Չախմախչյանի գործերը լավ չեն

09/06/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Վերջին ամիսներին Ռուսաստանում հայ երիտասարդների սպանությանը հաջորդեց «ծանրակշիռ» հայ քաղաքական եւ գործարար անձնավորություններից մեկի՝ Ռուս-հայկական գործարար համագործակցության ասոցիացիայի (ԱՐԱԴԵՍ) նախագահ, Կալմիկիայից Դաշնության խորհրդի (ԴԽ) սենատոր Լեւոն Չախմախչյանի ձերբակալությունը: Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցների համաձայն, հունիսի 2-ին Չախմախչյանին ԱՐԱԴԵՍ-ի գլխավոր հաշվապահ Իգոր Առուշանովի հետ 300.000 դոլար կաշառք վերցնելիս Ազգային դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էին «Տրանսաերո» ավիաընկերության նախագահ Ալեքսանդր Պլեշակովի ընդունարանում: Ձերբակալվել է նաեւ Չախմախչյանի փեսան՝ Արմեն Հովհաննիսյանը, ով աշխատում է ՌԴ Հաշվարկային պալատում (ՀՊ):

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Չախմախչյանը «Տրանսաերո» էր գնացել Պլեշակովի հրավերով: Իսկ վերջինս «փորացավ» է ունեցել: Բանն այն է, որ ՀՊ-ի աշխատակից Վլադիմիր Պանսկովը ստուգումներ է իրականացրել Դոմոդեդովսկայա մաքսատանը եւ հայտնաբերել, որ «Տրանսաերոն» 17 «Բոինգ» ինքնաթիռների ներմուծման դիմաց 300 մլն դոլարի մաքսավճար պարտք է պետությանը: Պլեշակովն, իմանալով Չախմախչյանի կապերի ու հնարավորությունների մասին (իսկ դրանք բավական մեծ էին), նրան խնդրել է «մի բան անել»: Հատուկ ներկով նշած փողերով լի ճամպրուկը տվել է Չախմախչյանին, նա էլ վերցրել է (ավելի ճիշտ՝ Առուշանովն է վերցրել), ու սենյակից դուրս գալուն պես ձերբակալվել են:

Այս միջադեպին հետեւեց ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի դիմումը Կալմիկիայի Ազգային խուրալի նախագահին՝ Չախմախչյանի իրավասությունները դադարեցնելու եւ սենատորին անձեռնմխելիությունից զրկելու մասին հայտարարությամբ: Միրոնովի խոսքերով, առաջիկա օրերին այս հարցը կլուծվի: Իր հերթին` Կալմիկիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ ինքը համաձայն է Միրոնովի որոշման հետ: Նա նաեւ նշել է, որ Լեւոն Չախմախչյանը «շատ բան է արել» հանրապետության համար: Օրինակ, սենատորը կազմակերպել է, որ Մոսկվայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի բժիշկները գնան Կալմիկիա եւ տեղացիներին վիրահատություններ անեն: Իլյումժինովը հիշեցրել է նաեւ, որ Չախմախչյանն ակտիվորեն զբաղվել է օրինաստեղծ գործունեությամբ ինչպես Կալմիկիայի խորհրդարանում, այնպես էլ՝ ԴԽ-ում: Այնուամենայնիվ, ըստ Իլյումժինովի, Չախմախչյանի՝ աղմուկ հանած գործողություններին վերջնական գնահատական կարող են տալ միայն իրավապահ մարմինները:

Իլյումժինովի նման արձագանքը սպասելի էր: 2002թ. Չախմախչյանը նրան, ում թեկնածությանը դեմ էր Կրեմլը, դարձրեց Կալմիկիայի նախագահ: Հիմա, երբ սենատորն արդեն «հարց լուծող» չէ, նրան ընդամենը մնում է համակերպվել Միրոնովի, Պուտինի եւ այլ իշխանավորների քաղաքականության հետ: Ինչեւէ, Իլյումժինովն ընդամենը «գործիք» է եւ էական դերակատարում չունի այս գործում:

Իսկ ՌԴ Գլխավոր դատախազությունը մտադիր է Չախմախչյանին քրեական պատասխանատվության ենթարկել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն («Խարդախություն՝ կազմակերպված խմբի կազմում»): Գլխավոր դատախազի պաշտոնակատար Յուրի Բիրյուկովը Գերագույն դատարան է դիմել՝ այս գործում հանցագործության տարրերի առկայության ներկայացմամբ: Նկատենք նաեւ, որ Չախմախչյանի աղմկահարույց այս դեպքը հետաքրքիր «պատահականությամբ» համընկավ ՌԴ գլխավոր դատախազ Վլադիմիր Ուստինովի պաշտոնանկության հետ: Հիշեցնենք, որ ՌԴ-ում սա համարում են «հանելուկային» կադրային փոփոխություն, քանզի Ուստինովը վերջին շրջանում սկսել էր ակտիվորեն կատարել Պուտինի հրահանգները, այն է՝ պայքարել կոռուպցիայի դեմ:

Իսկ ո՞վ էր կազմակերպել Չախմախչյանի դեմ այս ակցիան: Ինքը՝ սենատորը, վստահ է, որ դա պրովոկացիա է՝ կազմակերպված «Տրանսաերոյի» նախագահ Պլեշակովի կողմից: Սակայն ՀՊ-ի նախագահ Սերգեյ Ստեպաշինը «հերոսացնում» է ինքն իրեն: Հունիսի 3-ին նա հայտարարել է, թե ինքը ստուգումներ է նախաձեռնել ՀՊ-ի ներսում եւ հայտնաբերել է «սեփական անպիտաններին»: Ստուգումների արդյունքները Ստեպաշինը փոխանցել է Ազգային դաշնային ծառայությանը եւ իրավապահ այլ մարմինների: Վերջիններն էլ գործի են անցել: Հունիսի 6-ին Ստեպաշինը հայտարարել է նաեւ, որ ինքը «կորցրել է վստահությունն» իր աշխատակից Պանսկովի նկատմամբ, ով «Տրանսաերոյին» մեղադրում է 300 մլն դոլարի մաքսատուրք չվճարելու մեջ: ՀՊ-ի նախագահն ասել է, որ Պանսկովի անմիջական ղեկավարության տակ գտնվող եւս 3 աշխատակից հեռացվել են աշխատանքից: Մինչդեռ աուդիտոր Պանսկովի մերձակաները «Կոմերսանտ» թերթին հայտարարել են, որ Պանսկովն իրեն մեղավոր չի համարում եւ չի պատրաստվում կամավոր հեռանալ աշխատանքից: Ավելին, աուդիտորը վստահեցնում է, որ ինքը կարող է փաստաթղթերով ապացուցել, որ «Տրանսաերոն» պետությանը հսկայական պարտքեր ունի: Իսկ ավիաընկերությունում նույն թերթին հաղորդել են. «Մենք այս առնչությամբ մի քանի դատ ենք շահել եւ նորածնի արցունքների նման մաքուր ենք»:

Հունիսի 6-ին ՀՊ-ի ինտերնետային կայքում տեղադրված հաղորդագրությունում նույնպես նշվում է, որ ՀՊ-ի հաշվետվությունում «Տրանսաերո» ընկերության կողմից օրինախախտումներ գրանցված չեն:

Այնուամենայնիվ, հետաքրքիր է ՌԴ իրավապահ մարմինների վարած քաղաքականությունը: Չախմախչյանին ձերբակալելու պահից Ռուսական դատախազությունը եւ լրատվամիջոցները խոսում էին կաշառակերության բացահայտ դեպքի մասին: Մի շարք հարցերի դեռ ոչ ոք պատասխան չի տալիս: Ինչո՞ւ այդ նույն մարմինները ոչինչ չեն ասում «Տրանսաերոյի» մասին` այն դեպքում, երբ ՀՊ-ի աուդիտորը հավաստիացնում է, որ ընկերության գործունեությունում առկա են անօրինականություններ: Ինչո՞ւ Ազգային դաշնային ծառայությունը որոշեց, որ հենց Պլեշակովը պետք է կաշառի Չախմախչյանին: Եվ վերջապես չպետք է մոռանալ մի շատ կարեւոր հանգամանք: Չախմախչյանն ասել է, որ իրեն ձերբակալելու պահին Դաշնային ծառայության աշխատակիցները կոպիտ են վերաբերվել իր հետ, տհաճ արտահայտություններ են արել իր ազգային պատկանելության վերաբերյալ: Մի՞թե սա պատահականություն է: Մի՞թե ԱԴԾ աշխատակիցներն այդքան հիմար են, որ առանց «դաբրո» ստանալու նման արտահայտություններ են անում հատկապես այն օրերին, երբ ՌԴ-ում սրված են հակահայկական տրամադրությունները:

Պատահականություն չէ նաեւ որպես քավության նոխազ՝ Չախմախչյանի ընտրությունը, մարդ, ով ներկայացնում է երկու երկրների գործարար համագործակցությունը, մարդ, ով «կրծքով» պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը 2003թ. նախագահական ընտրություններում: Պուտինը պատահական քայլեր չի հանդուրժում:

Իսկ ռուսական լրատվամիջոցները հավաստիացնում են, որ արդեն 2 օր է, ինչ լրագրողները Չախմախչյանի հետ չեն կարող հաղորդակցվել: Սենատորն աշխատանքի չի ներկայանում ո՛չ Դաշնային խորհրդում, ո՛չ ԱՐԱԴԵՍ-ում: Հակասական են նաեւ լրատվամիջոցների տեսակետներն այն հարցի շուրջ, թե Չախմախչյանը կենթարկվի՞ արդյոք քրեական պատասխանատվության: Ելնելով այն հանգամանքից, որ ՌԴ Գլխավոր դատախազությունը, ՀՊ-ն եւ Դաշնային խորհուրդն, ըստ էության, ամեն ինչ անում են՝ նրան բանտարկելու համար, ինտերնետային լրատվամիջոցները գտնում են, որ դա մի քանի օրից տեղի կունենա: Մինչդեռ ռուսական տպագիր մամուլն այլ տեսակետ է առաջ քաշում. իբր Չախմախչյանն ամեն ինչ «կբարդի» իր փեսայի վրա. նա կբանտարկվի, իսկ ինքը՝ ոչ: Համենայնդեպս, դեռ հայտնի չէ ՌԴ նախագահի «դատավճիռը»: