Արդեն պատրա՞ստ է

09/06/2006

Հունիսի 5-ին հայտարարվեց, որ ԼՂՀ Սահմանադրության նախագիծն արդեն պատրաստ է, եւ հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը որոշում է կայացրել նախագիծը ԼՂՀ ԱԺ քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ:

Հարկ է նկատել, որ 15-20 օր առաջ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ փաստում էին, որ պատրաստ են գլխավոր օրենքի նախագծի ընդամենը 2 գլուխները, եւ խոսք անգամ չկար հունիս ամսում սահմանադրության նախագծի պատրաստ լինելու մասին:

Պատգամավորների հետ օրերս ունեցած զրույցներից պարզվեց, որ հունիսին նախագծի պատրաստ լինելու մասին սահմանադրական հանձնաժողովի բոլոր անդամները տեղյակ էին դեռեւս մարտի 16-ից, երբ կայացավ հանձնաժողովի նիստը: Այս մասին մեզ հայտնել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանը, որը մասնավորապես նշեց. «Սահմանադրական հանձնաժողովի մարտի 16-ին կայացած նիստում մենք քննարկել ենք Սահմանադրության առաջին երկու գլուխները: Եվ այդ ժամանակ էլ աշխատանքային խմբի ղեկավարը տեղեկացրել է, որ Սահմանադրությունը գրեթե ամբողջությամբ պատրաստ է: Հանձնաժողովի բոլոր անդամներն իրազեկ են եղել, որ հունիսին Սահմանադրության նախագիծը որպես ԼՂՀ օրենքի նախագիծ պաշտոնապես կուղարկվի ԱԺ քննարկմանը»:

Վ.Աթանեսյանը գործընթացը շտապողական չհամարեց: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող «Ժողովրդավարություն» խմբակցությունը պատրաստ է քննարկել երկրի գլխավոր օրենքը եւ ներկայացնել իր առաջարկությունները: «Մենք չենք բավարարվելու ԱԺ հանձնաժողովի քննարկումներով, օրենքի նախագիծը քննարկվելու է եւ՛ Արցախի ժողովրդավարական կուսակցության կենտրոնական խորհրդում, եւ՛ խմբակցության նիստում»,- ավելացրել է նա:

Սահմանադրության նախագծի քննարկումներ է կազմակերպելու նաեւ «Հայրենիք» խմբակցությունը: Այս մասին մեր թղթակցին հայտնել է խմբակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ամենայն հավանականությամբ, Սահմանադրության ակտիվ քննարկումներ կծավալվեն ԱԺ աշնանային նստաշրջանի ընթացքում: Խորհրդարանականների հավաստմամբ, տարեվերջին նախագիծը կներկայացվի համաժողովրդական քվեարկությանը: