Մեղքը քաղաքական գործիչների՞նն է

09/06/2006

Սեւծովյան տնտեսական համագործակցության կոնֆերանսի մասնակից ադրբեջանցի անկախ պատգամավոր, պատվիրակության ղեկավար Ասաֆ Հաջիեւը երեկ Հայաստանի Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Սկզբում հայկական կողմը համաձայնվել էր ԵԽ-ի առաջարկին, ըստ որի` 6 շրջաններից հայկական զորքերը դուրս են գալիս, եւ խաղաղարարներն են տեղակայվում. համաձայնել էր, հետո հրաժարվեց: Ինձ թվում է դա լավ առաջարկ էր»:

Նաեւ հավելել է, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը ստեղծվել է ոչ թե հայ ժողովրդի, այլ «հայ քաղաքական գործիչների մեղքով. դրանք տարբեր բաներ են»: Ադրբեջանցի պատվիրակի համոզմամբ, եթե Սերբիան եւ Չեռնոգորիան որոշել են, որ պետք է առանձնանան՝ շատ լավ է, բայց Հայաստանը գտնում է, որ Ղարաբաղն իր մասն է: Իսկ դա, նրա գնահատմամբ, աբսուրդ է: Հարցին, թե՝ 1000-ամյա պատմություն ունեցող Շուշիի եկեղեցին է՞լ է աբսուրդ, նա պատասխանել է. «Եկեղեցին դեռ պետություն չէ»: Իսկ հետո՝ կրկնելով Բուխարեստում Իլհամ Ալիեւի հայտարարությունը, ասաց. «Այ, դուք անընդհատ խոսում եք ինքնորոշման իրավունքի մասին, բայց պատկերացնո՞ւմ եք, եթե 300 հազար հայ Լոս-Անջելեսում որոշի ինքնորոշվել»: «Ա1+»-ի փոխանցմամբ, Հաջիեւը խնդրի կարգավորման ուղղությամբ հույսը չի կորցնում, թեեւ շատ բան չգիտի Բուխարեստյան հանդիպումից. «Ես չունեմ ոչ մի ինֆորմացիա, բայց հույսը մեռնում է վերջինը: Հույս ունենք, որ մեր նախագահները համաձայնության կգան եւ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն: «Եթե ձեր պատգամավորները չհավատան խնդրի լուծմանը, եթե մենք չհավատանք, եթե ձեր նախագահը չհավատա խնդրի լուծմանը, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի խոսել, պետք է լինի հավատ եւ ցանկություն, այդ ժամանակ կմոտենանք խնդրի լուծմանը»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը: Անդրադառնալով հնարավոր տնտեսական համագործակցությանը, Հաջիեւը նշել է, թե քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը, համագործակցության մասին խոսելն անիմաստ է: «Բայց եւ, հարեւաններին չեն ընտրում, եթե լուծվի ղարաբաղյան հարցը, իհարկե, կլինի համագործակցություն: Այսօր փաստ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատերազմական վիճակում են, եւ համագործակցության մասին խոսք լինել չի կարող: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո պատկերացրեք` Գերմանիան Ռուսաստանին առաջարկեր ամեն ինչ մոռանալ ու սկսել տնտեսական համագործակցություն, ինչպե՞ս կընդուներ ՌԴ-ն կամ ցանկացած այլ երկիր: Քանի կա պատերազմ, ոչ մի տնտեսական համագործակցության մասին խոսք լինել չի կարող»: