Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Մակմիլան Սկոտի կարծիքով, չկա որեւէ պատճառ, որ Հայաստանն առաջիկա 10 տարիների ընթացքում չդառնա Եվրամիության անդամ: Սակայն ԵՄ-ն Հարավային Կովկասը դիտում է իբրեւ մեկ միասնական միավոր, եւ շատ դեպքերում ՀՀ-ն տուժում է Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով: Այս առթիվ Էդուարդ Սկոտը նկատում է. «Իմ անձնական նախապատվությունն այն է, որ առանձին երկրների նկատմամբ առանձին մոտեցում ցուցաբերենք` հաշվի առնելով նկատելի մշակութային եւ պատմական տարբերությունները: Սա այն մոտեցումն է, որ մենք կիրառում ենք բալկանյան երկրների դեպքում, եւ չեմ կարող ոչ մի պատճառ գտնել, թե ինչու մենք չենք կարող նույն մոտեցումը կիրառել այստեղ` այս տարածաշրջանում: Ես խոսում եմ որպես անձ եւ ոչ` որպես ԵՄ անդամ»: Նա խոստացել է Բրյուսել վերադառնալուն պես խոսել իր գործընկերների հետ, որ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գործընթացին ոչ մի արհեստական խոչընդոտ չլինի: ԵՄ պաշտոնյայի կարծիքով, անդամակցությունն այս կառույցի ակտիվ գործընթաց է, եւ անգամ Պաղեստինը ԵՄ անդամ դառնալու ցանկություն ունի: Մոտ ապագայում հաստատ ԵՄ անդամ կդառնան Բուլղարիան, Ռումինիան, մի շարք բալկանյան երկրներ, Խորվաթիան եւ Սերբիան, եթե պատերազմի հանցագործների հարցերը լուծվեն: ԵՄ-ն Ուկրաինային է համարում իր պոտենցիալ անդամ: Իսկ ԵՄ-ում շատերը մտահոգված են Թուրքիայի հնարավոր անդամության հարցով: