ԼՂՀ-ում բուխարեստյան հանդիպումից էական առաջընթաց չէին ակնկալում

09/06/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Բուխարեստում կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպման ժամանակ, ինչպես արդեն հայտնի է, առաջընթաց չի գրանցվել: Ասել է թե` կողմերը համաձայնության չեն եկել: Իսկ ի՞նչ կլինի հետո, ի՞նչ կարելի է ակնկալել: Այն հարցերն ուղղեցինք Ղարաբաղի խորհրդարանական խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներին:

ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը խոստովանեց, որ ավելին, քան արձանագրվեց նախագահների հերթական հանդիպման ժամանակ, ոչ ոք չէր էլ ակնկալում: «Եթե խորությամբ փորձենք վերլուծել սուղ տեղեկատվությունը, ապա կարելի է տպավորություն ունենալ, որ եթե առաջընթաց չի արձանագրվել, ապա չի արձանագրվել նաեւ հետընթաց: Այսինքն, այն, որ երկու նախագահներն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են շարունակել քննարկումները, հիմք է տալիս ենթադրել, որ բանակցային գործընթացը կշարունակվի, իհարկե, կարելի է ենթադրել, որ հերթական աշխուժացում կարձանագրվի արդեն 2006-ի աշնանը: Նկատի ունեմ, որ ամառը արձակուրդային շրջան է` վերլուծություններ կատարելու անհրաժեշտություն կա»,- մեր զրույցի ժամանակ նշեց Վ.Աթանեսյանը: Նա միաժամանակ փաստեց, որ չի կիսում այն գնահատականները, թե երկու նախագահների հանդիպումները բանակցությունների իմիտացիա են: «Պարզապես պետք է հասկանալ, որ քննարկումներն ընթանում են կարգավորման սկզբունքների շուրջ, եւ այստեղ շուտափույթ համաձայնության գալու հնարավորությունը բացառվում է, քանի որ Ադրբեջանը հանդես է գալիս միջազգային իրավունքի տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությամբ, իսկ Հայաստանը պնդում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Դա երեւի կողմերին այս պահի դրությամբ թողել է որոշակի հեռավորության վրա, եթե ավելին չասենք: Բայց ամեն դեպքում, կարծես թե, խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն առաջնակարգ է դիտվում: Ընդհանուր առմամբ, երկու երկրների նախագահները փորձում են մինչեւ վերջ պաշտպանել իրենց տեսակետները»,- ասել է պատգամավորը: «Իսկ որքա՞ն կշարունակվի նույն իրավիճակը» հարցին նա պատասխանեց. «Իմ կարծիքով, չի կարելի հոռետես լինել, բայց մյուս կողմից. ղարաբաղյան կողմը ենթադրություններ անում է բանակցային գործընթացի ներկա առարկայի շուրջ, այսինքն` սկզբունքների համաձայնության: Այլ բան է, որ մենք դա չենք համարում խնդրի համապարփակ կարգավորում: Ակնհայտ է, որ այսօր փոխզիջման սահմանը` մի կողմից ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի հարգումն է, մյուս կողմից` զինված հակամարտության հետեւանքների վերացումը: Բնականաբար, Ղարաբաղը չի մասնակցում այդ սկզբունքների քննարկմանը: Եվ մենք, երեւի թե, անհրաժեշտություն ունենք մեզ համար որոշարկել, թե բանակցությունների այսօրվա թեմատիկան որքանով է համապատասխանում ԼՂՀ պաշտոնական դիրքորոշմանը, որը հստակեցնելու, որոշարկելու մի փուլ մենք անցել ենք խորհրդարանական լսումների մակարդակով: Առաջիկայում այդ լսումների արդյունքները կամփոփվեն, եւ երեւի ԱԺ աշնանային նստաշրջանում կհրապարակվի ԼՂՀ ԱԺ պաշտոնական տեսակետը` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ»,- ավելացրել է Վ.Աթանեսյանը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով, առաջիկա 7-8 տարիներին Ադրբեջանը ոչ մի քայլ չի ձեռնարկելու, քանի որ նա իր նավթային հիմնական շահույթները կստանա 2012-2015թթ.: Իսկ մինչ այդ, պատգամավորի կարծիքով, մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք` եւ ռազմական, եւ տնտեսական հզորացման առումով:

«Ես չէի էլ սպասում ինչ-որ հաջողության: Դա արդեն իսկ պարզ էր հենց Իլհամ Ալիեւի քաղաքական ղեկավար ընտրվելու առաջին ամիսներից: Նա հայտարարեց, որ հույսը դնում է Ադրբեջանի տնտեսական զարգացման վրա, ինչի շնորհիվ հույս է պահում հետագայում պարտադրանքի միջոցով ստիպել հարցի` հօգուտ Ադրբեջանի լուծմանը, ընդհուպ` նաեւ ռազմական ճանապարհով: Իմ կարծիքով, բանակցությունները ոչ մեկին չեն խանգարում, հատկապես, որ մենք հարցի խաղաղ լուծման կողմնակից ենք: Բայց պետք է գիտակցենք, որ մեր դիմացինը պատրաստ չէ դրան: Հարցի հիմնական լուծումը կախված է մեզանից, մեր տնտեսական եւ հասարակական զարգացումներից, որը կտանի եվրոպական այդ կառույցների կողմից այսօր առաջարկվող քաղաքական կուրսին` քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմանը: ԼՂՀ հարցի լուծման բանալին կախված է առաջին հերթին մեր երկրի դեմոկրատական եւ տնտեսական զարգացումներից»,- այս կարծիքն է արտահայտել Արայիկ Հարությունյանը:

Իսկ քաղաքագետ Դավիթ Բաբայանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նկատեց, որ առաջին հայացքից է թվում, որ Բուխարեստյան հանդիպումները ձախողվել են: «Հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Եվրոպայի որոշ բարձրաստիճան պաշտոնյանների մեկնաբանությունները, կարելի է ասել, որ Բուխարեստում, այնուամենայնիվ, ինչ-որ բան փոխվել է: Որովհետեւ մենք սովորաբար առաջընթաց ասելով` հասկանում ենք ինչ-որ կոնկրետ, համապարփակ փաստաթղթի ստորագրում: Իհարկե, նման փաստաթուղթ չի կարող ստորագրվել, քանի որ այդ ճանապարհին կա մի քանի խոչընդոտ: Առաջինը` դա այն է, որ բանակցությունների ֆորմատը թերի է` այստեղ ներկայացված չէ ԼՂՀ-ն, հետեւաբար որեւէ փաստաթուղթ չի կարող ստորագրվել: Երկրորդն այն է, որ սովորաբար համապարփակ փաստաթղթերը եւ պայմանագրերը ստորագրվում են այն ժամանակ, երբ գոնե հասարակության հետ ինչ-որ աշխատանք է կատարվել: Հասարակությունն ինչ-որ ձեւով պետք է համոզված լինի, որ անհրաժեշտ է այդպիսի փաստաթղթի ստորագրումը, իսկ մեր պարագայում այդպիսի որեւէ աշխատանք չի տարվել: Բացի դրանից, ադրբեջանական լրատվամիջոցներից դատելով, երեւում է, որ երկու նախագահների հանդիպումների միջեւ ընկած ժամանակահատվածում, ընդհակառակը, հակահայկական քարոզչությունն էլ ավելի էր ուժեղանում: Սա նշանակում է, որ այդպիսի առաջընթաց հնարավոր չի գրանցել»,- նշել է քաղաքագետը: Նա նաեւ անդրադարձել է Դանիել Ֆրիդի` տարածքների վերաբերյալ արված վերջին հայտարարությանը, որից երեւում է, որ ադրբեջանական այդ մաքսիմալիստական մոտեցումը` ամեն ինչ կամ ոչինչ, այլեւս չի գործում, եւ միջնորդները հասկանում են, որ ոչ բոլոր տարածքները կարող են լինել բանակցությունների առարկա: «Այս առումով չեմ կարող չնշել Քարվաճառի շրջանի խնդիրը, որովհետեւ այնտեղ սկիզբ են առնում մեր ջրային պաշարների 85 տոկոսը, ինչպես նաեւ` Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սեւանա լիճը: Պարզ է, որ դա չի կարող լինել բանակցությունների «առք ու վաճառքի» առարկա,- նկատել է Դ.Բաբայանը: Նաեւ պետք է ասել, որ Տիգրան Թորոսյանի եւ ԵԽ ԽՎ անհայտ կորածների, փախստականների գծով Ադրբեջանում, Վրաստանում եւ Հայաստանում ներկայացուցչի հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել է, որ իրոք պետք է կողմերի միջեւ` ԼՂ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի, համատեղ ծրագրեր իրականացվեն: Կարծում եմ, որ սա բավականին կարեւոր հայտարարություն է, ինչը նշանակում է, որ միջազգային հանրությունն աստիճանաբար գիտակցում է, որ հնարավոր չէ հասնել կարգավորմանը` միայն վերեւից ճնշում գործադրելով կամ համոզելով նախագահներին, այլ պետք է առաջին հերթին աշխատել հասարակության հետ։ Այսքանից ելնելով, կարելի է ասել, որ Բուխարեստում արձանագրված ձախողումը ցույց տվեց, որ պետք է մեկ այլ տեսանկյունից սկսել մոտենալ կարգավորմանը: Այդ տեսակետից կարելի է ասել, որ Բուխարեստի հանդիպումից հետո գուցե ինչ-որ նորություններ մտցվեն ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում»:

Դ. Բաբայանն ակնկալում է, որ կսկսվեն հասարակության հետ ավելի ինտենսիվ աշխատանքներ, այն էլ` հումանիտար ասպեկտներում` երեք կողմերի միջեւ փոխվստահության մթնոլորտի ստեղծման համար: «Եվ միայն դրանից հետո կարելի է ակնկալել մի ընդհանուր փաստաթղթի ստորագրում, որտեղ կլինեն, ասենք, մոտեցումները` խաղաղ կարգավորում, ուժի չկիրառում եւ այլն: Պետք է նաեւ խոստովանել, որ դեռեւս շատ վաղ է խոսել համապարփակ փաստաթղթի մասին»,- հավելել է նա: