«Իմ պապն արդեն 96 տարեկան է, եւ ես շատ կուզեի հասցնել նրան ասել, որ Ամերիկան ճանաչել է Հայոց եղեռնի փաստը»,- հարցազրույցներից մեկում ասել է «System of a down»-ի ռոք խմբի անդամ Սերժ Թանգյանը: Հայոց մեծ եղեռնի ճանաչմանն ուղղված մեծ արշավ կազմակերպելով` «System of a down»-ն իսկապես շատ բան է անում. Ապրիլի 24-ին նվիրված բարեգործական համերգներից բացի, «System of a down»-ի երաժիշտները հանդիպում են ԱՄՆ կոնգրեսականների հետ ու քարոզում են ընդունել Եղեռնի ճանաչման փաստը: 2006թ. ապրիլին խումբը ցուցադրել է իրենց նախաձեռնությամբ ստեղծված «Screamers» («Աղաղակողները») վավերագրական ֆիլմը:
«System of a down» խմբի հայազգի անդամներն իրենց վերջին «Hypnotize» ալբոմի «Holy mountains» կոչվող կոմպոզիցիայի տեքստի մեջ Հայոց եղեռնի դեպքերի մասին բացահայտ ակնարկներ են կատարում: Մասնագետների կարծիքով` վերջին ալբոմը շատ ավելի ագրեսիվ եւ տեխնիկապես կատարյալ է, մեղեդայնությունը զուգորդվում է կտրուկ անցումներով: «Խաբեբաներ, Մարդասպաններ, Սատանաներ, մենք ազատություն ենք ուզում: Մենք գիտենք այն, ինչի մասին իմանալ դուք չեք ուզում»,- ասվում է «Holy mountains» կոմպոզիցիայի տեքստում: «Մեր քարոզը միայն սիմվոլիկ ակտ չէ: Եթե Ամերիկան չի ցանկանում ընդունել Հայոց եղեռնը, ապա ինչպե՞ս կարող է Թուրքիան այն ընդունել»,- ասել է խմբի անդամ Ջոն Դոլմայանը: Պետք է նկատել, որ «Holy mountains» կոմպոզիցիան ազդեցիկ տեսահոլովակ ունի: