Հայաստանի բնակավայրերը խմելու ջրով ապահովող ընկերությունները ջրի 1 խմ-ի դիմաց գանձում են տարբեր սակագներ: Օրինակ, «Երեւանի ջրմուղ-կոյուղի» ընկերությունը, որը մատակարարում է 43 համայնք, 1 խմ-ն վաճառում է 80 դրամով, «Շիրակ ջրմուղ-կոյուղին»` 76 դրամ 98 լումայով, «Լոռի ջրմուղ-կոյուղին»՝ 91 դրամ 48 լումայով, իսկ «Նոր ակունքը»՝ 120 դրամ 61 լումայով: Ջրային տնտեսությունը շահագործող ընկերությունների ներկայացուցիչները երեկ այդպես էլ չպատասխանեցին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի այն հարցին, թե ինչ մեթոդաբանությամբ է ձեւավորվում ջրի սակագինը: Հանձնաժողովի ուսումնասիրությունը պարզել է, որ վերոնշյալ 4 ընկերությունները ՀՀ տարածքում եւ մարզերում ունեն գերիշխող դիրք, այսինքն` յուրաքանչյուրն իր տարածքում չունի մրցակից: Սակայն պարտավորություններ ստանձնած ընկերությունները, որոնց համար հստակեցված են ջրային բիզնեսով զբաղվելու աշխարհագրական սահմանները, կանգնել են վիճահարույց խնդրի առջեւ: Սահմանային տարածքների հատման վայրերում գտնվող մի շարք գյուղեր եւ ավաններ դուրս են մնացել որեւէ ընկերության սահմանում ընդգրկվելուց: Այսինքն` նրանք ջրով չեն սպասարկվում ոչ մի ընկերության կողմից: Յուրաքանչյուրը պատճառաբանում է, թե տվյալ բնակավայրն իր սահմանների մեջ չի գտնվում: Ջրային տնտեսությունը շահագործող ընկերություններին` բացի «Երեւան ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ից, որը շուտով իրավասությունները կհանձնի ֆրանսիական օպերատորին, հանձնաժողովը որոշել է գրանցել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների գրանցամատյանում: Այդ ընկերություններից պահանջվում է հստակեցնել ջրամատակարարման սահմանների խնդիրը: