Կավարտվի մոտ 1 ամսից

09/06/2006

Մոտ մեկ ամիս անց «Զվարթնոց» օդանավակայանը կվերսկսի չվերթերի սովորական ռեժիմը: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ թռիչքուղու նորոգման պատճառով օդանավակայանն ապրիլից չվերթեր էր իրականացնում միայն գիշերային ժամերին: Հունիսի 30-ին թռիչքուղու նորոգումը կավարտվի, եւ կվերականգնվի չվերթերի ժամանակացույցը: «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի հավաստմամբ, միայն 2006 թ. թռիչքուղու նորոգման համար ծախսվել է 8 մլն դոլար: Սակայն այդ աշխատանքը եւ գումարը չեն մտնում կոնցեսիոն կառավարման պայմանագրով ստանձնած պարտավորությունների մեջ: Թռիչքուղու նորոգումն իրականացվում է օդանավակայանի տեխնիկական չափանիշները եւ անվտանգությունը բարձր մակարդակի պահելու համար: Սեպտեմբերին օդային ճանապարհով Հայաստան ժամանող ուղեւորներն արդեն կարող են սպասարկվել Զվարթնոց օդանավակայանի նոր շենքում: Իսկ շենքն ամբողջությամբ, ժամանման եւ մեկնումի սրահներով, ծրագրվում է շահագործման հանձնել 2007 թ. գարնանը: Նոր շենքի կառուցման համար ներդրվելու է մոտ 63 մլն դոլար: