Ինխեբա
Ծանոթացանք պրն Ռոզինի հետ շատ անմիջական: Ինխեբայի աշխատակիցն ուղեկցեց էքսպո-կենտրոնի երրորդ հարկ, իմ տպավորությամբ` հյուրասիրությունների սրահը: Հրավիրեցին սեղաններից մեկի մոտ ու խնդրեցին` մի փոքր սպասեմ:
Վստահ էի, երբ նրա խոսակցությունն ավարտվի` ինձ են ուղեկցելու պրն Ռոզինի մոտ, այդքանով էլ միանգամայն հանգիստ շուրջս էի դիտում, պատուհանից բացվող տեսարանը` առանց նկատելու մարդկանց անցուդարձը: Եվ ամենեւին չէի նկատել, թե սեղանի մոտ, ուր ես էի, ինչպես էր նոր անձ ավելացել: Անծանոթ պարոնին ժպտացի ու ոչինչ չենթադրելով` հայացքս շրջեցի: Քիչ անց նորից հայացքս հանդիպեց անծանոթին, եւ այս անգամ տեսնելով, թե ինչպես է ինձ նայելով հանգիստ ժպտում, հանկարծակի ենթադրությունից տարակուսած հարցրի.
– Ներեցեք, պրն Ռոզինը Դո՞ւք եք:
– Նման չե՞մ… Նման չեմ Ռոզինի՞ն, թե՞ նման չեմ պարոնի…
– Պարոնի նման եք, բայց այ, Ռոզինին…
– Ինչպե՞ս է, ավելի մե՞ծ եմ, թե՞ երիտասարդ:
– Ինչպե՞ս ասեմ, իհարկե մեծ չեք, բայց Ինխեբայի ինտերնետային էջի նկարում, որ ես եմ տեսել, կարծես ավելի… Գիտե՞ք ինչ նկար է, երբ Սլովակիայում Թաիլանդի Թագավորության պատվո հյուպատոսություն եք բացել…
– Դե այդտե՜ղ… գիտե՞ք դա քանի տարվա` 13 տարի առաջվա նկար է:
– Այ դա չգիտեի:
– Դե, 13 տարո՜ւմ… դուք էլ, չէ՞, 13 տարի հետո այդպիսի արտաքին չեք ունենա, որ այսօր ունեք:
– Ես հուսով եմ, թե կունենամ:
Ծիծաղեցինք: Անցանք զրույցի. հարցեր, պատասխաններ: Հարցրեց. ցուցահանդեսի տարածքում եղե՞լ եմ: Ասացի, թե ոչ` միանգամից այստեղ են ուղեկցել:
– Եկեք միասին գնանք, տեսեք ցուցադրությունների հարկերը, որպեսզի մի փոքր պատկերացում կազմեք էքսպո-կենտրոնի մասշտաբների մասին:
Երբ սրահներով շրջում էինք, տեսնելով, թե որքան երիտասարդներ են հատկապես մոտոցիկլետների հարկում խմբված, ասացի.
– Գիտեք, չէ՞, Կոմենիուսի համալսարանում համարյա ուսանող չէի տեսնում:
– Որտեղի՞ց պիտի տեսնեիք, նրանք բոլորն այստեղ են:
Վստահաբար, եթե Երեւանում նման մասշտաբային եւ ներկայացուցչական ավտո-ցուցահանդես լինի, ԵՊՀ-ում նույնպես ուսանող չի մնա: Այստեղ մենք Սլովակիայից հազիվ թե տարբերվենք: Բայց կտարբերվենք շատ ավելի էական համեմատություններում: Ինխեբայի տեղեկատվական տաղավարում մի DVD սկավառակ տեսա, Ինխեբայի մասին տեսանյութ էր, հարցրեցի` կարո՞ղ եմ մի օրինակ խնդրել.
– Իհարկե, սա հենց լրագրողների համար է… Պուտին-Բուշ հանդիպման ժամանակ հավատարմագրված լրագրողներին է բաժանվել: Հանդիպումը լուսաբանող տեղեկատվական կենտրոնն այստեղ` Ինխեբայում էր տեղակայված:
– Այդ հանդիպման մասին նախագահ Գասպարովիչն էլ հիշատակեց: Համարյա` որպես վկայություն ներկա աշխարհում Սլովակիայի կշռի…
Պրն Ռոզինը բազմանշանակ ժպտաց:
Արդեն երեւի ժամից ավելի զրուցել էինք, պրն Ռոզինի կշիռը, գործունեության ու շփումների մասշտաբն ինչ-որ չափով պատկերացնում էի, եւ ամենեւին էլ բառեր հարկավոր չէին, որպեսզի կռահեի, թե ով է կուլիսների ետեւում գործել, որպեսզի Բրատիսլավայում ԱՄՆ-ՌԴ նախագահների հանդիպումը կայանա:
Մագդալենա Վաշարյովա
Տկն. Վաշարյովան Սլովակիայի ԱԳՆ Պետքարտուղարն է: Նա ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձը չէ, ում հանդիպել եմ Սլովակիայում, սակայն ամեն կարգի աստիճանակարգություն խախտելով, առաջինը հենց տկն Վաշարյովայի մասին եմ ցանկանում պատմել: Ուղղակի ամենահմայիչ մարդկանցից մեկն է, ում երբեւէ կյանքում հանդիպել եմ եւ վստահաբար` ամենագեղեցիկ կանացից մեկը, ում տեսել եմ նույնիսկ պոդիումի վրա կամ կինեմատոգրաֆում:
Չեմ հիշում, թե առաջին անգամ երբ եմ Ալբեր Քամյուի «Օտարականը» կարդացել, բայց հաճախ եմ մտածել, թե եթե Քամյուն ապրեր եւ տեսներ, ասենք, Քաթրին Դենյովին կամ Իզաբել Աջանիին 60-ամյա հասակում, խղճի խայթ չէր զգա, որ «Օտարականում» 60-ամյա մարդկանց զառամյալ ծերունիներ էր ներկայացրել ու փակել ծերանոցներում: Տկն Վաշարյովային հանդիպելուց հետո արդեն մտածում էի, եթե Քամյուն ապրեր եւ հանդիպեր տկն Վաշարյովային ներկա 58-ամյա հասակում…
Ի դեպ, տկն Վաշարյովան նույնպես դերասանուհի է, բայց թատերական դերասանուհի` բարձրագույն արվեստագիտական կրթությամբ, ուսանել է Կոմենիուսի համալսարանի (Սլովակիայի Մայր բուհն է) Գեղարվեստի ֆակուլտետում: Արտիստական կարիերան սկսել է դեռ ուսանողական տարիներից եւ բեմում է եղել շուրջ 20 տարի, մինչեւ 1989թ.: 1990-93-ին պաշտոնավարել է իբրեւ Չեխոսլովակիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ավստրիայում: Սլովակիայի անկախության հռչակումից Բրատիսլավայում հիմնադրել է Սլովակիայի Արտաքին քաղաքական ասոցիացիան եւ ղեկավարել այն մինչեւ 2000թ.: 2000-05-ին իբրեւ Սլովակիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պաշտոնավարել է Լեհաստանում, 2005-ից զբաղեցնում է Սլովակիայի ԱԳՆ Պետքարտուղարի աթոռը:
Հիշողությանս մեջ մնացել է տկն Վաշարյովայի պատասխանը հատկապես մի հարցի` «Ի՞նչ տվեց անկախության հռչակումը Սլովակիային»: «Այսօր էլ կան մարդիկ, ովքեր կարծում են` այդ անկախության հռչակումը իմաստ չուներ: Կարծում եմ` իմաստ ուներ, բայց ամենեւին ո՛չ Չեխիայից անջատվելու կամ ինքնիշխան լինելու համար: Այլ, որպեսզի մենք գիտակցեինք եւ զգայինք սեփական պատասխանատվություն` վարվող քաղաքականության, կայացվող որոշումների եւ կատարվող քայլերի համար»:
Ահա այդպես, ոչ մի «ժողովրդի դարավոր երազանք», «մաքառումների հանգրվան», «ազգային լինելիության պայման», չգիտես էլ ինչ…
Արժե մեջբերել եւ այն, ինչ Եվրամիությանն անդամակցելու առնչությամբ ասաց տկն Վաշարյովան. «90-ականների սկզբին մեզ թվում էր, թե Եվրամիությանն անդամակցելն ընդամենը մեկ-երկու տարվա խնդիր է, այնինչ գործընթացը տեւեց 10 տարուց ավելի: Եվ դա ճիշտ էր, որովհետեւ ԵՄ-ին անդամակցությունը մեխանիկական քայլ չէ արտաքին քաղաքական հարաբերություններում, այլ` արմատական տեղաշարժ եւ վերափոխում հասարակական կյանքում:
Այսօր Հայաստանն էլ է կանգնած եվրոինտեգրման ճանապարհին: Եվ Սլովակիայի փորձից ելնելով` կարող եմ հավատացնել. անգամ եթե տարիների ջանքեր պահանջվեն ԵՄ-ին անդամակցության համար, դարձյալ արժե այդ ճանապարհն անցնել` եւ՛ հանուն վերջնանպատակի, եւ՛ հանուն ճանապարհին ձեռք բերվող փորձառության»:
Պատահում է, չէ՞, այդպես, որ մարդը հատկապես ինչ-որ ժեստով, դեմքի արտահայտությանբ, կեցվածքով լուսանկարային կադրի նման առհավետ դրոշմվում է հիշողությանդ մեջ: Տկն Վաշարյովան այդպես հիշողությանս մեջ հավերժացել է «Ես դա կասեմ Ավստրիայի իմ դեսպանին…» նախադասությամբ:
Տեր Աստվա՜ծ, ինչպես էր այդ կնոջը սազում ասել. «…իմ դեսպանին»: Որքան մտաբերում եմ տկն Վաշարյովային այդ ֆրազն արտասանելիս` նույն միտքն է առկայծում` հավանաբար հենց այսպիսին են եղել Ավստրո-Հունգարիայի կայսրուհիները, կամ ահա թե ինչպիսին են լինում կայսրուհիները:
Կոմս Գրասալկովիչի պալատը
Այս պալատը ներկայիս Սլովակիայի նախագահական նստավայրն է: Կառուցվել է 18-րդ դարում Արքայական խորհրդի նախագահ, Մարիա-Թերեզա կայսրուհու խորհրդական կոմս Գրասալկովիչի կողմից եւ մեկն է Պրեսբուրգի սքանչելի պալատներից: Ընդհանրապես Սլովակիայի մայրաքաղաքը Պրեսբուրգից Բրատիսլավա է վերանվանվել 20-րդ դարասկզբին, ընդսմին` Հին քաղաքի` Պրեսբուրգի եւ նոր ընդարձակված հատվածների` Բրատիսլավայի թաղամասերի միջեւ համեմատության եզր հազիվ թե գտնվի:
Ներկա Բրատիսլավայի փայլն ու շուքը եղել է, կա եւ մնում է քաղաքի` Պրեսբուրգյան ժամանակներում կառուցված հատվածը` միջնաբերդով, ամրոցներով, բարոկկո ոճի պալատներով, գողտրիկ եկեղեցիներով, ու անթիվ նրբանցքներով` որ ասես այս ու այն կողմ նետված ժանյակ-ժապավեն լինեն: Մնացյալն արդեն Բրատիսլավան է` կառուցված 20-րդ դարում, հար եւ նման աշխարհի մյուս քաղաքներին, առանց որեւէ առանձնակի գրավչության կամ յուրահատկության:
Արտաքուստ ներկա Նախագահական պալատը Պրեսբուրգի գեղեցկագույն պալատը չէ: Արքեպիսկոպոսի ամառային պալատը (ներկա Կառավարության շենք) Ազատության հրապարակում ավելի շքեղ է եւ ընդարձակ, չխոսելով արդեն Համայնքների պալատի մասին, որից դժվարանում ես ընդհանրապես հայացքդ կտրել: 19-րդ դարում այստեղ` Համայնքների պալատում է կնքվել խաղաղության պայմանագիրը Նապոլեոն Բոնապարտի եւ Հռովմեական Սրբազան Կայսրության միջեւ:
Սլովակիայի նախագահական պալատ մտնելու առիթ եղավ մի քանի անգամ: Արդեն գրել եմ, թե որքան էի տպավորված այն հանգամանքից, որ այդտեղ Անվտանգության ծառայություն, աշխատակից, համազգեստ, սարքավորում իսպառ չես տեսնում: Երկրորդը, ինչից տպավորվել էի նախագահական պալատում` սրահների գեղեցկությունն էր: Ընդհանրապես Պրեսբուրգյան պալատներում գիտակցում ես, թե ինչու է Կազանովային Պրեսբուրգը թվացել Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաք:
Նախագահ Իվան Գասպարովիչը Սլովակիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2004-ից: Մասնագիտությամբ իրավաբան է, իրավագիտության դոկտոր: Աշխատանքային կարիերայի ընթացքում եւ՛ վարչական պաշտոններ է զբաղեցրել, եւ՛ թե դասախոսական գործունեությամբ է զբաղվել. դասավանդել է Կոմենիուսի համալսարանում: Հայաստանում եղել է Կոմենիուսի դասախոսի կարգավիճակով, նույնիսկ երկու անգամ` մասնակցելով միջազգային գիտաժողովների:
Հարցազրույցը պրն Գասպարովիչի հետ հունիսին լինելու է հայկական հեռուստաեթերում: 15-20 րոպե տեւողությամբ հարցազրույց է Սլովակիայի անկախության, ԵՄ-ին անդամակցության, Հայաստանի հետ ընդհանրությունների, եւ Հայաստանի` ԵՄ-ին անդամագրվելու հնարավորությունների ու հեռանկարի մասին: Ի դեպ, եթե չեմ սխալվում` կարծեմ առաջին անգամ է, որ հայկական հեռուստաեթերում հարցազրույց կլինի նախագահի հետ, ում երկիրը նախկին ԽՍՀՄ հանրապետություն չէ: Հասկանալիորեն ավելի մանրամասն հարցազրույցին անդրադառնալը նպատակահարմար չէ, այն կլինի եթերում:
Այդուհանդերձ հիշյալ հարցազրույցի եւ ընդհանրապես Սլովակիայի վերաբերյալ մի դիտարկմանս չեմ կարող չանդրադառնալ: Ինչն էր Սլովակիայում հետաքրքիր. սլովակներն, ի տարբերություն մեզ (դա ակնբախ էր` ում հետ էլ զրուցեիր` նախագահից մինչեւ շարքային քաղաքացի), անվերջ հայացքը ետ չեն շրջում ոգեշնչման ակունք գտնելու համար: Ապրումներով ու տեսիլքներով չեն աղավաղում անցյալի իմացությունը, այդքանով էլ նաեւ` ներկայի ադեկվատ ընկալումը, ինչպես մենք:
Մեզ մոտ բնօրինակները չեն
Պրն Գասպարովիչը դասավանդել է Կոմենիուսի համալսարանում: Այդ համալսարանի պատմությունը սկսվում է 15-րդ դարից, երբ Մաթիաս Կորվինուս արքայի հրամանով հիմնադրվել է Ակադեմիա Իստրոպոլիտանան: Մի կարճ ժամանակ գործելուց հետո համալսարանը փակվել է: Վերաբացվել է 20-րդ դարասկզբին, վերանվանվել է Կոմենիուսի համալսարան եւ տեղափոխվել է նոր շինություն: Սակայն Կոմենիուսի համալսարանի դասախոսների հետ զրուցելիս, նույնիսկ եթե ինքդ ասում ես, որ տեղյակ ես` իրենց համալսարանի պատմությունը սկսվում է 15-րդ դարից եւ այլն, ժպտալով ամփոփում են, թե «այո՛, ժամանակագրությամբ այդպես է, սակայն որքան հնարավոր է հին երեւալ մենք չենք ջանում»: Անցյալի հատվածական գոյության շրջաններին չեն անդրադառնում, համարում են, որ համալսարանի պատմությունը սկսվում է 1920-ականներից, եւ բավական է այն, որ իրենք այսօր Սլովակիայի ամենամեծ եւ ամենահայտնի համալսարանն են:
Անցյալը փաստերի ռակուրսով, առանց զգայական գունազարդումների գնահատելու սլովակների հակումը եւս մի օրինակով հաստատելու, եւ «Եվրոպական շրջագայությունների» այս հոդվածաշարը գոնե ավարտին թանգարանային հուշով եզրափակելու համար մեջբերում եմ մի խոսակցություն` Սլովակիայի ազգային պատկերասրահում կայացած:
Կրանախ ավագի գործերի ժամանակավոր ցուցադրություն էր` բերված Պրագայի պատկերասրահից: Հաճույքով դիտեցի, հետո Դյուրերի մի գրավյուրա էի նայում. դա արդեն պատկերասրահի հիմնական ցուցանմուշ էր: Ավելի ճիշտ` ցուցադրված էր ոչ թե փորագրանկարը` փայտի, այլ դրա կրկնօրինակը` թղթի վրա: Աշխատակցուհուն հարցրեցի. «Իսկ չգիտե՞ք, բնօրինակը որտեղ է գտնվում»: «Չեմ կարող ասել, հնարավոր է` Բուդապեշտում: Գիտե՞ք, նույնիսկ արքաների դիմանկարները, որ դիտում եք, բնօրինակ չեն, կրկնօրինակներ են` հիմնականում Բուդապեշտից կամ Պրագայից: Մեզ մոտ օրիգինալներ գրեթե չկան»:
Ահա այդպես` առանց բարդույթների: Թվում է, սա է եվրոպացիների եւ մեր ակնհայտ տարբերությունը:
շարունակելի