Փոստային կապի ծառայությունների մատուցման լիցենզիա է ստացել 7 տնտեսվարող սուբյեկտ: ՀՀ կառավարությունը, սակայն, որոշել է «Հայփոստին» տալ փոստային կապի ազգային օպերատորի իրավունքը, որը լիազորված է մատուցել փոստային կապի ունիվերսալ ծառայություններ: «Հայփոստն» իրականացնելու է նաեւ դրամական միջոցների փոստային փոխադրությունները, ինչպես նաեւ` ներպետական նամակագրական թղթակցության ծառայությունները: Վերջինիս մասով «Հայփոստը» մրցակից չունի եւ համարվում է գերիշխող դիրք ունեցող: Հեռագրային կապի ծառայությունների մատուցման լիցենզիա են ստացել 3 ընկերություններ՝ «Ինֆոկոմ-Երեւանը», «ԱրմենՍելլը», «Հայփոստը»: Սակայն այս դեպքում էլ ծառայությունը մատուցում է միայն «Հայփոստը»: Ոլորտի փոստային կապի եւ սուրհանդակային ճեպընթաց կապի ծառայությունները մատուցում են փոստային կապի լիցենզիա ստացած 6 եւ սուրհանդակային արագընթաց կապի 4 տնտեսվարող սուբյեկտներ՝ DNL, TNT, FedEx, UPS:
Շուկայի ամենամեծ սուբյեկտն, ըստ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, համարվում է «Հայփոստը»՝ 59,1%: Ի դեպ, այս ընկերություններից ոչ բոլորն են աշխատանքային ակտիվ գործունեություն ծավալում: Այս դեպքում հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանին հետաքրքրել է, թե ինչից է գոյանում իրականում չաշխատող ընկերությունների շահույթը: «Դե ուրեմն շահույթ ունեն, որ լիցենցիա են առել»,- ակնարկել է հանձնաժողովի անդամներից մեկը: