Մի նամակի պատմություն

12/06/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Լավ, սկսեմ նրանից, ինչից սկսեց պրն Ամալյանը. նա ներկայացրեց առաջին կիսամյակի գործունեության արդյունքները։ Օրինակ, լիցենզիա են ստացել Մարտունու եւ Երեւանի տարածքում գործող կաբելային երկու հեռուստաընկերություններ։ Կատարվել է հաճախականության փոփոխություն. «Ավտոռադիո» ալիքը տեղափոխվել է 89.8 հաճախականություն։ Վարչական տույժի է ենթարկվել Էջմիածին քաղաքի մի ընկերություն։ Եվ իհարկե, հերթական անգամ լիցենցիա չտվեցին «Ա1+»-ին։

Հետո «Ազատության» լրագրողը հարցրեց՝ «Ա1+»-ին լիցենզիա տրամադրելու մերժման համար հիմնավորումներ ներկայացվելո՞ւ են, եւ եթե այո, ապա ե՞րբ։ Եվ այստեղ սկսվեց ամենահետաքրքիր մասը։ Պրն Ամալյանը, որն, ինչպես երեւաց, բավական զայրացած էր մամուլում իր հասցեին հնչող մեղադրանքների վրա, որոշեց փոքր-ինչ թեթեւացնել հոգում կուտակվածը։ «Մեր հասցեին հնչում են տարօրինակ մեղադրանքներ, գրել էին` ՀՌԱՀ-ը խախտել է օրենքը»,- ասաց Գ. Ամալյանը։ Իսկ մեղադրանքն առնչվում էր այն փաստի հետ, որ հանձնաժողովն օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում ընկերությանը (տվյալ դեպքում` «Ա1+»-ը ներկայացնող «Մելտեքս» ՍՊԸ-ին) չի ուղարկել որոշման պատճենը։

10-օրյա ժամկետը լրանում էր հունիսի

5-ին, պրն Ամալյանին վրդովվեցրած հրապարակումն «Ա1+»-ի կայքէջում հայտնվել էր հունիսի 6-ին՝ «Ամալյա՛ն, ո՞ւր է հիմնավորումը» վերնագրով։ Պրն Ամալյանն էլ որոշեց երեկ պատասխանել այդ հարցին։

Նրա խոսքերով, իրենք այդ օրը փոստով ուղարկել են նամակը, այն կարող էր ուշանալ եւ կարելի էր մեկ օր սպասել։ «Ա1+»-ի լրագրողի նկատառմանը, թե նամակը մինչ օրս դեռ չի ստացվել, Գ. Ամալյանը պատասխանեց, որ փոստատարը 2 անգամ այցելել է նշված հասցեով, բայց «մարդ չի եղել»։ Եթե այս ամենի մասին կարդար ԱՄՆ-ում ապրող որեւէ ընթերցող, երեւի կկարծեր, թե Երեւանն իր տարածքով 2 անգամ գերազանցում է Տեխաս նահանգը, եւ նամակը քաղաքի մի կետից մյուսը հասցնելը կապված է մեծ դժվարությունների հետ։ Գ. Ամալյանն ինքն էլ չհերքեց, որ կարելի էր փոստի փոխարեն նամակը հանձնել այլ եղանակով։ «Եթե հերթական շահարկումների վտանգը չլիներ, մենք այդ նամակը կհանձնեինք առձեռն»,- նշեց նա։ Իսկ հնարավոր չէ՞ր նամակն ուղարկել ոչ թե վերջին օրը՝ հունիսի 5-ին, այլ մի քանի օր շուտ։ Ինչո՞ւ է Գ. Ամալյանն ամեն ինչ թողել վերջին օրվան։ «Լավ եմ արել, օրենքը չեմ խախտել, սահմանված ժամկետում ուղարկել եմ»,- հայտարարեց ՀՌԱՀ նախագահը։

Ի դեպ, օրենքի հետ կապված. հրապարակման մեջ նշվել էր, որ ՀՌԱՀ-ը խախտել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը։ Գ. Ամալյանն այդ պնդման հետ համաձայն չէր եւ հավաստիացնում էր, որ ժամկետը կարգավորվում է այլ օրենքով։ Նա պատրաստ էր անգամ բերել այդ օրենքը եւ ապացուցել, սակայն այլեւս չսպասեցինք եւ որոշեցինք ինքներս ծանոթանալ դրան՝ առանց կողմնակի, այն էլ՝ Ամալյանի միջամտության ու մեկնաբանության։

Եվ այսպես, 2000թ. նոյեմբերի 9-ին ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածում գրված է. «Արտոնագիր (լիցենզիա) տալը մերժելու հիմքերի մասին գրավոր տեղեկացվում է դիմողին՝ որոշման ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում»։ Համոզվելու համար աչքի անցկացրինք նաեւ նույն օրենքի բոլոր փոփոխությունները, սակայն այս դրույթը ոչ հանված էր եւ ոչ էլ փոփոխության էր ենթարկված։ Եվ գրված է ոչ թե «ուղարկվում է», այլ «տեղեկացվում է»։ Միգուցե ՀՌԱՀ-ը որոշում է նամակն ուղարկել ոչ թե փոստով, այլ երկու ոտքից կաղ որեւէ մարդու միջոցով, կամ ուղղաթիռով, դա իրենց խնդիրն է։ Մասնակիցը պետք է նախատեսված ժամկետում ստանա իր պատասխանը։

Իսկ վերոնշյալ օրենքն աչքի անցկացնելն արդեն իսկ հետաքրքիր էր, եւ պարունակում էր բավական ծիծաղելի դրույթներ։ Օրինակ, ըստ հոդված 37-ի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը անկախ մարմին է…»։ Շատ անկախ է, բոլորս էլ գիտենք, մանավանդ, երբ դրա անդամներին նշանակում է երկրի նախագահը։

Իսկ կատարված փոփոխություններում ոչ պակաս զավեշտալի դրույթներ կային։ Օրինակ, նույն 51-րդ հոդվածն ընդունվելու պահին շարադրված է եղել հետեւյալ կերպ. «Արտոնագիր (լիցենզիա) ՏՐՎՈՒՄ Է, եթե ՝ ա) դիմողը սույն օրենքի համաձայն ՉԻ ԿԱՐՈՂ լինել արտոնագրատեր, բ) դիմումում նշված տվյալները ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, գ) ԲԱՑԱԿԱՅՈՒՄ են հեռուստառադիոհաղորդումների կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ հայտարարված տեխնիկական հնարավորությունները բավարար չեն»: Եվ միայն 4 ամիս անց են նկատել, որ «ՏՐՎՈՒՄ Է» բառը պետք է փոխարինել «ՉԻ ՏՐՎՈՒՄ» բառերով։

Կամ, ասենք, հոդված 39-ը. «Նույն անձը չի կարող ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ»։ Զգացի՞ք, որ այս նախադասության մեջ մի բան այն չէ։ Ճիշտ նկատեցիք, «ոչ» բառն ավելորդ է։ Իսկ համապատասխան մարմինները դա նկատել են միայն անցյալ տարվա վերջին եւ օրենքի փոփոխությամբ հանել ավելորդ «ոչ»-ը։

Այս ամենը միգուցե խոսում է այն մասին, որ օրենքն ընդունվել է հապճեպ, արագ-արագ, 131 պատգամավորներից ոչ ոք չի նկատել, որ 51-րդ օրենքում գրված «ՏՐՎՈՒՄ Է» արտահայտությունը լիովին աբսուրդի է վերածում ողջ օրենքը։ Սակայն, այս ամենով հանդերձ, օրենքը որոշակի, նորմալ պարտավորություններ է դնում ՀՌԱՀ-ի վրա։

Ըստ օրենքի, ՀՌԱՀԸ «… հեռուստառադիոհաղորդումների տեսագրությունների եւ ձայնագրությունների օգտագործման միջոցով պարզում է դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանը», իսկ «…օրենքի խախտման դեպքում, մինչեւ դատարանի որոշում կայացնելը, կասեցնում է հեռուստառադիոընկերության տվյալ հաղորդաշարի գործունեությունը»։

Եղե՞լ է մի դեպք, որ հանձնաժողովը գործի դնի օրենքի այս դրույթը։ Չենք հիշում։

Սակայն բոլորն են տեսնում, թե ինչպես են գրեթե բոլոր հեռուստաընկերություններն «ափաշկարա» խախտում օրենքը՝ հիմնականում գովազդի մասով՝ անուղղակի կերպով գովազդում են թունդ ալկոհոլային խմիչքներ, բացահայտ գերազանցում են գովազդի համար սահմանված ժամաքանակը, լրատվական հաղորդումներն ընդհատում են գովազդով եւ այլն…

Սա հակասում է հեռուստադիտողների շահերին՝ որպես հեռուստատեսության արտադրանքի սպառող։ Այս կարծիքին է նաեւ «Սպառողների միության» ղեկավար Արմեն Պողոսյանը. «Գովազդները ձանձրացնում են, ապակողմնորոշում են եւ ազդում են մարդկանց նյարդերի վրա։ Լավ ապրանքը կարիք չունի գովազդելու»։ Իհարկե, գովազդ դիտելը, այն էլ` հայկական, ոչ մեկին էլ հաճելի չէ։ Բոլորն էլ ըմբռնումով են մոտենում, պարզապես ուզում են, որ իրենց համբերությունը չչարաշահեն եւ գործեն օրենքի շրջանակներում։ Պրն Պողոսյանը կարեւորում է այս խնդրի հրատապությունը, սակայն նշում է, որ իրենք դեռ ժամանակ եւ միջոցներ չունեն այս ոլորտում լուրջ հետազոտություն անելու համար, բացի այդ, այս օրերին առկա են հասարակությանը հուզող ոչ պակաս կարեւոր խնդիրներ, օրինակ՝ ջրի թանկացումը։

Իսկ այն մարմինը, որն օրենքով պարտավոր է «տեսնել» այս ամենը եւ համապատասխան քայլեր կիրառել, կամ չի տեսնում, կամ չտեսնելու է տալիս։ Հետո էլ լրագրողներին մեղադրում է «թատերականացումներ» սարքելու մեջ։

Միգուցե պրն Ամալյանն ավելի ճիշտ կաներ ինտերնետում իրեն եւ ՀՌԱՀ-ին վերաբերող նյութերը կարդալու փոխարեն` օրվա մեջ մի կես ժամ տրամադրեր հայրենի հեռուստաընկերությունների եթերին։ Եվ «ըմբոշխներ» այն անմակարդակ բաները, որոնք եթեր են դուրս գալիս իր տրամադրած լիցենզիաների շնորհիվ։