համարեցին հաղթանակ: Այն հաղթանակ համարեց նաեւ Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Արմեն Հարությունյանը: Կառավարության առջեւ խնդիր դրվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը հակասահմանադրական ճանաչված օրենքներն ու որոշումները համապատասխանեցնել սահմանադրությանը: Այսինքն՝ օրինականացնել: Եվ առաջին հայացքից տպավորություն ստեղծվեց, թե մինչեւ հոկտեմբերի մեկը դադարեցվելու է կենտրոնի իրացումն ու բնակիչների վտարումը: Բայց այս մեկուկես ամսվա ընթացքում դատարանի վճռով 2 ընտանիք արդեն վտարվել է, ու պարզ դարձավ, որ ՍԴ-ի որոշումն ընդամենը ժամանակավորապես աչք փակելու պես մի բան էր: Առաջինը՝ դատարանի վճռով վտարվեց Աբովյան 3/2 հասցեից, երկրորդը՝ Բուզանդի 83 հասցեի բնակիչներն են, որոնց համար Կենտրոն-Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Հրաչյա Հարությունյանը հինգշաբթի օրը վտարման վճիռ է կայացրել: Նրանց բռնի վտարման ահով սպառնացել են նաեւ կառուցապատման ԾԻԳ-ի աշխատողները: Երբ բնակիչները նրանց ասել են` «վտարելու իրավունք չունեք, որովհետեւ ՍԴ-ի որոշում կա», ԾԻԳ-ի իրավաբանը նրանց ծաղրել է՝ «ո՞ւր է, որոշման մեջ այդպիսի բան կա՞ գրված»:

Ա.Ա.