«Պուտինին սպասենք «Քնած գեղեցկուհին» ստեղծագործության նոտաների ներքո»

09/06/2006 Պատրաստեց Անուշ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Հունիսի 4-7-ը Մոսկվայում տեղի ունեցող Համաշխարհային մամուլի ասոցիացիայի 59-րդ կոնգրեսն ու Խմբագիրների համաշխարհային 13-րդ ֆորումը, որին Հայաստանից հրավիրված էր միայն «168 Ժամ» թերթը, ինչպես եւ ակնկալվում էր, անցավ մեծ աղմուկով ու աշխարհի շատ երկրների ուշադրության կենտրոնում հայտնվեց։ Պատահեց այն, ինչ Ռուսաստանն ամենաքիչն էր սպասում։ Պատահեց այն, որ Ռուսաստանի կառավարությունը հասկացավ, որ պատրաստ չէր այս ֆորումին։

Միջոցառման մեկնարկից առաջ Ռուսաստանի կառավարությունը համոզված էր, որ կոնգրեսը «PR» ակցիա կդառնա իր երկրի համար։ Կարծես թե կողմերը կարողացել էին համաձայնության գալ կազմակերպչական հարցերի շուրջ ու սկզբում ամեն ինչ հենց այդպես «կարգուկանոնով» էլ ընթանում էր։ Կրեմլի պալատում տեղի ունեցավ կոնգրեսի եւ ֆորումի հանդիսավոր բացումը, որի ժամանակ երիտասարդ լրագրողներն արժանացան մրցանակների։ Հետո կոնգրեսի ավելի քան 1500 մասնակիցներին ողջունեց ռուսական կողմի կազմակերպիչ «Գիլդի» պարբերական մամուլի նախագահ Լեոնիդ Մակարոնը, ով շատ կարեւորեց միջոցառման կազմակերպումը հենց Մոսկվայում։ Հետո իրանցի լրագրող Ակբար Գանջիին (6 տարի ազատազրկման մեջ է եղել) հանձնվեց կոնգրեսի ամենակարեւոր մրցանակը՝ «Ազատության ոսկե փետուրը»։

Կրքերը սկսեցին փոքր-ինչ թեժանալ այն պահից հետո, երբ ելույթ ունեցավ Վլադիմիր Սպիվակովը, ով քննադատորեն մոտեցավ ռուսական մամուլին, մետաֆորիզմային նախադասություններ ասելով՝ «արծաթաջրած ապակին հայելի է դառնում»։

Ենթադրվում էր, որ սրանից ավելին, բացի հաճելի երաժշտությունից, ոչինչ չի լինի։ Երաժշտության ավարտից հետո Համաշխարհային թերթերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Թիմոտի Բոլդինգը հասկացնել տվեց՝ «Միջոցառման ավարտին էլ բան չի մնացել, բայց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի եկել»։ Բոլդինգն առաջարկեց շարունակել լսել «Քնած Գեղեցկուհին» ստեղծագործությունից մի քանի հատված՝ մինչեւ Պուտինի գալը, եւ ավելացրեց. «Եթե հիմա խորհրդային տարիները լինեին, եւ նախագահը մահացած լիներ, մենք կլսեինք «Կարապի լիճը»»։ Ժամը 12-ի սահմաններում, երբ, ի վերջո, Կրեմլի պալատ ժամանեց Վլադիմիր Պուտինը, տեղի ունեցավ հետեւյալը. 3-4 լիմոնովցի երիտասարդներ, ինչպես հետո ոստիկանությունում պարզվեց՝ 15 տարեկան, սկսեցին բղավել, թե «Պուտինը դահիճ է, Պուտինը հանցագործ է»։ Այս տեսարանն էլ ունեցավ իր տրամաբանական ավարտը՝ թիկնապահները երիտասարդներին դուրս հանեցին դահլիճից։ Երիտասարդները, որոնք արդեն ազատ են արձակվել ոստիկանությունից, թռուցիկներն ու պաստառները, որոնք կտորի վրա են եղել, կապել էին մարմիններին, իսկ Կրեմլի շենք մտել են լրագրողների կեղծ փաստաթղթերով։ Դահլիճում հավաքվածներին այնքան էլ պարզ չէր՝ ինչպես է հնարավոր անվտանգության այդքան «խիստ» պայմաններում մտնել Կրեմլ։ Ինչեւէ, ներկաները չէին հասցրել հասկանալ, թե ինչ եղավ այդ երիտասարդների հետ, երբ պարզվեց, որ դահլիճում կա մի մարդ, ով դեռ չի հասցրել ելույթ ունենալ, ու դա Պուտինը չէր։

«Կցանկանայինք, որ դուք կոնստրուկտիվ մոտենայիք մեր եզրակացություններին։ Մենք չենք ցանկանում ձեզ քարոզ կարդալ»,- դիմելով երկրի նախագահին` ասաց Համաշխարհային մամուլի ասոցիացիայի նախագահ Գեւին Օ՚Ռեյլին։ «Ես այս կարծիքը կազմել եմ հազարավոր լրագրողների հետ խոսելուց հետո»,- շարունակեց նա։

Օ՚Ռեյլին համոզված է, որ Ռուսաստանում ԶԼՄ-ները չեն կարող ազատ քննադատել կառավարությանը, հեռուստաընկերությունները պետության հսկողության տակ են, իսկ տեղական մամուլը՝ կաշառված։ «Ռուսաստանում ազատ խոսք չկա,- համոզված է Օ՚Ռեյլը։ -Եթե առաջ ԶԼՄ-ների հսկողությունը օլիգարխների ձեռքում էր, հիմա այն տնօրինում է կառավարությունը։ Անհնար է կառուցել լիարժեք դեմոկրատիա՝ առանց հզոր անկախ մամուլի»։ Պուտինի դեմքից երեւում էր, որ նա անպատրաստ էր այսպիսի ընդունելության։ Բանն այն է, որ ասոցիացիայի նախկին զեկույցը, որը Պուտինը կարդացել էր, ամբողջովին այլ էր։ Նախկին զեկույցն օտարերկրացիներին պարզապես ծանոթացնում էր ռուսական ԶԼՄ-ների հետ։ Պուտինը չարախնդորեն շնորհակալություն հայտնեց իրեն նախորդող հռետորին` կոնգրեսի` Մոսկվայում կազմակերպվելու համար, եւ ավելացրեց. «Ես հասկանում եմ, որ ձեզ երկար են համոզել այս որոշումն ընդունելու համար, ինչո՞ւ չէ, նաեւ վախեցրել են»։ Պուտինը, իհարկե, չհամաձայնեց Օ՚Ռեյլիի հետ այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը ճնշում է ներգործում ԶԼՄ-ների վրա՝ ասելով. «Ես այլ տեղեկատվություն ունեմ այդ մասին»։ Ըստ Պուտինի` 53 հազար պարբերական հրատարակչությունները չեն կարող հսկվել նույնիսկ մեծ ցանկության դեպքում։ Իր ելույթի մեծ մասում Պուտինը, գուցե անտեսելով քննադատությունը կամ էլ չիմանալով` ինչպես «տակից դուրս գալ», պատմեց ռուսական մամուլի բազմադարյա պատմության մասին։

Որպես կանոն, յուրաքանչյուր այսպիսի մեծ միջոցառում չի կարող շրջանցել քննադատությունը։ Ընդ որում՝ միշտ քննադատության թիրախ է հենց այն պետությունը, որտեղ կազմակերպվում է տվյալ միջոցառումը։ Սա կարող է շատ տարբեր բաներ նշանակել։ Կոնկրետ այս դեպքում` մենք ունենք երկու եզրակացություն՝ կամ Ռուսաստանը պատրաստ չէր այս միջոցառմանը, այդ իսկ պատճառով «խայտառակ» եղավ, կամ էլ այս ամենը Ռուսաստանի դեմ կատարվող «քաղաքական ենթատեքստով ներկայացում» էր։