«Ես ներքին համոզում ունեմ, որ բանակցությունները տեւական շարունակություն կունենան, եւ ի վերջո կգտնվի այն միջինը, որով կարելի է գնալ առաջ»,- մեզ հետ զրույցում Իրան-ԱՄՆ հարաբերություններն այսպես գնահատեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, որ վեց տարի շարունակ Իրանի Իսլամական Հանրապետությունում եղել է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանը: Վերջինս հակված է կարծելու, որ, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը չի դիմի ռազմական գործողությունների: «Ես չեմ հավատում նման սցենարի»,- ասաց փոխարտգործնախարարը: Իսկ թե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպիսի ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա, Գ. Ղարիբջանյանը նկատեց. «Սրանք տարբեր հարցեր են: Ես գտնում եմ, Իրանի շուրջ ստեղծված խնդիրը կարող է ընդհանրապես ոչ միայն ամբողջ տարածաշրջանի համար նշանակություն ունենալ, այլ միգուցե նաեւ ավելի լայն, քանի որ այդ դեպքում գերհզոր տերությունների միջեւ նույնպես խնդիրներ կառաջանան»: