Խայտառակ էղանք

09/06/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Իսկ այդ գնահատականներն իրոք խիստ քննադատական էին՝ սկսած առաջին իսկ նախադասությունից. «Հայաստանը հանդիսանում է կանանց ու աղջիկների շահագործման նպատակով իրականացվող թրաֆիկինգի (մարդկանց առեւտուր) խոշոր սկզբնաղբյուր՝ հիմնականում դեպի Միացյալ Արաբական Էմիրություններ եւ Թուրքիա, որոշ չափով նաեւ` վերջնակետ երկիր»։

Վերջին երկու բառը նշանակում են, որ Հայաստանում նույնպես կան ստրուկի կարգավիճակով ապրող մարդիկ՝ հիմնականում կանայք եւ աղջիկներ։ «Զարմանալի է, որ 21-րդ դարում մենք հանդիպում էինք ստրկության երեւույթի, որը, կարծում էինք, արդեն վերացել է։ Ստրկությունը չի վերացել, այն պարզապես ստացել է նոր դրսեւորումներ»,- երեկ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած հեռուստակոնֆերանսի ժամանակ ասաց Մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ու մոնիտորինգի գրասենյակի տնօրեն, դեսպան Ջոն. Լ. Միլերը։ Վերջինս նաեւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի ավագ խորհրդականն է՝ մարդկանց թրաֆիկինգի հարցերով։

Լրագրողներին հետաքրքրում էր՝ ի՞նչ է նշանակում «խոշոր սկզբնաղբյուր» եւ ի՞նչ չափանիշներով է որոշվում՝ սկզբնաղբյուրը մե՞ծ է, թե՞ փոքր։ «Եթե կարդաք մեր զեկույցը, ապա կտեսնեք, որ շատ երկրներ են բնորոշվում որպես «խոշոր», այդ թվում եւ` ԱՄՆ-ը։ Խնդիրն այն չէ՝ որքանով են թրաֆիկինգի մասշտաբները մեծ կամ փոքր: Խնդիրն այն է, թե ինչ է արվում այդ երեւույթը վերացնելու համար»,- փորձեց մեզ մխիթարել պրն Միլերը՝ նշելով, որ իրենց տվյալներով` մոտ 2000 հայ կանայք են ներքաշված թրաֆիկինգի մեջ։

Զեկույցի մեջ Հայաստանի կառավարության գործունեությանը բավական խիստ գնահատականներ են տրված. թեեւ ընդհանուր, շատ աբստրակտ ձեւով նշվում է նաեւ մեր երկրում որոշակի առաջընթացի մասին։ «ՀՀ կառավարությունը չի ապահովում թրաֆիկինգի վերացմանն ուղղված նվազագույն ստանդարտները, չնայած նշանակալի աշխատանքներ է կատարում դրանց կենսագործման նպատակով»,- նշվում է զեկույցում։ Ժողովրդական լեզվով դրան ասում են՝ «համ եղել են, համ դաղել»։ Մեր դեպքում «դաղելն» ավելի է զգացվում, որովհետեւ հնչում են շատ կոնկրետ մեղադրանքներ. «Կառավարությունը լրջորեն չի հետաքննել թրաֆիկինգում պետական պաշտոնյաների հանցակցության մասին շարունակական ու հնչեղություն ստացած մեղադրանքներն ու չի իրականացրել քրեական հետապնդում»։

Պրն Միլերը հատուկ ընդգծեց նաեւ զեկույցում հիշատակված այն փաստը, որ Գլխավոր դատախազության հակաթրաֆիկինգային բաժնի պաշտոնյաներից մեկի հասցեին հնչում էին կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեղադրանքներ։ Կառավարությունն անգամ հատուկ աշխատանքային խումբ էր ձեւավորել այս հարցն ուսումնասիրելու համար, սակայն, ինչպես նշված է զեկույցում` «Մակերեսային հետաքննությունից հետո այս խումբը եզրակացրեց, որ հանցակցությունը հիմնավորող փաստեր չկան»։

«Մենք այդ դեպքին տեղյակ ենք, սակայն իրավասություն չունենք սեփական հետաքննություն անցկացնել։ Բայց կցանկանամ նշել հետեւյալը։ Հասարակության մեջ ձեւավորված է կարծիք, վերաբերմունք, որ իրավապահ համակարգում կա կոռուպցիա, ինչը բացասաբար է ազդում թրաֆիկինգի դեմ պայքարի վրա»,- նշեց Ջոն Միլերը։

Որտեղի՞ց է ԱՄՆ Պետդեպարտամենտը ստանում նմանատիպ տեղեկատվություն։ Պարզվում է, հիմնականում մամուլի հրապարակումներից, որոնց վրա մեր համապատասխան մարմինները պարզապես թքած ունեն։

Իսկ Ջոն Միլերի ղեկավարած կառույցն ունի՞ այսպիսի պաշտոնյաների մասին կոնկրետ փաստեր, եւ եթե կառավարությունը կամք ունենա պատժել թրաֆիկինգում ներգրավված անձանց՝ կօգնի՞ արդյոք անուններ հրապարակելով։ «Այդ հարցն ավելի ճիշտ կլիներ ուղղել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան իմ գործընկերներին… Որեւէ փաստեր ստանալու դեպքում մենք անմիջապես տեղյակ ենք պահում դեսպանությանը»,- պատասխանեց պրն Միլերը։

Ըստ երեւույթին, դիվանագիտական էթիկան վերջինիս թույլ չտվեց ավելի անկեղծ լինել, այլապես կարել էր պատասխանել՝ կառավարությունն այդ անունները մեզնից լավ գիտի։

Պետդեպարտամենտը Հայաստանին դասել է երկրորդ խմբի, այսպես կոչված, «հատուկ վերահսկման խմբին»։ Թեեւ Ջոն Միլերը խոստովանեց, որ չէր ուզում երկրների միջեւ համեմատություններ անել, սակայն տեղի տալով լրագրողներին` նշեց, որ Ադրբեջանն այս հարցում մեզնից առաջ է անցել եւ դուրս է եկել «վերահսկվողների խմբից»։

Պետդեպարտամենտի գնահատականով, Ադրբեջանում թրաֆիկինգի զոհերի պաշտպանությունն ու աջակցությունն ավելի բարձր մակարդակի է, քան Հայաստանում։ Ամոթ էլ է խոստովանելը, բայց ստացվում է՝ ադրբեջանցիք կնոջը պաշտպանելու եւ օգնելու հարցում մեզնից պատրաստակամ են։ Նորմալ է նաեւ Վրաստանի վիճակը, որը տարանցիկ երկիր է։

Թե ինչ պատժամիջոցներ են սպասվում Հայաստանին, եթե էական քայլեր այս ուղղությամբ չկատարվեն, դեսպան Միլերը չխոսեց։ Փոխարենը նա խոսեց երրորդ խմբում հայտնված երկրների հանդեպ կիրառվող քայլերի մասին։ «Եթե հունիս ամսին հրապարակված զեկույցում երկիրը հայտնվում է երրորդ խմբում, նրան տրվում է 3 ամիս ժամանակ։ Եվ եթե 3 ամիս անց դրական փոփոխություններ չեն լինում, կարող են կիրառվել պատժամիջոցներ: Օրինակ, տվյալ երկիրը կարող է զրկվել ամերիկյան օգնության որոշ տեսակներից, ռազմական աջակցությունից, ինչպես նաեւ` ԱՄՆ-ը չի աջակցի այդ երկրների կառավարությունների առաջարկներին՝ կապված Համաշխարհային բանկի կամ այլ միջազգային կառույցների գործունեության հետ»,- նշեց Ջոն Միլերը՝ հույս հայտնելով, որ Հայաստանը ոչ միայն չի հայտնվի երրորդ խմբում, այլեւ դուրս կգա «հատուկ վերահսկման» ցուցակից։

Նշենք, որ Ջոն Միլերի խոսքերով` վերջին տարիներին Հայաստանն «ամերիկյան հարկատուներից ստացել է մոտ 600 հազար դոլար»՝ թրաֆիկինգի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու քայլեր իրականացնելու համար։

Իսկ էական արդյունքներ չկան, թրաֆիկինգի մեջ կասկածվող բարձրաստիճան որեւէ անձ դեռ բացահայտված չէ։ Ու թեեւ Ջոն Միլերը մեզ ոգեւորելու համար նշում է, որ Հայաստանում առաջընթաց կա, զեկույցն ասում է ճիշտ հակառակը. «Հայաստանյան զոհերի միջոցով թրաֆիկինգից ստացվող շահույթը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է»։

Ցավոք չի նշվում՝ երկնի՞շ թվով, թե՞ միանիշ…