Փող կտան, բայց ի՞նչ ցույց կտան

12/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Վերջին մեկ շաբաթում ԼՂՀ Ազգային ժողովի մշտական բոլոր հանձնաժողովները քննարկում էին 2005 թվականի բյուջեի կատարողականը: Պատգամավորներին հետաքրքրում էին ոչ միայն 2005-ին կատարված ծրագրերն ու գումարների արդյունավետ ծախսումը, այլ, շատ հաճախ, շեղվելով բուն թեմայից, նրանք հետաքրքրվում էին հետագա ծրագրերով, ինչը խոստովանեց նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 9-ին Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ազգային ժողովում ծավալված քննարկումների ընթացքում «Հայրենիք» խմբակցության ղեկավար, ԱԺ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրացրեց հեռուստահեռարձակման հարցը: ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Արմո Ծատրյանը խոստովանեց, որ հանրապետության ողջ տարածքում Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությունների սփռման համար քիչ գումարներ են ծախսվել: Նախարարի խոսքերով, հեռուստաալիքների սփռման նպատակով այս տարվա բյուջեում կառավարությունը նախատեսում էր հատկացնել 172 մլն դրամ: «Սակայն, երբ իմացանք, որ ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզում վերահեռարձակման աշխատանքների համար հատկացվող գումարներից բաժին կհատկացնի նաեւ Արցախին, նպատակահարմար գտանք գումարն այս տարվա բյուջեում չնախատեսել: Բայց հետո պարզվեց, որ ՀՀ կառավարությունն Արցախի մասով իր խոստումը չի կատարելու»,- հայտարարեց Ա.Ծատրյանը՝ միաժամանակ հույս հայտնելով, թե 2007թ. բյուջեում, այնուամենայնիվ, 172 մլն դրամը կնախատեսվի: Պատգամավոր Ա. Հարությունյանին հետաքրքրում էր նաեւ, թե ովքեր են կատարել այդ հաշվարկները: Ի պատասխան, նախարարը մանրամասնեց՝ ասելով, թե հաշվարկները կատարվել են «Արցախկապ» ընկերության մասնագետների կողմից: Ա.Հարությունյանը հավաստիացրեց, որ հեռուստաալիքների սփռման համար աշխատանքները կարելի է իրականացնել ավելի քիչ գումարներով եւ առաջարկեց այդ նպատակով մրցույթ հայտարարել, եւ հենց մրցույթում հաղթող ընկերությունն էլ կիրականացնի հատուկ կայանների տեղադրման եւ շինարարական աշխատանքները:

Հիշեցնենք, որ Արցախի եւ Հայաստանի հանրային հեռուստատեսության հաղորդումները դիտելու հնարավորություն ունեն Ղարաբաղի ոչ բոլոր բնակավայրերը: Փոխարենը` այդ բնակավայրերում ապրողները հանգիստ դիտում են ադրբեջանական եւ իրանական մի քանի հեռուստաալիքների հաղորդումներ: Ղարաբաղում հեռուստահեռարձակմամբ զբաղվում են երկու ընկերություններ` «Արցախկապը» եւ «Փեյսը», որոնք, ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարի խոսքերով, հեռուստասփռման համար լիցենզիա դեռեւս չունեն: Ի դեպ, նշված ընկերություններում էլ վերջերս ԼՂՀ ԱԺ Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացրել: ՎՊ նախագահ Էդուարդ Բարսեղյանի հավաստմամբ, նշված ընկերություններում աուդիտի ժամանակ օրինախախտումներ չեն գրանցվել: «Ընկերություններում թերությունները վերացնելու նպատակով ԼՂՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարությանն առաջարկվել է քննության առնել «Փեյս» ընկերությանը հեռուստասփռման ծառայությունների իրականացման համար լիցենզավորման հարցը»,- նշել է Է.Բարսեղյանը: