Փորձագիտական 7 խմբերի կողմից ստուգվել է 50-ից ավելի ներկրված տեսականի եւ մոտ 5 տեղական արտադրողների ապրանքային նմուշներ։ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքերով, իրենք չեն կարող ներկրվածը նույնքան մանրակրկիտ ուսումնասիրել, որքան հայրենական արտադրանքը, քանի որ հավատարմագրված լաբորատորիաների սարքավորումները կարող են սահմանել միայն չոր նյութերի, օգտագործված ջրի քանակը, սակայն ոչ այն բոլոր հավելանյութերի կազմը, որոնք թույլ են տալիս ներկրված հյութերի պիտանելիության ժամկետը երկարաձգել մինչեւ 2 տարի։ Տկն Հակոբյանի հավաստմամբ, իրենց ուսումնասիրություններին հաջորդած ժամանակաշրջանում հայրենական արտադրության հյութերի սպառումը 20%-ից հասել է 40%-ի։ Տեղական եւ ոչ տեղական հյութերի փորձագիտական համադրման ժամանակ, ասոցիացիայի նախագահի գնահատմամբ, լիդեր են ճանաչվել «Նոյյան» ընկերության թողարկած էկոլոգիապես մաքուր, անվտանգ եւ այլ որակական հատկություններով օժտված բնական հյութերը, որոնց գլխավոր երաշխիքներն են Հայաստանի ջուրն ու մրգերը։ Մեր այն հարցին, թե նման հայտարարությունները կարո՞ղ են տվյալ ընկերության օգտին գովազդ ընկալվել, տկն Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ գովազդում նրան, ով գովական է, բոլոր դեպքերում ես տեղական արտադրողի կողմնակիցն եմ, քանի որ հայ եմ եւ հայրենասեր»։ Եվ հավելեց. «Սիսն» էլ է լավ արտադրող, սակայն ես նրանց վրա զայրացած եմ, քանի որ տուփերի պիտակների վրա հայատառ որեւէ նշագրում չկա»։
ԱՎԾ տվյալների համաձայն` այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում բնական հյութերի արտադրության ծավալը մեր երկրում ավելացել է 130%-ով։ Ներկա դրությամբ քանի՞ ընկերություն է Հայաստանում զբաղվում բնական հյութերի արտադրությամբ, դժվար է ճշգրտել, քանի որ Պետռեգիստրում գրանցված գրեթե բոլոր «ալկոները» վերջին 2-3 տարում զբաղվում են նաեւ հյութերի արտադրությամբ։
«Ջաֆֆա» բնական հյութերի ներկրող «Սարգիս Կարոլինա» ընկերության մարքետինգի բաժնի աշխատակիցը նշեց, որ իրենց կողմից եւս կատարվում են շուկայի ներքին մոնիտորինգներ, սակայն այդ տվյալներն առեւտրային գաղտնիք են եւ ենթակա չեն հրապարակման։ Նա համոզված էր, որ հայկական ծագման հյութերը մրցունակ չեն իրենց ներկրածին։ «ՌՕ Իմպեքս» ընկերությունը հանդիսանում է «Ֆլորինա» բուլղարական հյութերի ներկայացուցիչը Հայաստանում։ Կազմակերպության ղեկավարի խոսքերով, դեռեւս գոհացուցիչ չեն հյութերի իրացման ծավալները, քանի որ իրենց համար մրցունակ են բոլոր «հեղուկները», անգամ գարեջուրը։ «Զորավար» սննդամթերքի շուրջօրյա տոնավաճառում գոյություն ունեն ջրեղենի եւ բնական հյութերի մոտ 10 վաճառակետեր։ Փոքրիկ լրագրողական հարցախույզի ընթացքում նրանցից հետաքրքրվեցինք, թե ներկայում ինչպիսի՞ն է բնական հյութերի պահանջարկը։ Առեւտրի կազմակերպիչներից մեկը նշեց, թե` չնայած բարձր գներին, առավել մեծ պահանջարկ են ներկայացնում արտերկրից ներկրված հյութերը։ Հաջորդ տաղավարի վաճառողը նշեց, թե ինչ վերաբերում է «Նոյյանին», ապա այն գրեթե չի վաճառվում, քանի որ պահպանման ժամկետը քիչ է։ Պարզվեց, որ արագ իրացվում են միայն նրանց կողմից պատրաստված տոմատի մածուկները։ Իսկ «Սուրմալու» մեծածախ առեւտրի շուկայի համապատասխան տաղավարի վաճառողուհին հայրենական արտադրության առավել շատ գնվող բնական հյութերից առանձնացրեց «Մաազա» եւ «Նոյյան» հյութերի անունները։
«Աննա» սպառողների ազգային ասոցիացիայի կողմից դեռեւս ամփոփված չեն զովացուցիչ ըմպելիքների ուսումնասիրությունների արդյունքները, սակայն, նախագահի ասելով, արդեն իսկ կարելի է արձանագրել, որ շատ զովացուցիչներ արտադրում են բախտի քմահաճույքով եւ «կապում ժողովրդի գլխին»։ «Դրանք ընդամենը ներկրված գազավորված ջրեր են եւ, ցավոք, ունեն պահանջարկ»։ Տարիներ առաջ մեզ հաջողվեց կանխել չարաբաստիկ «zuko»-ների եւ «jupi»-ների ներկրումը։ Մեր նպատակն է, որպեսզի ազգաբնակչությունը ստանա որակյալ սննդամթերք, լայն սպառման ապրանքներ եւ ծառայություններ»,- ասում է Մ. Հակոբյանը։ Նա չմոռացավ նաեւ տեղեկացնել, որ Պարսկաստանից «JUS» պիտակավորմամբ հինգլիտրանոց տարաներով ներկրվողն ընդամենը զովացուցիչ ըմպելիք է եւ, հյութի անվան տակ, ժողովրդին խաբելով` «super market»-ներում այն իրացնում են։ «Մեր ազգաբնակչությունը մեղք է, սա կոչվում է առողջության դանդաղ քայքայում։ Երբ մտնում ես արյան փոխներարկման կամ օնկոլոգիական ինստիտուտներ, ականատես ես լինում, թե ինչպես նորածիններից սկսած տառապում են տարբեր արյան հիվանդություններով եւ քաղցկեղով։ Առողջության վրա ազդում է եւ նյարդային գործոնը եւ սնունդը, եւ էկոլոգիան, եւ սոցիալական վիճակը, սակայն եթե այս գործոններից գոնե մեկը բացակայում է, ապա առկա հիվանդությունների թիվը կարող է կրճատվել»,- ասում է ասոցիացիայի մասնագիտությամբ բժշկուհի նախագահը։
«Հացին պետք է կնոջ ձեռք դիպչի»
Ասոցիացիայի կողմից մարտ ամսից կատարվում են նաեւ հացի եւ հացաբուլկեղենի շուկայի ուսումնասիրություններ, եւ դրանք այժմ էլ ընթացքի մեջ են։ Մարքետոլոգների եւ այլ մասնագետների կողմից տվյալ շուկայում հայտնաբերվել են մի շարք բացթողումներ, որի առթիվ նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին եւ այլ շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների։ Պարզվել է, որ միայն 2005-ին Թուրքիայից Հայաստան է տեղափոխվել 889 տոննա հացի բարելավիչ: Այն դեպքում, երբ, ըստ մասնագետների, ընդամենը 250-300 տոննան էլ բավարար էր։ Ասոցիացիայի միջամտությամբ խստիվ արգելվել է Թուրքիայից Հայաստան ներկրել «էկապլյուս» բարելավիչներ, քանի որ նշված վիտամինային հավելանյութերի արտադրող գործարանն արդեն վաղուց չի գործարկվում, հետեւաբար, Հայաստան է մուտք գործում կասկածելի ծագմամբ հավելանյութ։
Տկն Հակոբյանի խոսքերով, ի զարմանս իրենց, պետության կողմից կարճ ժամանակահատվածում ընթացք է տրվել խնդրո առարկային եւ վերանայվել է «ՀՀ Լիցենզավորման մասին» օրենքի 43 հոդվածի 7-րդ ենթակետը, որի համաձայն` հացամթերքի արտադրության լիցենզավորումը պետք է իրականացվի բարդ ընթացակարգով` պարզի փոխարեն` խստիվ պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ եւ շինարարական նորմերը։ «Ամեն քայլափոխի` նկուղում, թե ավտոտնակում, ով կարողանում է՝ հաց է թխում։ Մենք ունենք մոտ 50 խոշոր ձեռնարկություններ, որոնք թեեւ ապահովված են լավ տեխնոլոգիաներով, սակայն չունեն բավարար հացթուխներ։ Հաց թխելը եւ՛ արհեստ է, եւ՛ արվեստ։ Զուր չէ, որ մեր մասնագետներից մեկն ասում է, թե հացին պետք է կնոջ ձեռք դիպչի»,- ասում է Մելիտա Հակոբյանը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում առկա են հացամթերքի բարելավիչների արտադրության գիտական հիմքեր։ Պարզ եղանակով եւ էկոլոգիապես մաքուր հավելանյութը կկոչվի «հացաթան»։