Օրեր առաջ պարզվել է, որ Աստրախանի թանգարանից առեւանգվել է Հովհաննես Այվազովսկու «Արեւածագ» կտավը: Կտավը թանգարանից անհետացել էր դեռեւս չորս տարի առաջ, սակայն, ըստ շրջանառվող վարկածի՝ այն ենթարկվում էր ռեստավրացիայի: Եվ հենց ռեստավրատոր Ելենա Մասլովան եւ թանգարանի տնօրինությունն էլ այժմ մեղադրվում են կտավի առեւանգման մեջ: Չորս տարի առաջ անհետացած կտավը փոխարինվել է անորակ պատճենով: Իսկ թե որտե՞ղ է իրական, մի քանի միլիոն դոլար արժեցող «Արեւածագը», հայտնի չէ: Այն անհետացել է, եւ հավանաբար որեւէ մեկի մասնավոր հավաքածուի մեջ է տեղ գտել: Դատավարության ընթացքում վկաներից մի քանիսը հիշել են, որ չորս տարի առաջ թանգարան հայազգի իտալացի էր հաճախ այցելում եւ հանդիպում Ե. Մասլովայի հետ: Դատավարությունը դեռ չի ավարտվել, սակայն բոլոր մեղադրյալներն ազատ են արձակվել եւ շարունակում են աշխատել նույն թանգարանում: