Համաձայնագիր` Վերահսկիչ պալատների միջեւ

09/06/2006

Հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Ստեփանակերտ է ժամանել նախօրյակին, ԼՂՀ Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչների, ինչպես նաեւ` ԼՂՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների հետ։ Հանդիպումը, ինչպես նշեց ԼՂՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Էդուարդ Բարսեղյանը, տեղի է ունենում երկու խորհրդարանների նշված կառույցների համագործակցության շրջանակներում եւ նպատակ ունի ճշտելու փոխգործակցության հետագա զարգացման հնարավորությունները, առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։

ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի խոսքերով, երկու կառույցների համագործակցությունն ընդլայնման ու խորացման, առավել եւս՝ արդյունավետության բարձրացման կարիք ունի։ Հանդիպման արդյունքում որոշվեց այդ համագործակցությունն իրավական հիմքի վրա դնել եւ երկու Վերահսկիչ պալատների միջեւ ստորագրվեց համապատասխան միջպետական համաձայնագիր: ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահի հավաստմամբ, կողմերը կանեն հնարավորը` համաձայնագրում ամրագրված դրույթներն իրականացնելու համար:

Ա.Դ.